ԿարևորՀասարակություն

Երեւանի օդում փոշու պարունակությունն ավելացել է 1.5 անգամ

Շրջակա միջավայրի մոնիթորինգի կենտրոնը  մայրաքաղաքում դիտարկումներ է իրականացնում  օդային ավազանում։ Արդյունքները մխիթարական չեն։

Մայրաքաղաքում աղտոտվածությունը բավականին մեծ է։ Կանաչապատման ինչ ծրագրեր է նախատեսում քաղաքային իշխանությունը և ինչպես պետք է վերականգնվեն  անտառածածկ տարածքները:

Երևանում տեղակայված 5 դիտակայանների շուրջօրյա դիտարկումների արդյունքները ցույց են տվել, որ  վերջին երեք ամիսներին մայրաքաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը  նախորդ ամիսների  հետ համեմատ ավելացել է 1.5 անգամ։ 

«Բայց այդ ավելացած կոնցետրացիաները տարվա ընթացքում դիտված կոնցետրացիաներին բնորոշ կոնցետրացիաներ են։ Այսինքն` 2019 թվականի ընթացքում մթնոլորտային օդում  փոշու կոնցետրացիան չի ավելացել, սակայն ունենք սահմանային թույլատրելի կոնցետրացիաներից գերազանցումներ։ Սահմանային  թույլատրելի կոնցետրացիան  150 միկրո գրամ  մետր խորանարդ է, իսկ առավելագույն  դիտված  կոնցետրացիաները երեք- չորս անգամ գերազանցել են»։

Ըստ  շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանի՝ մտահոգիչ է  սահմանված թույլատրելի նորմերից  40 տոկոս գերազանցումների թիվը։ Ստացվում է, որ մթնոլորտային օդում  փոշու կոնցետրացիան բավականին մեծ է։ Սակայն տարվա ընթացքում  այն  էականորեն  չի փոխվել։ Մյուս աղտոտիչների՝ ծծմբի  և ազոտի երկօքսիդների մասով  գերազանցումներ չկան։ Եղածներն էլ էպիզոդիկ դեպքեր են, ասում է նախարարության ներկայացուցիչը։

«Քաղաքում համեմատաբար աղտոտված հատվածը Ագաթանգեղոս և Խանջյան խաչմերուկն է, որտեղ դիտակայանում հաճախ ենք ունենում գերազանցումներ»։

Բնապահպան Ինգա Զարաֆյանը կարծում է, որ բերված թվերը չեն արտահայտում այն վտանգը, որն առկա է հանրապետությունում։ Օրինակ է բերում  գաջի  գործարանի  հարևանությամբ ապրողներին, որոնք ամեն օր շնչում են օդն աղտոտող վտանգավոր փոշին։ Բնապահպանը նշում է, որ թեև  չկան ծծմբի  և ազոտի երկօքսիդների մասով  գերազանցումներ, սակայն «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի» հարակից  տարածքներում վտանգավոր արտանետումների էպիզոդները շատ են։

« Դուք մի հատ փորձեք,  երբ արտանետում է լինում, մեկ րոպե այնտեղ  կանգնել»։

Մեր հանրապետությունում չկա  պաշտպանիչ շերտ, որով մարդը կարող է  այդ վատ  աղտոտված  օդը չշնչել։ Կանաչապատ տարածքները Հայաստանում  վաղուց  վերացել են։ Էկոլոգիական վատ վիճակի մասին  բարձրաձայնեց  նաև  ԲՀԿ ավագանու անդամ Հռիփսիմե Առաքելյանը, շեշտեց` 90–ականներին սկսվել է անտառահատումների մեծ ջարդ  և դրանց տեղերը չեն լրացվել։ Նա հույս ունի, որ  քաղաքապետարանի կողմից ստեղծված կանաչապատման ՀՈԱԿ–ը  խնդիրներին որոշակիորեն լուծում կտա։ Առաջինը կսկսվեն Սարալանջի հատվածի անտառածածկման  աշխատանքները։

 «Սկսել է տնկիների ձեռք բերումը և  2020 թվականի Երևանի բյուջեով հաստատեցինք տնկիների ծավալի գումարի չափը և  3.6 մլրդ դրամ գումար  և դա բավականին լուրջ գումար է»։

 «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Հասմիկ Խաչունցը նշեց, որ  կազմակերպությունում ընդգրկվել են լավագույն մասնագետները, որոնց  շնորհիվ արդյունքներ կգրանցվեն։

 «Այդ մասնագիտական ուժի շնորհիվ առաջիկա երկու- երեք տարիների ընթացքում  արդեն բարելավում պիտի որ նկատվի»։

Բնապահպանները, սակայն, այդքան լավատես չեն, արձանագրում են, որ կանաչապատման ենթական բոլոր տարածքներն այլեւս սեփականաշնորհված ու կառուցապատված են։

Ցուցադրել ավելի
Back to top button