ԿարևորՏնտեսական

Սյունիքում տնտեսական աճ կա, բայց պատկերը գոհացուցիչ չէ

Աճ կա, սակայն պատկերը գոհացուցիչ չէ․ այսպես է Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարը  ներկայացնում 2019-ին մարզի տնտեսական վիճակը։ Հանքարդյունաբերությունը շարունակում է առաջատար ճյուղ մնալ։ Այս տարի էլ նախատեսվում է զարգացնել զբոսաշրջությունը, վերամշակող գյուղատնտեսությունը, ճանապարհաշինությունը։

Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը ներկայացնում է մարզի  տնտեսության նախնական որոշակի տվյալները. «Հանքարդյունաբերությունը 16․3 տոկոս աճ է գրանցել, մշակող արդյունաբերությունը նույնն է մնացել, էլեկտրականության, գազի, գոլորշիով  լավագույն օդի մատակարարում՝ 106․7 տոկոս, ջրամատակարարումը նույնն է»։

Նշում է` Սյունիքի տնտեսական ողնաշարը հանքարդյուանբերությունն է, որի տեսակարար կշիռը գրեթե բոլոր տարիներին աճ է գրանցում, սակայն սա չի նշանակում, որ տնտեսության մյուս ոլորտները պետք է ստվերում մնան։ 

«Խնդիր է, երբ հանքագործական արդյունաբերությունը մեծ տեսակարար կշիռ ունի։ Այդ մեծ տեսակարար կշիռը պետք է փոքրացնել, բայց ոչ ծավալները նվազեցնելով, այլ մնացած ճյուղերի արտադրանքը ավելացնելով»։

2019-ին, ի տարբերություն  2018-ի, արդյունաբերական արտադրանքի ծավալի մոտ 15%  աճ է գրանցվել՝ մոտ 350 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով։  Էդգար Մարտիրոսյանը նշում է՝ կառավարությունը մեկնարկ տվեց մեկ կարևոր բիզնես ծրագրի, խոսքը սպանդանոցներին է վերաբերում։ 

«Անցնում ենք սպանդանոցային մորթի։ Խնդիր է մեզ համար այն պարզ պատճառով, որ մարզում դեռ միայն Կապանում կա սպանդանոց, այն էլ մեկ հատ։ Բայց նախատեսվում է բացել նաև Սիսիանում, Շինուհայրում, Տեղում՝ երկու հատ»։ 

Նախնական տվյալներով թեև վճարովի ծառայությունների ծավալի որոշակի անկում է գրանցվել, այնուհանդերձ զբոսաշրջության տեսանկյունից աճ է նկատվում։ 

«Թե զբոսաշրջիկների թվաքանակի աճ, թե այդ աճով պայմանավորված նաև եկամուտների գեներացման աճ ունենք։ 400 հազար զբոսաշրջիկների այց է գրանցվել մարզ։ Սակայն պաշտոնական վիճակագրության հետ կապված խնդիրներ կան․ մարդիկ, որոնք գալիս են առանց գիշերակացի, մեկ օրով ու հետ են վերադառնում, լինի օտարերկրացի, թե ներքին զբոսաշրջիկ, մենք չենք կարող իրենց որպես զբոսաշրջիկ հաշվառել, քանի որ զբոսաշրջության մասին օրենքով զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը մշտական բնակության վայրից դուրս անցկացնում է առնվազն մեկ գիշերակաց»։ 

Մասնագետի գնահատմամբ` 2019-ը աննախադեպ էր հատկապես սուբվենցիոն ծրագրերի քանակով ու հատկացված գումարի չափով․ 2018-ի 450 միլիոնի փոխարեն 2019-ին 3 միլիարդ 750 միլիոն դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել։ 

«ՀՀ համայնքների տնտեսական ու սոցիալական ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիաների ծրագիրը, որն արդեն երրորդ տարին է իրականացվում է հանրապետությունում, համայնքներում կապիտալ շինարարություն բերեց։ Դրանց հավելենք մեգանախագիծը` Կապանի օդանավակայանի կառուցումը, նաև իրականացվող լայնածավալ ճանապարհաշինարարություն»։ 

Հարցերին, թե «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես ֆորումը ի՞նչ էր իրենից ենթադրում, ի՞նչ տվեց, կան արդյո՞ք հաջող մեկնարկներ, պատասխանում է․ «Նպատակ ուներ փորձել համախմբել մարզում առկա բիզնես պոտենցիալը և առաջարկի, և պահանջարկի առումով։ Այսինքն` հարթակ ստեղծել, մի տեղ հավաքել այն մարդկանց, որոնք ունեն որոշակի բիզնես գաղափարներ կամ արդեն իրականացնում են որոշակի բիզնես մտահղացումներ, բայց վերջնական իրականացման համար չունեն համապատասխան միջոցներ։ Ինչպես նաև հրավիրել այն մարդկանց, որոնք ունեն այդ ֆինանսական միջոցները և կցանկանան ներդնել ոչ թե բանկում որպես ավանդ, այլ բիզնեսի մեջ, դրանից ակնկալելով ավելի մեծ շահույթ։ Այդ ծրագրերից մեկն արդեն իրականացման փուլում է։ Խոսքը Տաթևի «Զիպլայնի» կառուցուման մասին է։ Ֆորումի արդյունքում կնքված հուշագրի համաձայն` Կապանում անցած տարի երկու նոր «Արմաթ» լաբորատորիա կառուցեցինք»։ 

Էդգար Մարտիրոսյանի խոսքով` տնտեսական աճը նկատելի էր 2019-ին, սակայն պատկերը գոհացուցիչ չէ, քանի որ, թե՛ 2018-ին, թե՛ 2019-ին տնտեսական առումով, հատկապես  բիզնես ոլորտի համար, սպասողական տարի էր, բոլորը փորձում էին հասկանալ, թե ո՞ւր է գնում երկիրը, բայց 2019-ին ստեղծված նախադրյալները հիմք են տալիս հստակեցնելու բիզնես ծրագրերը։ Նախատեսվում է զարգացնել  զբոսաշրջությունը, վերամշակող գյուղատնտեսությունը, ճանապարհաշինությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button