ԿարևորՀասարակություն

Քանանյանը բանակցություններից գոհ է, բայց շարունակում է հացադուլը

Քարվաճառի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի պահանջները մասամբ բավարարված են, Արցախում ՀԷԿ– երի շինարարությունը դադարեցված է։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ուղեւորվում է Ստեփանակերտ՝ պետնախարարի հետ հանդիպման համար։ 

Հացադուլը կդադարեցնի Ստեփանակերտում բանակցություններից հետո, եթե պահանջները կատարվեն, հակառակ դեպքում Քանանյանը վստահեցնում է, որ  հանրային դիմադրության կոչով կդիմի արցախցիներին։ Պահանջների մասնակի կատարումը հիմք չէ հացադուլը դադարեցնելու համար՝ ասում է։

«Պահանջը հետեւյալն է՝ ձեւավորվի մասնագիտացված հանձնաժողով՝ փորձագետների, էներգետիկների, բնապահպանների մասնակցությամբ, որը  մի քանի ամսվա ընթացքում եզրակացություն կներկայացնի ՀԷԿ–երի գործարկման մասին։ Պահանջ է դրվում նաեւ, որպեսզի շինտեխնիկան հեռացվի ՀԷԿ–աշինության տարածքից»։

Մինչ այդ՝ Քանանյանի հացադուլին արձագանքել է Ենոքավանցի Արտակ Չիբուխչյանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է, որ Ալեքսանդր Քանանյանը  իրականացրել է, իրականացնում է և իրականացնելու է Քարվաճառում ապրելու իրավունքը։ Տարածքն առանց ապրողի առ ոչինչ է։

Արձագանքել է նաու Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Նա գրել է, որ մտահոգված է  Քանանյանի առողջությամբ  եւ վստահեցնում է, որ կանի հնարավորը  իրավիճակից ամենաարդյունավետ ելքը գտնելու համար։

«Ալեքսի հացադուլի առաջին օրվա երեկոյան մեկնել եմ Քարվաճառ և մինչև ուշ գիշեր նրա հետ քննարկել թե՛ առողջական վիճակի հետ կապված հարցեր, թե՛ իրավիճակի հանգուցալուծման ուղիներ»,- գրում է Արցախի ԱԳՆ–ն։

Բանակցություններն ավարտված չեն, պետնախարար Գեորգի Մարտիրոսյանը  դեռ պետք է ներկայացնի Արցախի քաղաքական ղեկավարությանը Քանանյանի պահանջները։ Երբ ձեռք բերվեն հստակ պայմանավորվածություններ, նա կդադարեցնի հացադուլը։ Պայմանավորվածություն նա ակնկալում է մեկ–երկու օրվա ընթացքում։

Back to top button