ԿարևորՀասարակություն

Կորոնավիրուս․ Մոլորակի արտակարգ դրությունը հետաձգվում է

Չինաստանի Ուհան քաղաքում ի ի հայտ եկած կորոնավիրուսի վարակի բռնկման հետ կապված Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը   Ժնևում արտահերթ նիստ  էր գումարել։ Ինչպիսի որոշում է կայացվել  երկօրյա քննարկումների արդյունքում։ Արդյո՞ք նորահայտ վիրուսը սպառնում է Հայաստանին։ 

Նոր տեսակի  կորոնավիրուսն արդեն հայտվել է Չինաստանի  սահմաններից դուրս,  վարակման դեպքեր են արձանագրվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում, վարակման կասկածանքով դեպքեր են գրանցվել Սինգապուրում, Հոնկոնգում և Ավստրալիայում:

Երկօրյա փակ նիստից հետո Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշեց` նոր կորոնավիրուսի տարածման հետ կապված աշխարհում արտակարգ իրավիճակ չի հայտարարվի։

«Ռադիոլուրի» հետ զրույցում Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ  Լիլիթ Ավետիսյանը աշեց.  «Որոշում ընդունվեց չհայտարարել միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, որովհետև այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են  Չինաստանի իշխանությունների կողմից հիվանդության տարածման և կանխարգելման ուղղությամբ,  գնահատվեցին բավարար»։

Կանխարգելիչ միջոցառումների շրջանակում Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ հայտնաբերվել է կորոնավիրուսը, հայտարարվել է կարանտին։  Իշխանությունները որոշում են կայացրել  չեղարկել Պեկինում անցկացվող բոլոր լայնածավալ միջոցառումները։ Կձեռնարկվեն հիվանդության տարածմանը հակազդելու արտակարգ գործողություններ։ Այդ  նպատակով փակվել են Պեկինի մշակութային օբյեկտները։ Հունվարի 25-ից կփակվի  Գուգուն թանգարանը, որը հայտնի է որպես  Արգելված քաղաք։  12 քաղաքներ հայտարարել են նաև  տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր դադարի  մասին: Վարակի տարածումը կանխելու նպատակով  ԱՀԿ –ն հրահանգել է այլ պետություններին ևս հետևել անհրաժեշտ կանոններին։ Հիմնականում դրանք վերաբերում են հիգիենիկ միջոցառումներին,  օդանավակայաններում հիվանդների հայտնաբերմանը։

Ինչպես նշում է Լիլիթ Ավետիսյանը, վիրուսը նոր է, դեռ հետազոտությունների փուլում է , բայց որոշ բաներ արդեն պարզվել են․ «Վիրուսի գենետիկ հետազոտությունը պարզել  է, որ կորոնավիրուսի ծագման գործում էական դեր են կատարել օձերն ու ծովամթերքը»։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էին բժիշկները, հիվանդությունը կարող է փոխանցվել մարդուց մարդուն, սակայն այս եզրահանգումը ևս վերջնական չէ։ Ինչպես ցանկացած այլ երկիր, այնպես էլ Հայաստանը, զերծ չէ վիրոսի ներթափանցման վտանգից։ Ինչպես նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ներթափանցման վտանգը կանխելու համար։ Կորոնավիրուսի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով սահմանը փակելու կամ ուղևորահոսքը սահմանափակելու կարիք նախարարը չի տեսնում։

 «Մենք խորությամբ տեղյակ ենք իրադարձություններին, որոնք սկսվել են Չինաստանում: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ինտենսիվ քննարկումներ և հետազոտություններ են ընթանում միջազգային մակարդակով: Մեր մասով կարող եմ ասել, որ տեղի է ունենում ժամանող ուղևորների ջերմաչափում: Այս պահին արձանագրված դեպքեր չունենք: Դեռ սահմաններ փակելու կամ ուղևորահոսքեր սահմանափակելու կարիք չունենք»:

Լիլիթ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ դիվանագիտական խողովակներով, Չինաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ առողջապահության նախարարությունն աշխատում է վիրուսին առնչվող  թեստերի ձեռքբերման ուղղությամբ, որպեսզի դրանք ուսումնասիրվեն նաև տեղական համապատասխան լաբորատորիաներում։ Մինչ հիվանդության ամբողջական պատկերն ունենալը, առողջապահության ոլորտի ներկայացուցիչը պարզապես հորդորում է․

«Խուսափել դեպի Չինաստան ուղևորություններից, հիվանդների հետ շփումից, հետևել հիգիենային»։

Մեկ այլ կարևոր ցուցում ևս՝ չօգտվել  չինական սննդից՝ Չինաստանում, թե այլ երկրի չինական սննդի օբյեկտներում։ Մասնավորապես՝ չօգտագործել   օձ ու ծովամթերք։

Ցուցադրել ավելի
Back to top button