ԿարևորՀասարակություն

Օպերային թատրոնն իր գործունեությունը սկսեց 1933-ի հունվարյան այս օրերին

1933 թվականի հունվարի 20-ին Ա. Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով բացվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։

Young Artists Opera Program ֆեյսբուքյան էջը, թերթելով պատմության էջերը, գրում է.

«Դեռ 1931 թվականն էր, երբ Հայաստանի ժողկոմսովետին հասցեագրված նամակներից մեկում Ռոմանոս Մելիքյանը գրեց.
«Մենք’ օպերայի վեց-յոթ ջատագովներս, պնդում ենք, որ Երևանն այժմ պետք է ունենա օպերա…»: Ռոմանոս Մելիքյանի հետևողական ջանքերի շնորհիվ էր, որ երկրի տարբեր քաղաքներից Երևան հրավիրվեցին նշանավոր երգիչ- երգչուհիներ, երաժիշտ-կատարողներ և հմուտ մասնագետներ։

Իսկ երաժշտագետ Սամսոն Գասպարյանը գրում էր.
«Իրականացել էր Մեծն Կոմիտասի երազանքը. Երևանի կոնսերվատորիայի սաներից ծնունդ էր առել ստեղծագործական մի նոր օջախ, ստեղծվել էր օպերային թատրոն` մեկն այն խոշոր նվաճումներից,որին հասել էր հայ ժողովուրդը»։

1932 թ-ի օգոստոսին սկսվեց թատրոնի բացման գործնական նախապատրաստությունը։ Իսկ Թամանյանի կառուցած շենքում փորձերը սկսվեցին հենց 1933 թվականի հունվար ամսից։

Թատրոնի հիմնադիր մեներգիչներից էին Թ. Խաչատրյանը, Ա. Կարագովը, Ե. Ֆանարջյանը, Ա. Անանյանը,Գ. Բաղդասարյանը, Ս Գասպարբեկը և այլոք։

Փաստորեն, օպերային թատրոնը հիմնադրվեց Երևանում, Հայկական ԽՍՀ ժողկոմխորհի 1932-ի մայիսի 13-ի որոշմամբ, և գործունեությունը սկսեց հունվարի 20-ին’ Ա. Սպենդիարյանի “Ալմաստ” օպերայով։
“Ալմաստ” օպերան բեմադրեց ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արշակ Բուրջալյանը,ով թատրոնի առաջին գլխավոր ռեժիսորն էր»։

Ցուցադրել ավելի
Back to top button