ԿարևորՔաղաքական

Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Աննա Նաղդալյան

Հ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը՝ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի վերաբերյալ հարցին

Հարց. Այս տարի լրացավ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցը, որի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումները նյարդային արձագանքների արժանացան Ադրբեջանի իշխանությունների, մասնավորապես՝ ԱԳ նախարարության և նախագահի օգնականի կողմից: Ինչպե՞ս կգնահատեք դա:

Պատասխան. Նախ կուզենայի ընդգծել, որ Բաքվի հակահայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվեցին հիշատակի մի շարք կարևոր միջոցառումներ, իսկ միջազգային մամուլում եղան և մինչ օրս շարունակվում են բազմաթիվ հրապարկումներ, որոնք անդրադառնում են Բաքվի հայկական համայնքի բարբարոսական ոչնչացմանը:

Ցավոք, այս տարի ևս Ադրբեջանի իշխանությունների շարունակեցին ուղղակի կամ անուղղակի կերպով Բաքվում 30 տարի առաջ իրականացված հակահայկական ջարդերի կազմակերպիչների և այդ ջարդերն իրականացնողների գործողությունների արդարացումը: Ավելին, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից անօգնական մարդկանց հանդեպ հաշվեհարդար տեսած ջարդարարները հերոսացվեցին` որպես «շահիդներ», իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրեց հայերին Սումագայիթյան եղեռնագործության իրականացման մեջ:

Ադրբեջանական կողմը բանեցնում է բոլոր ոճրագործներին բնորոշ գործելակերպ՝ զոհերին մեղադրելով ոճրագործության մեջ և ժխտելով խաղաղ պայմաններում անզեն մարդկանց հրապարակային և համակարգված ոչնչացման իր պատասխանատվությունը:

Սա ևս մեկ անգամ աներկբա ընդգծում է, որ որևէ պարագայում հայ ժողովրդի որևէ հատվածի անվտանգության պատասխանատվությունը չի կարող վստահվել ադրբեջանական իշխանություններին: Ակնհայտ է, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում և Արցախի ժողովուրդը չի կարող մնալ առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի։

Back to top button