ԿարևորՀասարակություն

Աշխատող ուսանողների ֆինանսական հոգսը կթեթևանա՝ ուսման վարձը կփոխհատուցվի

Պոլիտեխնիկական համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի Աստղիկ Խաչատուրյանը զուգահեռ նաև  Սինոփսիս Արմենիայում է սովորում ու միևնույն ժամանակ աշխատում  նույն հաստատությունում։ Ուսման ու աշխատանքի համատեղումը նոր չէ, որ սկսել է։ Ավելին՝ կուրսում շատերն են միաժամանակ աշխատում եւ սովորում, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Աստղիկը։

Աստղիկն ու կուրսեցիները աշխատավարձի մի մասը հատկացնում են ուսմանը։ Զրուցակիցս խոստովանում է, որ ֆինանսական բեռը շատ ավելի կթեթեևանար, եթե, օրինակ, պետությունն էլ իր հերթին կարողանար աջակցել աշխատող ուսանողներին։ Հուրախություն Աստղիկի և բոլոր մյուս աշխատող ուսանողների՝ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ միաձայն կողմ է քվեարկել կառավարության կողմից սահմանված մասնագիտություններով մագիստրատուրայում, առկա ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող և աշխատող ուսանողների եկամտահարկը ուսման վարձի համար փոխհատուցելու մասին երկար սպասված նախագծին.

«Ես գիտեի այդ նախագծի մասին ու սպասում էի, որ կընդունվի, որովհետև մեծ մասը դիմելու է մագիստրատուրա։ Շատ ավելի լավ կլինի, որ եկամտահարկը այդ նպատակին ուղղվի։ Բնականաբար, ֆինանսական հոգսը շատ ավելի կթեթևանա, որովհետև ուսման տարեկան վարձը 500 հազար դրամ է»։

Սկզբնական փուլում նախատեսված է եղել բակալավրիատի ուսանողներին ևս ծրագրում ներառել, սակայն այս փուլում միայն առկա ուսուցմամբ սովորող մագիստրանտներն ու ասպիրանտներն են ներառվելու, խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը.

«Աղքատությունը հաղթահարելու մեր հիմնական գործիքակազմը կրթությունն ու աշխատանքն է։ Հենց այս գաղափարախոսության հիմքում էլ դրել ենք հարկային օրենսգրքում այս փոփոխությունը»։

Նախագծի համահեղինակ Լիլիթ Մակունցն իր հեթին նկատում է, որ սրանով կառավարությունը հնարավորություն կունենա սահմանել այն մասնագիտությունների գծով առաջնահերթությունը, որով ցանկանում է թե՛ բուհերում, թե՛ աշխատանքային շուկայում ունենալ ավելի մեծ ծանրաբեռնվածություն և աշխատանքային ու կրթական հոսքն ուղղել այդտեղ.

«Մեր կատարած վերլուծությունները, նաև վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ այն քաղաքացիները, երիտասարդ քաղաքացիները, ուսանողները, որոնք գտնվում են հենց մագիստրատուրայի ուսանելի փուլում, նրանք ավելի շատ հակված են իրենց կրթությունը ստանալ եվրոպական և արևմտյան կրթական հաստատություններում, որոնք հնարավորություն են տալիս ոչ միայն անվճար սովորելու, այլև հետագայում հենց իրենց մասնագիտությամբ աշխատելու»։

Նախագծի հեղինակները վստահ են, որ այս փոփոխությամբ հնարավոր կլինի  զսպել  արտագաղթի միտումը հենց այս տարիքային շեմում։ Երկրորդ ընթերցումից հետո՝ մարտ ամսին, օրենքն ամբողջությամբ կմտնի ուժի մեջ:

Ցուցադրել ավելի
Back to top button