ԿարևորՀասարակություն

Հուսալի՞ են արդյոք երևանյան կամուրջները

Երևանի քաղաքապետարանի կարևորագույն գործառույթներից է կամուրջներն ու կամրջային կառուցվածքները մշտապես աշխատանքային վիճակում պահելն ու նաեւ քաղաքային միջավայրում  դրանց անհրաժեշտ գեղագիտական տեսքը ապահովելը: Կամուրջների վրա այս կամ այն տեսակի աշխատանքի իրականացումն ի հայտ է գալիս մասնագիտական ուսումնասիրության արդյունքում: Թեև վերջին տարիներին կապիտալ վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել, քաղաքապետարանից հավաստիացնում են, որ բոլոր կամուրջներն անվտանգ են, դրանք ամենօրյա ուսումնասիրման են ենթարկվում և թերություն հայտնաբերելուց անմիջապես վերացվում։ Թե որքանով են դիմացկուն մեր կամուրջները հատկապես ներկա երթևեկության և ծանրաբեռնվածության պարագայում, ինչպես են դրանց ամրությունը գնահատում մասնագետները և ինչ ինտենսիվությամբ պետք է դրանք վերանորոգվեն մեր ռեպորտաժում։

Կամուրջներն իրենց վրա են կրում տարբեր ծանրաբեռնվածություն, ենթարկվում են եղանակային պայմաններին, կարող են վնասվել երթևեկության ինտենսիվությունից և ավտոմեքենաների ցնցումներից, և գալիս է ժամանակ, երբ հարկավոր է լինում նորոգել դրանք: Երևանում այսօր շահագործվում է ավելի քան 70 կամուրջ՝ այդ թվում վերգետնյա անցումներ։ Վերջին մի քանի տարիներին կամուրջների շահագործման և սպասարկման նպատակով քաղաքապետարանի կողմից հատկացվում է 90 մլն դրամ, «Ռադիոլուրի» հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի շինարարության բարեկարգման վարչության պետի տեղակալ Էդուարդ Շաքարյանը․ «Այս տարի մեր բյուջեով նախատեսված է Արարատյան էստակադայի կապիտալ վերանորոգում, այսօրվա դրությամբ ամենամեծ նորոգման կարիքն այդ էստակադան ունի»։

Երևանում շահագործվող բոլոր մյուս կամուրջներն այժմ բարվոք  վիճակում են, հավաստիացրեց զրուցակիցս։ Իհարկե, հիմնական կամուրջները երեքն են՝ Դավիթաշենինը, Կիևյանն ու Հաղթանակի կամուրջը։ Կապիտալ վերանորոգման վերջին տարիներին միայն Դավիթաշենի կամուրջն է ենթարկվել։ Հերթում այժմ Հաղթանակի կամուրջն է։ Համապատասխան հետազոտություններից հետո առաջիկա տարիներին հնարավոր է նաև այս կամուրջի կապիտալ նորոգում իրականացվի։ Ինչ վերաբերում է Կիևյանին, այն վերջին անգամ 2005 թվականին է փակվել վերանորոգման համար ու այժմ իրավիճակը վերահսկվում է ամենօրյա ուսումնասիրություններով։ Թերությունների հայտնաբերման դեպքում տեղային վերանորոգման աշխատանքներ են կատարվում։ Հաշվի առնելով այսօրվա երթևեկությունը` մեքենաների քանակն ու խցանումներ, որքանով են նման ծանրաբեռնվածությանը դիմանում մեր հիմնական կամուրջները։ Արդյո՞ք դրանք կառուցելիս հաշվի է առնվել այս բոլոր ռիսկերը, թե ժամանակի ընթացքում նաև կամրջաշինության պահանջներն են փոխվել․ «Անվտանգ է, բայց այդ հարցը ավելի ճիշտ կլինի ուղղեք Կամուրջշինին։ Նա կարող է մասնագիտական կարծիք հայտնել»։

Որքան էլ զարմանալի է, «Կամուրջշինից» պարզապես հրաժարվեցին մեզ մասնագիտական կարծիք հայտնել, ուստի մասնագիտական  կարծիքի հետքերով դիմեցինք մասնագիտական բուհ։

Կամուրջները, որոնք կառուցվել են Խորհրդային Միության տարիներին կամ ավելի շուտ, հաշվարկված են եղել ժամանակակից տվյալներով։ Ժամանակները փոխվել են, հետևաբար նաև կամուրջների ծանրաբեռնվածությունն է այլ։ Թե որքանով են հուսալի մեր քաղաքային կամուրջները, ճարտարապետաշինարարական համալսարանի ճանապարհներ և կամուրջներ ամբիոնի պրոֆեսոր Ռոբերտ Ազոյանը դժվարանում է հստակ գնահատական տալ։ Մասնագիտական եզրակացություն հնարավոր կլինի տալ միայն մանրամասն ուսումնասիրություններից հետո, ասում է։ Հատկապես պետք է ուսումնասիրվեն մեծ և առավելագույնս ծանրաբեռնված կամուրջները, ասում է զրուցակիցս։

«Պետք է կատարվեն փորձնական աշխատանքներ, որոնք այժմ Հայաստանում  պրակտիկորեն չեն կատարվում։ Ուսումնասիրություններ անընդհատ պետք է կատարվեն, բայց այս կամ այն պատճառներով հիմնականում ֆինանսների բացակայությամբ պայմանավորված չեն  կատարվում։ Նախկինում կար մի դրույթ, որ ամեն հինգ տարին մեկ մեծ կամուրջները պետք է հետազոտվեին, այժմ այդ պահանջը որպես այդպիսին չկա։ Համենայն դեպս` ոչ ոք դա չի անում։ Դա թանկ և աշխատատար գործ է, բայց միևնույն ժամանակ, գոնե ժամանակ առ ժամանակ, այդ ծախսերը պետք է հոգալ։ Հետազոտումները շատ կարևոր են ու անհրաժեշտ։ Միևնույն ժամանակ, եթե երևացող դեֆեկտներ կան,  դրանք կարելի է ուղղել»։

Կամուրջ կառուցելուց առաջ ճարտարագետները հաշվարկում են նրա կառուցվածքն այնպես, որ այն դիմանա և՜ իր կշռին, և՜ նախատեսված ծանրաբեռնվածությանը։ Այդուհանդերձ դրանք նաև ընթացքում պետք է նորոգվեն։ Կամուրջների նորոգումը պահանջում է մասնագիտացած և պատասխանատու մոտեցում, ուստի հարկավոր է այդ աշխատանքը վստահել միայն փորձառու մասնագետներին, իսկ նորոգման բարդություններից ու ավելորդ ծախսերից խուսափելու համար անհրաժեշտ է մշտապես հետևել կամրջի վիճակին, վերացնել ընթացիկ խնդիրները:

Ցուցադրել ավելի
Back to top button