ԿարևորՀասարակություն

Սմարթֆոնների մուտքը բանակ արգելված է

Չնայած ժամկետային զինծառայողներին արդեն  թույլատրվում է  ծառայության ընթացքում ունենալ անձնական հեռախոսներ, բայց խոսքն ամենևին չի վերաբերում սմարթֆոններին։ Մասնագետներն ահազանգում են՝ անվտանգության տեսանկյունից դրանք չափազանց խոցելի են։  Հետևաբար` առաջարկում են զերծ մնալ հատկապես պարտադիր ժամկետային  զինծառայողներին սմարթֆոններ փոխանցելուց, քանի որ դրանով  պարզապես վտանգում են ոչ միայն վերջինների անվտանգությունը, այլև լուրջ ռիսկեր ստեղծում  մեր ընդհանուր անվտանգային միջավայրի համար։ 

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հորդորում է զերծ մնալ պարտադիր ժամկետային զինծառայողներին սմարթֆոններ փոխանցելուց։ Նա գրում է․

 «Երբ ժամկետային զինծառայողներին թույլատրվեց ծառայության ընթացքում ունենալ անձնական հեռախոսներ, դրա մասին տարբեր քննարկումներ եղան: Դեռ այդ ժամանակ պաշտպանության նախարարությունը կարգ սահմանեց, որը հստակ սահմանում էր հեռախոսների կիրառման ժամանակահատվածը, դրա սահմանափակումները և այլն:

Սակայն սմարտֆոնների կիրառումը մնում է արգելված` անվտանգության տեսանկյունից դրանց խոցելիության հանգամանքը հաշվի առնելով: Չնայած դրան` զինված ուժերում քիչ չեն դեպքերը, երբ ժամկետային զինծառայողների մոտ սմարտֆոններ են հայտնաբերվում, ինչից հետո սպաները, սահմանված կարգով, արձանագրում են, իսկ հետո հետ հանձնում զինծառայողի ծնողներին»։

«Թեմային, գուցե, այդքան մանրամասն չանդրադառնայի, եթե կարգի խախտումները տեղեկատվական անվտանգության , իսկ որոշ դեպքերում՝ ավելի լուրջ հետևանքներով սպառնալիքներ չպարունակեին»,-նշում է Աբրահամյանը։ Հնարավոր վտանգների ու սպառնալիքների շուրջ արդեն տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ ենք զրուցում․

«Երբ ձեռքն է  ընկնում  սմարթֆոն,  ինչ ասես նկարում  են, տեղադրում սոցցանցերում, ուղարկում ընկերներին։ Եվ սա առաջացնում է բազմաթիվ հնարավորություններ հակառակորդի համար վերահսկելու իրավիճակը՝ օգտվելով հենց այդ արտահոսքերից»։

Սմարթֆոնների դեմ  կարելի է իրականացնել հաքերային հարձակում և փաստացիորեն այն վերածել  գաղտնալսման կամ տեսանկարահանման գործիքի։ Մարտիրոսյանի խոսքով՝ մարդը կարող է ընդհանրապես տեղյակ չլինել ու ակամա տեղեկատվություն տրամադրել, օրինակ, հակառակորդի պետական հովանավորչությամբ աշխատող հաքերային խմբին։

«Պատահում է, որ ներբեռնում են հավելվածներ։ Նման դեպք տեղի էր ունեցել Ուկրաինայում՝ Դոնբասի և Լուգանսկի զինված հակամարտության ժամանակ։ Ուկրաինական հրետանավորները ներբեռնել էին ծրագիր, որը թույլ էր տալիս  ավելի լավ նշան բռնել, և պարզվել էր, որ դա պատրաստվել է հակառակորդի հաքերային խմբի կողմից։ Հակառակորդն  ամբողջ ընթացքում իմացել է՝ որտեղ են գտնվում հրետանու դիրքերը և դիպուկ հարվածներով ոչնչացրել է»։

Ըստ փորձագետի՝ կա տարածված թյուր տեսակետ, որ սովորական, կամ այն, ինչ ժողովուրդն անվանում է ՊՆ-NOKIA բջջային հեռախոսներ, վտանգ չեն պարունակում։ Դրանցով արված զանգերն ու հեռախոսային խոսակցություններն էլ հեշտությամբ կարող են գաղտնալսվել։ Հետևաբար, չափազանց կարևոր է հետևել  և սահմանափակել զրույցների բովանդակությունը։ Սմարթֆոն տիպի հեռախոսների օգտագործումը վտանգավոր է հատկապես մարտական հերթապահության  ընթացքում։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ասում է․

«Մարտական հերթապահության ժամանակ այդ հեռախոսի օգտագործումը հնարավորություն է տալիս հակառակորդին ոչ միայն հետախուզել՝ ինչ է կատարվում, այլև հստակ որոշել տեղակայումը։  Այսինքն` առանց գիտակցելու հնարավոր է անգամ հակառակորդին ռազմական գաղտնիք փոխանցել. քանի հոգի են հերթապահության, ինչ սպառազինություն կա, ինչպիսին է բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչն է շատ, ինչն է քիչ և այլն։ Խնդիր կարող է դառնալ նաև այն, որ մեկի մոտ հեռախոս կա, մյուսի մոտ՝ ոչ»։

Ֆեյսբուքյան իր գրառման մեջ Տիգրան Աբրահամյանը, ի դեպ, չի բացառում, որ չթույլատրվող սմարթֆոններ օգտագործելու դեպքում կարելի է քննարկել անգամ քրեական պատասխանատվության հարցը։  Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ինչպես ինքն է նշում,  ընդհանրապես դեմ է հարցերը քրեորեն լուծելուն։ Նրա համոզմամբ՝ մարդկանց պետք է կրթել, բացատրել վտանգները։ Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի  խոսքով՝ անփութությամբ ռազմական գաղտնիք հրապարակելը ինքնին ենթակա է քրեական պատասխանատվության։

Մասնագետները  ընդգծում են՝ սոցիալական ցանցերում ոչ միայն զինծառայողներն են ենթարկվում մշտադիտարկման,  այլև նրանց ընտանիքի անդամները, հարազատները, որոնք սովորաբար  զինված ուժերին վերաբերող  տեղեկատվությամբ են կիսվում։ Ինչպես նշում է Տիգրան Աբրահամյանը,  քիչ չեն դեպքերը, երբ  հայկական անուն-ազգանուն կրող  անձնական հաշիվներով, հակառակորդի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները  փորձում են կապ հաստատել  իրենց հետաքրքրությունների դաշտում հայտնվածների հետ։ Բանակին առնչվող տեղեկատվական խնդիրներից զատ, պաշտպանության փոխնախարարը բանակում զինծառայողներ ունեցող ընտանիքների անդամների ուշադրությունը հրավիրում է մեկ այլ խնդրի վրա ևս։ Հիշեցնում  է վերջերս գրանցված դեպքը, երբ սպան պատուհանից դուրս էր շպրտել  զինվորի ստացած ծանրոցը։

«Իհարկե այդտեղ տույժի խնդիր կա, բայց միանշանակ՝ խմիչք է եղել այնտեղ։ Շատ դեպքեր են լինում, երբ արգելված իրեր են փորձում ներս բերել։  Այս դեպքում սպան արգելեց, առգրավեց: Արդյունքում` լարվածություն է առաջանում վերադասի ու ենթակայի միջև»։

Նման խնդիրներից խուսափելու համար բանակի հետ շփումներում պետք է չափազանց ուշադիր լինել։ Կոչն ուղղված է հատկապես ժամկետային զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին։

Back to top button