ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ Երեւանի ավագանիում չստեղծվեց քննիչ հանձնաժողովը

Խորհրդարանն այսօր չընդունեց Երևան համայնքին  տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաև Երևան համայնքի կողմից դրանց հետ կապված  այլ անշարժ կամ  շարժական գույքի փոխանցման, այդ թվում  գույքային, ինչպես նաև  ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման  իրավաչափությունն ու  կոռուպցիոն  ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ստեղծված  ԱԺ քննիչ  հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշման նախագիծը։  

Քվեարկությունն ընթացել է բուռն։ Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները հակասահմանադրական են համարել  ավագանու գործունեության մեջ մտնելը։ Իսկ նախագիծը ներկայացրած ընդդիմադիր խմբակցության  պատգամավորներն այս որոշումը որակեցին հետհեղափոխական Հայաստանի հետընթացը։

Երևան համայնքի գործունեության իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու  նպատակով ստեղծվող  ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների  թիվը սահմանելու  մասին  որոշումն այսօր խորհրդարանը չընդունեց քվորումի բացակայության պատճառով։ Նախագծին կողմ էր 39, դեմ 2 պատգամավոր։ ԱԺ կանոնակարգը սահմանում է, որ քննիչ հանձնաժողովն ստեղծվում է օրենքի ուժով պատգամավորների մեկ քառորդի պահանջով։

Միեւնույն ժամանակ` նույն կանոնակարգը սահմանում է, որ այդ հանձնաժողովի անդամների թիվը սահմանում է խորհրդարանը։ «Բարգավաճ Հայաստանից»  Միքայել Մելքումյանը հետարքրքվեց, թե  ի՞նչ է նշանակում հանձնաժողովը կա, բայց չկան անդամները։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը  մեկնաբանեց.

«Թիվը  սահմանելու մասին հարցը մնում է մեծ օրակարգում։  Կոնկրետ թիվը սահմանելու մասին նախագիծը չհաստատվեց։  Պիտի փորձենք հասկանալ սրա իրավաբանական   հանգուցալուծումը»։

Թե ինչպես կլուծվի իրավական այս բացը, դեռ հայտնի չէ, սակայն արդեն մինչեւ քվեարկությունը, նախագիծը ներկայացրած  «Լուսավոր Հայաստան» խմբակցության  պատգամավոր Էդմոն Մարուքյանը հույս էր հայտնել, որ  քաղաքական մեծամասնությունը չի տապալի քվեարկությունը, քանի որ դա վատ նախադեպ կլինի խորհրդարանական Հայաստան ունենալու ճանապարհին։ Նույն կարծիքին էր նաև  ընդդիմադիր մյուս ուժի` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանը։

Իշխանական ուժին հորդորեց   կողմ քվեարկել  որոշման նախագծին։ Զոհրաբյանը պնդում էր, որ հակառակ դեպքում վատ վիճակի մեջ կհայտնվի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը «Կամազգեյթի» հետ կապված  բոլոր հարցերն առաջարկել է ուղղել ԱԺ –ում իրավունքի ուժով ստեղծված  հանձնաժողովին։

«Կոչ եմ անում քվեարկել կողմ, և ի վերջո դուք այդ հանձնաժողովում ունենալու եք մեծամասնություն և  կարող եք ձեր տեսակետը հնչեցնել ու փարատել  քաղաքական ուժերի, հանրության մեջ եղած բոլոր այն  օբյեկտիվ, ողջամիտ կասկածները, որ կան  կամազների հետ կապված»։

«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի` այս հանձնաժողովը չստեղծվելով վատ նախադեպ ունենալու խոսքերին արձագանքեց «Իմ քայլից» Լիլիթ Մակունցը։ Նա նշեց, որ  վատ նախադեպ կլինի այն, որ  իրավունքի ուժով ստեղծված  հանձնաժողովը կարող է իրականացնել   գործառույթներ, որոնք չեն մտնում իր լիազորությունների մեջ և պարունակում են հակասահմանադրական տարրեր։

«Մեր առաջարկն է, որ « Լուսավոր Հայաստան» խմբակցությունն այդ քննությունն անցկացնի  հենց ավագանու միջոցով, որն էլ լիազորված է անել դա։  Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշել է այն դրույթները, որով մեր հավանական գործողությունները հակասահմանադրական են»։

Մարուքյանին այնուհետև արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ասաց, որ  քաղաքական մեծամասնությունը ցանկություն չունի կոծկել  հանրությանը հետաքրքրող որևէ հարցի իսկությունը, ճիշտ հակառակը` կա քաղաքական կամք խոսելու, ուսումնասիրելու բոլոր նման գործարքները, բայց դա պետք է արվի ինստիտուցիոնալ ձևով։

«Եվ քաղաքական մեծամասնության համոզմունքն է, որ մենք չենք կարող գնալ մի քայլի, որ  հակասահմանադրական է։  Սա է շարժառիթը քաղաքական մեծամասնության»։

Հարցի քննարկումը Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլից»  Ռուբեն Ռուբինյանի բանավեճի միջեւ առիթ դարձավ նաեւ։

Բանավեճից հետո Մարուքյանը շտապ ասուլիս հրավիրեց, հիշեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի  դեկտեմբերի 5–ի հայտարարությունը, որտեղ վերջինս ասել էր, որ քննիչ հանձնաժողովը պետք է համարել  ստեղծված, քանի որ կա քաղաքական կամք  բոլոր անհայտ և կասկածի տեղիք տված իրադարձությունները պարզելու համար։  Սակայն այսօր հանձնաժողովի անդամների  թիվը սահմանելու որոշումը չընդունվեց։

Չուշացավ Ռուբեն Ռուբինյանի պատասխան ասուլիսը։ Կա Երևանի ավագանի և այն պետք է ստանձնի քաղաքապետի նկատմամբ վերահսկողությունը` ասաց։ Դա ԱԺ լիազորությունների մեջ չի մտնում։

«Սահմանադրական տեսանկյունից ԱԺ–ը իրավունք ունի  քննիչ հանձնաժողով ստեղծել  միայն այն հարցերի շրջանակներում,   որոնք մտնում են ԱԺ–ի լիազորությունների մեջ։ ՏԻՄ–երի գործունեությունը որոշ բացառություններով, չի մտնում ԱԺ–ի լիազորությունների մեջ»։

 Երևանի ավագանու յուրաքանչյուր խմբակցություն եւս նման քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավունք ունի։ Ինչո՞ւ  ընդդիմադիր խմբակցությունները նման նախաձեռնությամբ հանդես չեն գալիս Ավագանիում։ «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան՝ ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նշեց.

« Ավագանին չունի այդ լիազորությունները, օրինակի համար ՊԵԿ–ի նախագահին հրավիրի հարցադրումների։ Այդ իսկ պատճառով պատգամավորների կողմից  ստեղծվելիք հանձնաժողովը կհանդիսանա  լիարժեք աշխատանքների հիմք և մենք բոլորս կունենայինք  մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները»։  

Խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծելուն նախօրեին արդեն արձագանքել էր ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը` հայտարարությամբ։ Նշել էր, որ «թեև հարցը ներկայացնում է որոշակի հանրային հետաքրքրություն, սակայն այն չի մտնում Ազգային ժողովի իրավասության մեջ»։

«Իմ քայլը» հայտարարել էր, որ «կողմ է հանրային հետաքրքրություն ունեցող բոլոր թեմաների քննարկմանը և պարզաբանմանը և պատրաստակամ է Երևան քաղաքի ավագանուն օրենքով տրված լիազորությունների շրջանակներում քննարկել և պարզել Երևան քաղաքին վերաբերող հասարակական հետաքրքրություն ունեցող հարցեր՝ այդ թվում՝ նշյալ հարցը»։

Ցուցադրել ավելի

Կարդացեք նաև

Close
Back to top button
Close