ԿարևորՀասարակություն

Արմավիրի մարզպետը խոստացել է մարզի անասնապահների և մսավաճառների տեսակետը ներկայացնել կառավարությունում

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը հանդիպել է Արմավիրի մարզի անասնապահների և մսավաճառների հետ:

Մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ անդրադառնալով հունվարի 15-ից ուժի մեջ մտած ՀՀ կառավարության որոշմանը, որի համաձայն Հայաստանի ողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք կդառնա, մարզպետն ընդգծել է, որ ՀՀ գործադիր իշխանությունն ամեն ինչ անում է հանուն, այլ ոչ թե ընդդեմ ժողովրդի: «Միգուցե պատշաճ իրազեկման խնդիր է եղել, որն էլ բողոքի ալիքի բարձրացման հիմնական պատճառ է հանդիսացել: Սակայն մենք պետք է ըմբռնումով մոտենանք ստեղծված իրավիճակին, հարգենք միմյանց և ժամանակ տանք մեր իշխանություններին` խնդրին հնարավոր լուծում տալու համար»,- նշել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` տեղեկացնելով, որ հարցը քննարկվելու է և Կառավարությունում, և Ազգային ժողովում:

Ներկայացնելով մարզում արդեն գործող 4 հիմնական և 1 շարժական սպանդանոցները` նա հավաստիացրել է, որ մեծ է հետաքրքրությունը նոր սպանդանոցներ բացելու հետ կապված և հավանական է, որ շատ կարճ ժամանակահատվածում շահագործման կհանձնվի ևս 10-ը, որի արդյունքում անասունների մորթը կապահովվի լիարժեք և առանց արհեստական խոչընդոտների:

Անասնապահներն ու մսավաճառներն էլ իրենց հերթին մարզպետից խնդրել են միջամտել ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջի կատարումը երկարաձգելուն, որպեսզի ընթացիկ խնդիրները լուծվեն, և ֆերմերները պատրաստ լինեն գործընթացի մեկնարկին:

Ամփոփելով հանդիպումը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հավաստիացրել է, որ կառավարությունում նախատեսվող քննարկմանը համապարփակ ձևով կներկայացնի հնչեցված տեսակետները և ակնկալվող քայլերի հաջորդականությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button