ԿարևորՀասարակություն

Շրջիկ առևտրի թույլտվությունները կարող են տրամադրվել մինչև 3-օրյա ժամկետով

Շրջիկ առևտրի ոլորտը կարգավորող օրենքի նախագիծը, որի նպատակը Երևան քաղաքում շրջիկ առևտրի կետերի հետ կապված հարաբերությունների կարգավորումն է, այսօր Ազգային ժողովում ընդունվել է 74 կողմ և 41 դեմ ձայնով:

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկված փոփոխություններով ու լրացումներով հնարավորություն է տրվում շրջիկ առևտրի թույլտվություններն առանձին վայրերում ավագանու որոշմամբ տրամադրել մինչև 3-օրյա ժամկետով:

«Օրենքում հնարավորություն ենք տալիս, որ թույլտվություններն առանձին վայրերում ավագանու որոշմամբ կարող են տրամադրվել մինչև 3-օրյա ժամկետով` նախապես առաջարկված 1 օրվա փոխարեն: Եվ այդ վայրերում տնտեսավարողներին կթույլատրվի 23:00-ից հետո չտեղաշարժել իրենց մեքենաները, որոնցով իրականացնում են շրջիկ առևտուրը»,- ասել է օրենսդրական փոփոխությունների փաթեթի հեղինակ Սիսակ Գաբրիելյանը:

Նախագծին դեմ է քվեարկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Անի Սամոնյանն իրենց դիրքորոշումը հիմնավորել է՝ ասելով, որ օրինագծում հաշվի չեն առնվում բիզնեսի առանձնահատկությունները, նաև հայեցողական մեծ հնարավորւթյուններ են ստեղծվում քաղաքապետարանի համար:

Տես նաև՝ Առաջարկվում է շրջիկ առևտրի կետերի տուրքը սահմանել 50 հազար դրամ

Ցուցադրել ավելի
Back to top button