ԿարևորՀասարակություն

«Նվիրատուների հետ քաղաքապետարանի հարաբերություններում պատճառահետևանքային կապ չկա»․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ դատախազության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետարանին նվիրաբերություններ կատարելն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում:

«Սա, ըստ էության, այն է, ինչ մենք ասում էինք «Կամազգեյթի» աղմուկի առաջին իսկ օրերին և ինչը ակնհայտ երևում էր, ինչպես ասում են, անզեն աչքով էլ. նվիրատվությունների ու նվիրատու ընկերությունների հետ քաղաքապետարանի հարաբերությունների միջև պատճառահետևանքային կապ չկա»,- գրել է նա:

Նա հետևյալ հարցն է բարձրացրել՝ ի՞նչ են այսքանից հետո անելու այն ընդդիմախոսները, որոնք բարձրացրել են «Կամազների» աղմուկը կամ հընթացս դարձել են դրա շահառուն. «Կրկին շատ կանխատեսելի է՝ հայտարարելու են, որ «ըհը, էս էլ ձեր իրավապահ համակարգը, սպասարկում է քաղաքական իշխանության շահերը» և այլն: Պարզ է, չէ՞, այսինքն՝ նախ, քաղաքին «թղթով-թարասով» տված նվերը ներկայացնում ես որպես հանցանք, հետո, աղմուկ ես բարձրացնում դրա շուրջ, հետո՝ իրավապահ մարմինները ստուգումներ են հարուցում, հետո՝ բնականորեն իրավապահները հանցանք չեն հայտնաբերում այնտեղ, որտեղ, ի սկզբանե էլ պարզ էր, որ հանցանք չկա (հիմա մենք էստեղ ենք), հետո դուրս ես գալիս դու և հայտարարում ես, որ «ըհը, էս էլ ձեր իրավապահ համակարգը»:

Իսկ քաղաքը, նրա խոսքերով, այդ ընթացքում քայլ առ քայլ լուծում է իր առջև ծառացած խնդիրները: Իսկ մնացորդում, նշել է, որ ունենում են ապատեղեկատվությամբ ու մանիպուլյացիաներով ներծծված հանրային աղմուկ ու մի քանի պայթած մեդիապղպջակ:

ՀՀ Ազգային ժողովում ստեղծվելու է Երևանի քաղաքապետարանին արված նվիրատվությունների քննիչ հանձնաժողով:  

«2019թ. նոյեմբերի 21-ին Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը հրապարակեց փաստեր այն մասին, որ Երևան քաղաքին գույք նվիրաբերած մի շարք տնտեսավարող սուբյեկտներ նույն ժամանակահատվածում քաղաքապետարանի կողմից ստացել են որոշումներ, ինչպես օրինակ՝ շինարարական թույլտվություն կամ ինքնակամ կառույցների օրինականացման թույլտվություն: Այդ ամենն ուսումնասիրելու նպատակով որոշվեց ստեղծել քննիչ հանձնաժողով, որը գլխավորելու եմ ես, անդամների թիվը սահմանվել է 11, իսկ հանձնաժողովը գործելու է 6 ամիս ժամկետով»,– այսօր խորհրդարանում ասել է ստեղծվելիք հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button