ԿարևորՀասարակություն

Քաջարանի ծննդատունը՝ փակման վտանգի տակ

Յոթ օրական Միքայելի լացի ձայնն է, փոքրիկը Քաջարանի ծննդատանն է լույս աշխարհ եկել։ Շտապ ծննդալուծում են իրականացրել նրա համար՝ կեսարյան հատման միջոցով։ Մայրը՝ Մարգարիտա Մարտիրոսյանը բժշկական կենտրոն է դիմել նորմալ տեղեկացված ընկերքի վաղաժամ շերտազատում, արյունահոսում ախտանիշներով, որոնք սպառնում էին թե՛ մոր, թե՛ պտղի կյանքին։

«Դիմեցի Քաջարանի ԲԿ, քանի որ թե՛ պայմաններն են շատ լավ, թե՛ ջեռուցումը, թե՛ սարքավորումները։ Ունենք ուշադիր, հոգատար քույրեր, շատ շնորհակալ եմ բժշկուհուն, որ փրկեց իմ և բալիկիս կյանքը»։

«Մեր մանկաբարձական բաժանմունքն է, ունենք հետծննդյան պալատ, կահավորված անհրաժեշտ պարագաներով։ Ծնարանն է՝ հագեցած ու վերազինված սարքավորումներով։ Նորածնային ինտենսիվ թերապիայի սենյակն է, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով։ Պարանն է, ծնարանում օգտագործում ենք ծննդի վարման երկրորդ փուլում, ճիգերի շրջանում, որը բավականին օգնում է ծննդկանին, հեշտանում է ծննդաբերությունը։ Տարածաշրջանում  չկա նման մեթոդ, մենք ենք կիրառում միայն, որը բերվել է Եվրոպայից»։

Քաջարանի բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աշխեն Մարտիրոսյանը շրջագայելով պատմում է ծննդատան տեխնիկական հագեցվածության մասին։ Ափսոսում է, որ նման վերանորոգված ու հագեցած ծննդատունը փակվելու վտանգի տակ է․

«Ելնելով տեղանքից, Քաջարանը գտնվում է սահմանամերձ գոտում, Կապանից 25 կմ հեռավորության վրա, բնականաբար Կապան հասնելու համար առնվազն 30 րոպե, եթե ոչ 40 րոպե ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք շտապ ծննդալուծում պահանջող հղի կնոջը տեղափոխել Կապան։ Կարող են խոչընդոտներ հանդիսանալ թե եղանակային պայմանները, թե հրատապ ծննդալուծում պահանջող իրավիճակները․ կարող է ճակատագրական լինեն թե հղի կնոջ, թե ապագա բալիկի համար։ Ունենում ենք ծնունդներ, որ գալիս են ու մինչև 10-15 րոպե ծննդաբերում են։ Այսինքն՝ կինը դիմում է ծննդաբերության վերջում, որ մտնելով ծնարան, մինչև 5 րոպե կինը ծննդաբերում է։ Բնականաբար նման ծննդաբերողը չի կարող հասնել Կապան այդ կարճ ժամանակահատվածում։ Նա կծննդաբերի ճանապարհին, մեքենայի մեջ և մենք կունենանք տարբեր խնդիրներ»։

Մանկաբարձ-գինեկոլոգ Աշխեն Մարտիրոսյանը հավելում է՝ կենտրոնը հագեցած է ոչ միայն համապատասխան տեխնիկայով, այլև ծննդօգնության կազմակերպման համար անհրաժեշտ մասնագետներով․ նեոնատոլոգ, անասթեզիոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, ռեանիմատոլոգ։ Երկու տարվա կտրվածքով մոտավորապես 30 հղի ավելի է հաշվառվել․ նախորդ տարվա վերջին ծնունդների թիվը աճել է 16-ով` հասնելով 46-ի։ Մինչդեռ Սյունիքի մարզպետարանից տեղեկացանք, որ Քաջարանի փակման հիմնական պատճառը ծնունդների քանակն է: Նախարարության կողմից նվազագույն շեմ է սահմանվել՝ տարեկան 150 ծնունդ և ավելին ապահովող ծննդատները՝ պետպատվերում ընդգրկվելու համար: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ մարզպետարանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրի Քաջարանի ԲԿ-ի հետագա գործունեության համար։ Կառույցը պատասխանում  է, որ չունի համապատասխան միջոցներ։

Իսկ ծննդատունն արդյո՞ք  կարող է այլ ֆինանսավորմամբ գործունեություն ծավալել։ Քաջարանի ԲԿ-ի տնօրեն Արմեն Ղահրամանյանն ասում է․

«Կարելի է ինչ-որ միջոցներով, ինչ որ բան անել, բայց եթե ինձ պետությունը չերաշխավորի, ստացվում է, որ պատասխանատու չէ այդ հարցում։ Ես այդ մեծ պատասխանատվությունն ինձ վրա չեմ վերցնի այդ ծառայությունը կատարելու: Եթե պետությունը ասի դու կարո՞ղ ես քո հաշվին ծնունդներ ընդունել, ես կփակեմ, չեմ անի դա»:

Իսկ  Քաջարանի համայնքապետարանը կարո՞ղ է աջակցել․ հարցին ի պատասխան համայնքապետ Մանվել Փարամազյանը տեղեկացրեց, որ ամբողջ կոմունալ ծախսերը հոգում է ԶՊՄԿ-ն, մնում է աշխատավարձերի հատկացումը, թող դա էլ շարունակի անել նախարարությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button