ԿարևորՀասարակություն

Քրեական ենթամշակույթը խորհրդարանում

Հանրային հնչեղություն ստացած նախագծերից մեկը, որը պետք է պայքարի քրեական ենթամշակույթի դեմ, այսօր խորհրդարանում կրկին իրարանցում է առաջացրել։ Կրքերը թեժացել  էին նաև նախագծի  առաջին ընթերցման ժամանակ ՝ հարակից զեկուցողի հասցեին սպառնալիքներ էին հնչել, ինչից հետո ԱԺ–ում թեմային անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ էլ 4 պատգամավոր  կարգապահական պատասխանատվության է ենթարկվել,  արդարադատության նախարարն էլ  ստիպված է եղել զգուշացնել պետության հետ սպառնալիքի լեզվով խոսելու անթույլատրելիության մասին։

Այսօրվա միջադեպը խորհրդարանում պատգամավորներին կրկին ստիպում է մտածել էթիկայի հարցերի հանձնաժողով ձեւավորելու մասին։  Քրեական ենթամշակույթը արմատախիլ անելուն ուղղված նախագծի քննարկումը նիստերի դահլիճում հարաբերություններ պարզելու առիթ դարձավ։ Երկու այդպիսի փորձից հետո խորհրդարանի նախագահը պատգամավորների նկատմամբ ԱԺ կանոնակարգով նախատեսված պատժամիջոցներ կիրառեց։ Ամեն ինչ սկսվեց ԲՀԿ–ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթներից հետո։

Մեկ օր դահլիճ մտնելու եւ ելույթներ ունենալու իրավունքից այսօր զրկվեց ԲՀԿ–ական 4 պատգամավոր։ Այդ խմբակցությունում չհասկացան, թե ինչու։ Թեև շատերը պնդում են, որ Գևորգ Պետրոսյանի խոսքում եղել է քողարկված հայհոյանք, ինքը՝ պատգամավորը, իր և ընկերների վարքագիծը նորմալ է համարում՝ աշխարհի այլ խորհրդարանների օրինակից ելնելով։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը «սադրանքի» տեսության կողմնակիցն է։   

Արման Աբովյան․ «Պարոն Բաբաջանյանը որերորդ անգամ սադրում է, որ լրատվամիջոցում հայտնվի մի գրառում՝ ԲՀԿ–ն պաշտպանում է կրիմինալը։ Ոչ, ոչ, կրկին անգամ ոչ։ Չի ստացվի մեր վզին փաթաթել այն, ինչ գոյություն չունի»։

Գեւորգ Պետրոսյան․ «Մեղքը պետք է կապված լինի հակաիրավական վարքագծի հետ։ Եթե որեւէ մեկը կասի, թե այստեղ որն է եղել այստեղ մեր կողմից հակաիրավական վարքագիծը, մենք կփորձենք մեր մեղքը որոնել։  Քաշքշոց լինում է տարբեր զարգացած երկրների  խորհրդարաններում։ Դա ոչ թե սովորական երեւույթ է, այլ՝ չբացառվող»։

ԱԺ ղեկավարության կողմից կիրառված պատժամիջոցը դեռ վերջին քայլը չէ։ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ գործընկերների հետ քննարկում են հաջորդ քայլերը։

«Աշխարհի տարբեր խորհրդարաններում տարբեր բաներ կարող են լինել։ Այսինքն, նորմա՞լ է համարում, որ ինչ-որ մեկը վաղը մոտենա եւ հարվածի իր դեմքին, հա՞։ Ես կարծում եմ ինքը (Գեւորգ Պետրոսյանը – խմբ․) չի հասկացել և դժվար թե հասկանա, թե ՀՀ–ում ինչ է տեղի ունեցել։ Ես պնդում եմ, որ խորհրդարանը Գևորգ Պետրոսյանի նման պատգամավորների տեղը չէ։ Եթե պատգամավորը թույլ է տալիս նիստերի դահլիճում սեռական բնույթի վիրավորանք հնչեցնել, էթիկայի հանձնաժողովից բացի, կարծում եմ կլինեն այլ արձագանքներ, որոնց դուք ականատես կլինեք,  և այդ արձագանքը, վստահեցնում եմ,  տեղ կհասնի»։

Դահլիճում տեղի ունեցածը պատգամավորներն ուղիղ կապեցին քննարկվող հարցի հետ, իսկ քննարկման ընթացքը խորհրդարանական մեծամասնությանը համոզեց, որ գնում են ճիշտ ուղղությամբ։

Վիկտոր Ենգիբարյան․«Կարծում եմ՝ պարոն նախարարը հիմա վայելում է պահը, որովհետեւ ԱԺ դահլիճում փաստացի առերեսվում ենք մեր բնակչության, հանրության շրջանակում տարածված արժեքների, որոնք, այո, խտացված են նաեւ ԱԺ դահլիճում։ Դա նորմալ է, որովհետեւ ներկայացուցչական ժողովրդավարությունը ենթադրում է, որ բոլոր սեգմենտները պետք է ներկայացված լինեն ԱԺ–ում»։  

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի առաջարկվող ձևերը թեև ընդունելի չէին նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամների համար, բայց  նրանք ընտրեցին հակադրվելու իրավական ճանապարհը։

Անի Սամսոնյան․«Երբ այս օրենքը դրվեց քննարկման, քրեակատարողական հիմնարկներում սկսվեցին անկարգություններ, եւ դա բոլորը մեծապես պայմանավորում էին նրանով, որ դա բունտ էր հենց այս օրենքի դեմ։ Մենք փաստացի կանգնեցինք մի խնդրի առաջ, որ վերահսկողությունը ՔԿՀ–ում կարող է դուրս գալ իրավիճակից։ Չունենք քրեակատարողական բարեփոխված համակարգ, տեսնում եմ նաեւ բազմաթիվ ռիսկեր»։  

Քրեական ենթամշակույթին առնչվող օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանում քննարկվեց վերջին ընթերցմամբ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ՝ նախագիծն այս ընթացքում  լրամշակել են տարընթերցումներից խուսափելու համար։ Այնպես որ, «գողական աշխարհ» կամ «օրենքով գող» ձեւակերպումները հնարավոր կլինի հանդիպել նաեւ օրենքներում։

«Ժամանակն է, որ պետությունն իր ուժը ցույց տա։ Տիկին Սամսոնյան, Ձեր մտահոգությունները փարատեմ․ պետությունն այնքան հզոր է այս պահին, որ թող որեւէ մեկը չհամարձակվի անկարգություններով մեզ սպառնալ։ Թող մեկը փորձի իր բախտը՝ պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել»,- ասաց Ռուստամ Բադասյանը։ ։

Վերջին ընթերցմամբ նախագիծը քվեարկության կդրվի վաղը։

Ցուցադրել ավելի
Back to top button