«Պատրաստ եմ նպաստել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև երկխոսության կայացմանը». Արտակ Բեգլարյան


ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր միջնորդությամբ երկխոսություն է սկսվել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև, որը հացադուլ է հայտարարել Շահումյանի (Քարվաճառի) շրջանի ՀԷԿ-երի շինարարական աշխատանքների դադարեցման ու ընդհանրապես ՀԷԿ-երի հանդեպ վերահսկողության բարձրացման պահանջներով:
«Կառավարությունից ինձ հավաստիացրել են, որ արդեն դադարեցված են շինարարական աշխատանքները, և կառավարությունը պատրաստ է կառուցողական քննարկումների ու համագործակցության: Ես էլ պատրաստ եմ հնարավորինս նպաստել կառավարության և Ալեքսանդր Քանանյանի միջև կառուցողական երկխոսության կայացմանը՝ հույսով, որ դա կհանգեցնի Ա.Քանանյանի հացադուլի դադարեցմանը, քաղաքացիների իրավունքների պատշաճ իրացմանը, բնապահպանական հարցերում հանրային ու պետական վերահսկողության և էներգետիկայի համակարգի արդյունավետության բարձրացմանը:
Նաև առողջապահության նախարարությանը տեղեկացրել եմ Ա.Քանանյանի հացադուլի մասին՝ խնդրելով պատշաճ ուշադրության տակ պահել նրա առողջությունը: Բժիշկն արդեն այցելել է նրան, կատարել համապատասխան զննություններ և արձանագրել, որ դեռևս որևէ խնդիր չկա այդ առումով:
Հ.Գ. Քարվաճառի դպրոցականներին եղբայրաբար հորդորում եմ իրենց պահանջները հնչեցնելու նպատակով զերծ մնալ դասադուլ կազմակերպելուց. ձեր կրթությունը կարևոր արժեք է բոլորիս համար, սիրելի՛ երեխաներ»,- գրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը: