ԿարևորՀասարակություն

Կբացահայտվեն իրական սեփականատերերը, ՀԷՑ- երի օտարման օրինակը չի կրկնվի

Գործող իշխանությունը մտադրվել է բացահայտել ընդերքի եւ հանրային ռեսուրսներին տիրապետող իրական սեփականատերերին։ Այդ նպատակով ԱԺ–ում առաջին ընթերցմամբ  քննարկվել է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը։

Սրանով պետք է բացահայտվեն ՀԷԿ–երի սեփականատերերը։ Վերջերս նմանատիպ փոփոխություններ մտցվել էին նաեւ «Ընդերքի մասին» օրենքում եւ այս կարգավորումներով արդեն հունվարի վերջին պետք է հայտնի դառնան հանքերի իրական բաժնետերերի անունները։  

Օրենքի նախագիծը, որը քննարկվեց խորհրդարանում, ըստ էության առնչվում է նախկին իշխանությանը։  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը չթաքցրեց խորհրդարանական մեծամասնության իրական նպատակները․

 «Այս դահլիճում եղել են շատ մարդիկ, որոնք ուղղակիորեն տիրապետել են բնական ռեսուրսների կամ ՀԷԿ–երի։ Անցել են այդ ժամանակները եւ մենք հաշվետու ենք մեր քաղաքացիների առաջ, մենք օրենքով ամրագրում ենք, որ այդ թափանցիկությունը լինի»։

«Ընդերքի մասին» օրենքում արդեն արված են համապատասխան փոփոխությունները, հունվարի 31–ին լրանում է ժամկետը, երբ առաջին անգամ պետք է ներկայացվեն հանքատերերի անունները։ Այժմ պատգամավորները նույն չափանիշները ցանկանում են ներդնել «Էներգետիկայի մասին» օրենքում, որպեսզի նույն սկզբունքով բացահայտվեն նաեւ ՀԷԿ–երի՝ 10 տոկոսից ավելի բաժնետոմսերի իրական սեփականատերերը։ Պատգամավորների առաջարկի եւ կառավարության մտադրությունների միջեւ չկա գաղափարական տարաձայնություն, պարզապես գործադիրը ժամանակ է խնդրում համապատասխան մեխանիզմները ներդնելու համար։

 « Հանքարդյունաբերողների օրենքի վերջնաժամկետը սահմանվել է հունվարի 31–ը։ Համոզված եմ, որ այդ ժամկետին մենք արդեն իսկ կունենանք ներդրված մեխանիզմներ, բայց կառավարության առաջարկը հետեւյալն է, որ այդ մեխանիզմը աշխատի, բացահայտվեն մեխանիզմում գոյություն ունեցող բացերը։ Կառավարությունն առաջարկում է այս փուլում ձեռնպահ մնալ նման նախաձեռնության ընդունումից եւ սպասել որոշակի ժամանակ՝ 1–2 տարի, մինչեւ կառավարությունը հանդես կգա նախաձեռնությամբ համալիր՝ ամբողջական փոփոխություններ իրականացնել եւ այս ինստիտուտը ներդնել բոլոր ոլորտներում, որպեսզի հատվածական լուծումներ չունենանք»,–ասաց  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Ժամկետների առումով կառավարության առաջարկն այդքան էլ չի հետաքրքրում պատգամավորներին։ Նրանց քննարկումներն ավելի բովանդակային են նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու միտումով։ Խորհրդարանական մեծամասնության մաս չկազմող որոշ պատգամավորներ նույնպես կողմ են իրական սեփականատերերին բացահայտող կարգավորումներին։ Ավելին՝ ԲՀԿ–ից Սերգեյ Բագրատյանը անիմաստ է համարում 10 տոկոսի շեմի սահմանումը, իսկ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կոնկրետ օրինակով է հիշեցնում հնարավոր վտանգը․

Սերգեյ Բագրատյան․«Պետք է շեմ չունենա, որովհետեւ այս 10%–ը կամ 20%–ը կարող են տրոհել 3 մասի։ Այս տրոհումն արգելելու միակ ձեւը շեմ չհաստատելն է։ Տարիների ընթացքում միշտ օֆշորում գրանցել են ընկերություններ եւ փակ ձեւով կոնկրետ մարդիկ կոնկրետ «սեւ փողերով» կարողացել են մեր հանքարդյունաբերության ոլորտում, էներգետիկայի ոլորտում կոնկրետ ներդրումներ անել եւ ունենալ բաժնեմասեր»։

Արման Բաբաջանյան․ «Մենք տեսել ենք «Միդլենդ Ռեսուրսիզ» ընկերության հետ տեղի ունեցածը, որի արդյունքում ապօրինաբար ԲԷՑ–երը սեփականաշնորհվեցին անհայտ մարդկանց, անհայտ օֆշորային գոտում գտնվող ընկերության, որը շատ արագ՝ մեծ գումարով վաճառվեց ռուսական ընկերության։ Այսօր էլ հիմնական բիզնեսի սեփականատերերը կամ բիզնեսները Հայաստանում գրանցված ՀԷԿ–երի եւ այլ էներգետիկ կարողություևնների գրանցված են օֆշորային գոտիներում։ Այստեղ պետք է ավելի հետեւողական եւ ավելի ուշադիր լինենք»։  

«Միդլենդ ռեսուրսիզ»–ի հետ կապված խոշորագույն գործարքի մութ պատմությունները, ի դեպ, մինչ այսօր բացահայտված չեն։ Շատերի համար այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչու Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցերը 2000–ականների սկզբին ընդամենը 12 միլիոն դոլարով վաճառվեցին ոլորտում գործունեության փորձ չունեցող «Միդլենդ ռեսուրսիզ» օֆշորային ընկերությանը, որը մի քանի տարի անց նույն ցանցերն արդեն 80 միլիոն դոլարով վերավաճառեց «Ինտեր ՌԱՕ»  ընկերությանը եւ կրկին տարիներ անց տեղի ունեցավ նույն ցանցերի պետականացման գործընթաց։  

Ոչ միայն կոռուպցիոն, այլեւ ազգային անվտանգության խնդիրներ է այս հարթությունում տեսնում ԲՀԿ–ից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․

«Հարկավոր է, որ կառավարության կազմում ունենանք տնտեսական հետախուզական մի կառույց, որը հստակ պետք է իմանա՝ ում հետ գործ ունենք։ Եթե օֆշորային գոտում գրանցված ընկերություն հայտ է ներկայացնում էներգետիկ եւ հանքարդյունաբերության ոլորտում, մինչեւ իրականան սեփականատերերը չներկայանան, իրավունք չտրվի նրանք լիցենզիա ձեռք բերեն կամ շահագործելու իրավունք ստանան։ Միգուցե մեր թշնամական երկրի կառույցները այդպիսով կարողանում են տեր դառնալ մեր բնական ռեսուրսներին»։    

Նախագծի հեղինակներ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Արտակ Մանուկյանը այս փուլում չեն ցանկանում գնալ զիջումների եւ չեն ընդունում կառավարության գործընկերների առաջարկը՝ նախագծի ընդունումը հետաձգել։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյան․

 «Հակափաստարկները մեզ չբավարարեցին եւ մենք որոշեցինք, որ առաջին ընթերցմամբ սա կընդունենք։ Եթե մինչեւ երկրորդ ընթերցում մեզ կհամոզեն, որ այս օրենքը իրագործելը դժվար է կամ այն ռիսկեր է պարունակում, մենք այդ օրենքը հետ կվերցնենք։ Այդ համաձայնությունը կա»։  

Նախագծի համահեղինակ Արտակ Մանուկյանն ունի իր հաշվարկը։ Օրենքի ուժ ստանալու համար նախագիծը պետք է ընդունվի երկու ընթերցմամբ։ Ակնհայտ է, որ քննարկումները որոշակի ժամանակ կպահանջեն, իսկ այդ ընթացքում արդեն արդարադատության նախարարությունը կհասցնի պարզել, թե հանքատերերին պարզելու հարցում ինչ խնդիրներ ունի գործարկվող մեխանիզմը։

Ցուցադրել ավելի
Back to top button