ԿարևորՀասարակություն

Քանանյանը շարունակում է հացադուլը․ ԱՀ ԲՆ- ն կիսում է նրա մտահոգությունները եւ պատրաստ է համագործակցության

Քաշաթաղում շուտով լուրջ շարժում կսկսվի, քանի որ մարդիկ չեն կարողանում պարտեզները ջրել, պատճառն այն է, որոշ անհատներ գետերի ջրերը տեղավորել են խողովակներում, ասում է Քարվաճառի բնակիչ քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը։ Նա շարունակում է իր հացադուլն ու պահանջում ընթացք տալ Արցախում ՀԷԿ–աշինության դեմ իր պայքարին։

«Ռադիոլուրը» երեկ անդրադարձել էր այս հարցին։ Այսօր Քանանյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտից իր մոտ բանակցությունների էին եկել։ «Ռադիոլուրի» հարցերին գրավոր պատասխանել է նաեւ Արցախի բնապահպանության նախարարությունը։

Արցախի բնապահպանության նախարարությունը «Ռադիոլուրի» հարցերին ի պատասխան նշում է, որ թեեւ փոքր ՀԷԿ–երի գործուներությունը կարեւոր է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում, սակայն այսօր լուրջ խնդիրներ կան։ Կան ՀԷԿ–ներ, որ գործում են որոշակի նախագծային շեղումներով, չեն պահպանվում սահմանված որոշ կարգավորումներ։ Արցախի բնապահպանության նախարարությունը՝ որպես ոլորտի գործունեությունը կանոնակարգող լիազոր մարմին, նոր մոտեցում է ցուցաբերել եւ առավել խիստ են խախտումների ու չարաշահումների նկատմամբ։ Մեր հարցերին ի պատասխան նշվում է նաեւ, որ ոլորտում որոշ շտկումներ անելու նպատակով  ջրային օրենսգրքում  փոփոխություններ են կատարվում։

Շեշտվում է նաեւ, որ  ՀԷԿ–եր կառուցելու հայտերը մերժվում են, եթե դրանք չեն համապատասխանում որոշակի չափանիշների, մասնավորապես արգելվում է ՀԷԿ կառուցել այն գետերի վրա որոնցում առկա են Արցախի Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր։ Այս հարցում Ալեքսանդր Քանանյանի պատասխանը որոշակի հուշումներ է պարունակում․

«Քարվաճառի ձկները վերացել են։ Էնդեմիկ ձկնատեսակներով հարուստ է Թարթառը, իսկ գետի հունը անընդհատ այս ու ան կողմ է տարվում»։

Միաժամանակ բնապահպանության նախարարության պատասխան նամակում նշվում է, որ հիդրոէլեկտրակայանների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է հրավիրել նախորդ տարի ու ներկայացրել մշտադիտարկման արդյունքներն ու պահանջել շտկել արձանագրած որոշ նկատառումներ, որ ի հայտ էին եկել  մշտադիտարկման արդյունքում։

Դիտողությունները նախորդ տարվա դեկտեմբերին ընդունվել են ու շտկվել, տեղադրվել են ջրաչափեր ու մակարդակաչափեր։ Ի պատասխան քաղաքագետի հայտարարած հացադուլին ու ներկայացվող պահանջներին՝ Արցախի բնապահպանության նախարարության նամակում նշվում է, որ կիսում են մտահոգությունները եւ պատրաստ են սերտ համագործակցության։

«Բնապահպանության նախարարությունը սրտցավ է, բայց զրկված է ապօրինաբար տնտեսվարող սուբյեկտների վրա որեւէ կարգավորում բանեցնելու, որովհետեւ բոլոր ՀԷԿ–ատերերը խոշոր օլիգարխներ են եւ նրանց դիպչելու համար քաղաքական  թույլտվություն, որը մինչ օրս բացակայում է»,– ասում է Քանանանը։

Ալեքսանդր Քանանյանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ՀԷԿ–երը պատկանում են Արցախում հայտնի որոշ անհատների և որ դրանք կառուցվել են Երեւանի տրամադրած ֆինանսական միջոցների հաշվին, թեեւ այդ միջոցներն այլ նպատակով են տրամադրվում Արցախին՝  բնակարանաշինություն, վերաբնակեցում իրականացնելու համար, շեշտում է։

Արցախում ՀԷԿ–երի կառուցման դեմ պայքարող Ալեքսանդր Քանանյանը ևս մեկ անգամ հստակեցնում է, որ հացադուլ է հայտարարել եւ սպասում է, որպեսզի ողջամիտ ժամկետներում իր պահանջները կատարվեն։ Հակառակ դեպքում կանցնի ջրադուլի։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close