ԿարևորՏնտեսական

Հողային ռեֆորմ՝ Հայաստանում

Հայաստանում հողային ռեֆորմ կիրականացվի։ Կառավարությունը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա ու երկար տարիներ չմշակվող հողերը վարձակալությամբ կտրվեն նրանց, ովքեր կցանկանան  մշակել դրանք։ Հայաստանում նաև հողի գործակալություն կստեղծվի։ Այն  լուծելու է հողերի կառավարման հետ կապված բոլոր խնդիրները, ֆինանսավորվելու է պետական բյուջեից։

Հայաստանում նաև  գյուղատնտեսական  նշանակության հողերի  էլեկտրոնային քարտեզներ կստեղծվեն  Օրենսդրական կարգավորումներով` երկար ժամանակ   չօգագործված հողը վարձակալության կտրվի, սեփականատերն էլ վարձավճար կստանա։

Հայաստանը հողային նոր ռեֆորմի շեմին է։ Այն դրված է գյուղատնտեսության զարգացման ռազմավարության հիմքում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2018 թվականին նպատակային օգտագործվել է հանրապետության վարելահողերի միայն կեսը (54.5 %-ը)։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով, առաջինը` գյուղատնտեսական  նշանակության հողերի  էլեկտրոնային քարտեզներ կստեղծեն․ «Առաջարկենք այն էլեկտրոնային հարթակների ձևավորումը, որտեղ հողատերերը կկարողանան համագործակցել նրանց  հետ, որոնք կցանկանան համագործակցել իրենց հետ»։

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն առաջարկում է իրենց հնարավորություն տալ քարտեզագրում իրականացնել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց  գյուղատնտեսական նշանակության հողերի  մի մասի սեփականատերերը նույնիսկ ՀՀ–ում չեն. «Որպեսզի մենք խոսենք այդ մարդկանց հետ, նրանց խնդրենք, համոզենք, որպեսզի այդ հողերը վարձակալության տան»։

Օրենսդրական կարգավորումներ կլինեն, որպեսզի եթե հողը երկար ժամանակ չի օգատգործվում, օրենքի ուժով վերցնեն վարձակալության համար, պետությունը այն հանձնի տնտեսվարողներին, որոնք պատրաստ կլինեն մշակել այն։

«Մենք չմշակվող հողը դարձնում ենք մշակվող` սեփականատիրոջը վճարելով որոշակի գումար։ Սա ամենասկզբունքային փոփոխություններից է։ ՀՀ–ում բախվում ենք հողի սեփականաշնորհման որոշ հետևանքների հետ»։ 

Փաշինյանը պարզաբանում է ՝ հողերը կտրտված են, ընդարձակ տարածքներ չկան։ Եթե ներդրողին  անհրաժեշտ լինի 20 հա հող, դժվար կլինի գտնել։ Սեփականատերերի մի մասը մահացած է, մի մասի  ժառանգները հայտնի չեն, մյուս մասն էլ հանրապետությունում չէ․ «Միևնույն տնտեսվարողը, որը 1 հա հող ունի, բայց հողերը հեռու են իրարից երբեմն 20 կմ։ Պատկերացրեք, թե ինչպես պետք է մշակի այդ հողերը»։

Նշված խնդիրները  լուծելու համար հողերի խոշորացում է պետք իրականացնել, հողի գործակալություն ստեղծել։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը «Ռադիոլուրին» պարզաբանեց՝  գործակալությունը աշխատելու է էկոնոմիկայի նախարարության կազմում, լուծելու է հողերի կառավարման հետ կապված բոլոր խնդիրները, ֆինանսավորվելու է պետական բյուջեից։  

Ցուցադրել ավելի
Back to top button