ԿարևորՀասարակություն

Պոլիէթիլենային տոպրակներից հետո կարգելվի նաեւ մեկանգամյա օգտագործման սպասքը

Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի 2022 թվականից։ Դրանք էական վնաս են հասցնում Հայաստանի բնությանը, հետևաբար՝ նաև մարդու առողջությանը։ Մեր երկրում տեղական սպառվում է  4000 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որոնց 30 տոկոսն կկրճատվի ՝ օրենքը գործելու հետո։  

Շրջակա միջավայրի նախարարության առաջարկած օրենսդրական փոփոխությունը 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի։

«Առևտրի  և  ծառայությունների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» շրջակա  միջավայրի նախարարության կողմից ներկայացված օրենքի համաձայն՝  առաջարկվում է  թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող  պարկերի և երկրորդային հումքից արտադրված պարկերի և տոպրակների) օգտագործման ծավալների կրճատմանն ուղղված իրավական կարգավորումներ մտցնել, պարզաբանում է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը.

«Արգելքը սահմանվում է մինչև 50 միկրոն տոպրակների վրա։ Երկրորդ կարևոր դրույթը բացառություններն են։  Առաջին բացառությունը վերաբերում է կշռափաթեթավորման  պարկերին։ Ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ երկրների շուկաներում չկա այլընտրանք, հատկապես սննդի անվտանգության տեսանկյունից այդ բարակ պոլիէթիլենային պարկը կարևոր է։ Եվ երկրորդ բացառությունը ՝ աղբի համար նախատեսված պարկերն են, որոնք  պատրաստված են երկրորդային հումքից»։

Հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների  լայն կիրառումը բնապահպանական խնդիրներ է առաջացրել։ Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են, չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, այսինքն՝ տեւական ժամանակ աղտոտում են միջավայրը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարեկան Հայաստանում սպառվում է 4000  տոննա պոլիէթիլենային  տոպրակ։

Դրանց 90 տոկոսն արտադրված է ՀՀ–ում, ասում է Բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ Լուսինե Ավետիսյանը․

«Մեր առօրյա օգտագործման տոպրակները, որոնք, օրինակ, տրամադրում են սուպերմարկետներում , մինչև 35 միկրոն հաստություն ունեցող տոպրակներն են։  Դրանց թիվը տարեկան կազմում է 4000 տոննա ։ Այսինքն՝  մենք մոտ 30 տոկոսով կրճատում ենք ։ Հաշվարկը հետևյալն է. մեկ տնային տնտեսությունը օրական միջին հաշվարկով օգտագործում է մեկից  երկու տոպրակ, որոնք  արդյունքում դառնում են  թափոն»։ 

Թե  որն է լինելու այլընտրանքը, Լուսինե Ավետիսյանը պատասխանեց․

«Այլընտրանքը լինելու են  թղթե, կտորե  տոպրակները, որոնք այսօր էլ վաճառում են։ Իրականում՝ սպառողի վրա  ֆինանսական շատ մեծ ազդեցություն չի ունենալու, որովհետև այսօր էլ տոպրակի համար վճարում ենք։ Եթե գումարային վերցնենք՝ բազմակի օգտագործման տոպրակները որքա՞ն ժամանակ կարող ենք օգտագործել։ Իրականում սպառողի վրա մեծ խնդիր չի լինելու, այստեղ ուղղակի մշակույթի ձևավորման հարցն է»։

Երկու տարին բավականին ժամանակ է թե՛ հասարակությանը պատրաստելու, թե՛ տնտեսվարողներին ՝ իրենց ձեռքի տակ եղած տոպրակները սպառելու համար, կարծում են ոլորտի պատասխանատուները։ Այսուհանդերձ, սա  մշակույթ է, որը պետք է  ներդրվի հանրության շրջանում։  Պոլիէթիլենային տոպրակներից հետո հաջորդ քայլով կարգելվեն պլաստիկե շշերը և մեկանգամյա օգտագործման համար նախատեսված պարագաները։

Ցուցադրել ավելի
Back to top button