ԿարևորՀասարակություն

2019-ին ՊԵԿ-ն ավելի քան 3 մլն դոլարի թմրամիջոց է հայտնաբերել

202 մաքսային իրավախախտման դեպք՝ 2019 թ.-ին։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունն այսօր ամփոփել է անցած տարվա գործունեության արդյունքները։

Վարչության պետ Վարդան Վարդանյանը հիշեցրել է, որ 2018-ին 165 իրավախախտում էր արձանագրվել, ապա նկատել, որ 18-ի համեմատությամբ 2019 թ.-ին մաքսային իրավախախտումների բացահայտումների թիվն ավելացել է 22 տոկոսով։

2019 թ.-ի ընթացքում թվային արտահայտությամբ ավելի քան 3 մլն դոլար շուկայական արժեքով թմրամիջոցներ է ՊԵԿ-ի կողմից հայտնաբերվել։ Վարդան Վարդանյանը տեղեկացրել է, որ թմրամիջոցները կապարակնքվում, ուղարկվում են քննչական վարչություն, որտեղ քրեական գործի ավարտից եւ դատավճռից հետո, այդ թմրամիջոցները ոչնչացվում են։  

Օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ մաքսային հսկողության հետ կապված գործառույթների իրացմամբ արձանագրված իրավախախտումների արդյունքում հայտնաբերված 202 դեպքից 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 56 դեպքով քրեական գործ չի հարուցվել, այլ՝ սկսվել է վարչական վարույթ։ Թե ինչու՞, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանն այսպես պարզաբանեց.  

«Այդ 56 դեպքով, այսինքն՝ մաքսային հսկողությունից թաքցնելու, չհայտարարագրելու եւ ոչ ճշգրիտ տեղեկությունների հայտարարագրման եղանակով ՀՀ ապօրինի ներմուծված 530 հատ բջջային հեռախոսներ են, ավելի քան 5 կգ ոսկյա եւ արծաթյա զարդեր, շուրջ  60  կգ թմրանյութ եւ հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոց եւ այլ ապրանքներ։ Դրանցով արդեն սկսվում է վարչական վարույթ, որի ավարտից հետո, բնականաբար, քաղաքացիները կարողանում են իրենց ապրանքը ստանալ՝ համապատասխան մաքսային տուրքերը, վճարները կատարելուց հետո. տուժ-տուգանքները  վճարելուց  հետո ստանում են իրենց ապրանքները»։ 

ՊԵԿ պաշտոնյայի փոխանցմամբ՝ հայտնաբերված մաքսային իրավախախտումների մեջ գերակշռում են թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքերը։

«142 դեպք, կամ՝ ընդհանուր խախտումների 70 տոկոսը։ Այս երեւույթի դեմ պայքարում մշտապես հսկողություն ենք իրականացնում։ Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, ինչպես բոլորդ գիտեք, որ ՀՀ տարածքը հանդիսանում է տարանցիկ միջանցք ԻԻՀ-ից այլ երկրներ թմրանյութերի փոխադրման համար, խնդիրն ավելի մեծ կարեւորություն է ստանում»։

2019 թ.-ի ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 6 դեպք։ Դրանից բացի՝ հայտնաբերվել են նաեւ Հայաստանի ներսում օգտագործելու համար ապօրինի տեղափոխվող թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր։

«Այստեղ մենք գործ ենք ունեցել հիմնականում միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումների միջոցով, ինչպես նաեւ Իրանից «Ագարակ» պետական սահմանի անցման կետով ներմուծումների հետ»։

85 դեպքը՝ թմրամիջոցների հայտնաբերված դեպքերի 60 տոկոսը, միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներում է հայտնաբերվել։ Առաքումների աշխարհագրությունն էլ ընդգրկուն է. 52-ը՝ ԱՄՆ-ից, 20-ը Ֆրանսիայից, 13-ը՝ Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Իսրայելից եւ Լեհաստանից։

ՄՆ-ից ներմուծված ծանրոցի մեկ դեպքում՝ ԱԱԾ-ի հետ համագործակցությամբ, հայտնաբերվել եւ ձերբակալվել է ծանրոցի իրական հասցեատերը։ Ընդհանուր առմամբ, առգրավվել եւ ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր, այդպիսի նյութեր պարունակող 16500 դեղահաբ ու դեղապատիճ։

«18 թ.-ի համեմատ մոտ 2.5 անգամ ավելացել է առգրավված մեթամֆետամինի, 8 անգամ՝ մեթադոնի, 12 անգամ՝ հաշիշի ու մարիխուանայի եւ 17 անգամ՝ բուպրենորֆինի քանակը»։ 

Ամփոփելով՝ Վարդան Վարդանյանը նաեւ նշեց, որ 2019-ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ մաքսային ծառայության կողմից հայտնաբերված թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի դեպքերի գրեթե կեսը փոստային առաքումների միջոցով ներմուծված դեղամիջոցներն են։ Դրանց մեջ բավականին մեծ թիվ են կազմում ոչ հանցավոր նպատակներով դեղերի տեղափոխումը՝ նախատեսված տարբեր հիվանդություններով տառապող անձանց համար։

ՊԵԿ պաշտոնյան հիշեցնում է, որ օրենսդրությամբ չի թույլատրվում միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով ֆիզիկական անձանց կողմից դեղերի տեղափոխումը, քանի որ դրանց պարունակության մեջ, բնականաբար, հոգեմետ նյութերի կամ թմրամիջոցի առկայությունը հիմք է տալիս սկսելու քրեական վարույթ։ Նման իրավիճակներից խուսափելու համար՝ ՊԵԿ պաշտոնյան հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ առաքումների միջոցով ցանկացած տեսակի դեղամիջոցներ ուղարկելուց եւ ստանալուց։

Ցուցադրել ավելի
Back to top button