ԿարևորՀասարակություն

Սիզավետում նախընտրում են ներկրել կովկասյան գորշ տոհմային ցեղատեսակի անասուններ

Անասնապահությունն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու նպատակով նախատեսվում է Հայաստան ներկրել տարբեր ցեղատեսակի մսատու և կաթնաթու անասուններ: Շիրակի մարզի Սիզավետ բնակավայրում այն աննպատակահարմար են համարում և նախընտրում են  ներկրել տոհմային կովկասյան գորշ ցեղատեսակի անասուններ, քանի, որ դրանք հարմարվել են տեղի բնակլիմայական պայմաններին և քիչ ծախս են պահանջում: 

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Սիզավետ բնակավայրում չմշակվող ազատ հողերը շատ են, որոնք հիմնականում խոտհարքեր են, ասել է, թե այս լեռնային բնակավայրում բնակչության հիմնական զբաղմունքն անասնապհությունն է: Հայաստանի լեռնային շրջանների համար ամենանպատակահարմարը կովկասյան գորշ ցեղատեսակի կովերն են, որոնք ընտելացել են տեղի բնակլիմայական պայմաններին, սակայն  ըստ Սիզավետի վարչական ղեկավար Հենրիկ Պողոսյանի, դրանք  արդեն կորցրել են  որակական հատկանիշները.

«Որովհետև արդեն 30 տարի կովն իրեն կաթնատվությունը գցել է, առաջ՝ Սովետական Միանության ժամանակ, կովին սիլոս տալիս էին, թեփ տալիս էին, հիմա ոչինչ չեն տալիս, առավոտ ուղարկում են արոտ, երեկոյան ընդունում են ու կթում: Ինքն էլ և՛ կաթնատվությունն է գցել, և՛ աճն է նվազել, ծնված հորթերն արդեն փոքր են»:

Կովերի կաթնատվությունն աստիճանաբար նվազել է, բայց ավելացել է գլխաքանակը: Վարչական ղեկավարն ասում է, եթե նախկինում 5 կթու կովից ստացել են 100 լ կաթ, հիմա 15 կովից են ստանում այդ քանակությունը: Անասանապահական միջազգային տարբեր  ծրագրերի միջոցով Հայաստան են ներկրվել մսատու և կաթնատու տոհմային տարբեր  ցեղատեսակի կովեր, որոնցից մի քանիսը հասել է Սիզավետ:  Սիազավետ  համայնքի նախկին ղեկավար Արարատ Պողոսյանն ընդհանուր թվով պահում է 45 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որոնց թվում  են տոհմային հոլշտին, սիմենթալ և շվից ցեղատեսակները:

«11 հատ կթու ունիմ, 16 հատ հորթիկ, 9 հատ էլ գնել եմ դրսից, ցեղական անասուն եմ բերել, որ զարգացնեմ մեր տեղականի հետ: Կաթնատվությունն է շատ, մսատվությունն ուժեղ է, անասուն կա, օր 15 լիտր կաթ է տալիս մե  անգամ առավոտ, 15 էլ՝ իրգուն, իսկ մեր անասունը՝ 5լիտր, 6 լիտր: Դրա վրա ծախս կենես, տանջանք կենես, արդյունքը քիչ է»:

Օրական ստանում է  120 լ կաթ և հանձնում Ազատանի կաթի վերամշակման արտադրամասին, որը մյուսների համեմատ պահպանել է կաթի ընդունման բարձր գինը: Տոհմային հոլանդական, շվեյցարական ցեղատեսակի  անասունների ներկրման ու Կովկասյան Գորշի  հետ  տրամախաչման հետ համաձայն չէ վարչական ղեկավարը.

«Պետք է ոչ թե հոլշտին, սիմենաթալ, շվից տային մեզ, այլ պետք է Ռուսաստանից ներկրեին մաքրացեղ կովկասյան գորշ: Դրա առավելությունն այն է, որ երկար է քայլում, դիմանում է ձմեռվա ցրտին, իսկ սրանք չեն դիմանա»:

Նոր ցեղատեսակի կովերը պահելու են  միայն գոմում և  արոտ դուրս չեն գալու, որը ձեռնտու չէ գյուղացիներին: Ասում են, որ այդ դեպքում միայն չարչարանքն ու ծախսն է ավելանալու: Անասնապահության զարգացման համար տրվող վարկերով գերադասում են  գնել կովկասյան գորշ  տոհմային մաքուր ցեղատեսակի անասուններ:

Սիզավետում ոչխարներ ավելի քիչ են պահում, քանի որ դրանք ոչնչացնում են արոտավայրերը, դեգրատացնում հողը:  Վերջին 4 տարում գայլերից անասունների անկում  չի եղել, բայց փոխարենը հոշոտում են գյուղի շներին: Սիզավետում գայլերի կարելի է հանդիպել կեսգիշերից մինչև լուսաբաց:

Ցուցադրել ավելի
Back to top button