ԿարևորՀասարակություն

Միջանկյալ գնահատումներին անհրաժեշտ է ավելի լուրջ վերաբերել. կրթության փորձագետ

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը ներկայացրել է անցկացրած վերջին գնահատման ամփոփված արդյունքները՝ հայոց լեզու եւ հանրահաշիվ առարկաներից։ Հանրապետության հանրակրթական դպրոցների ընթացիկ գնահատմամբ 6 825 աշակերտից 1 440-ը, այսինքն՝ 21.1%-ը հայոց լեզվի քննությունից անբավարար է ստացել:

Հանրահաշիվ առարկայի դեպքում քննություն հանձնած 6 784 աշակերտներից դրական գնահատական չի ստացել 1703-ը կամ 25.1 %-ը: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ միջանկյալ գնահատումները իրական պատկերը ունենալու լավագույն ձեւն է, սակայն, ըստ նրա, դրանք առավել օգտակար կլինեն, եթե հաջորդեն լուրջ քննարկումներ եւ հետեւություններ արվեն։

Գնահատման եւ թեսթավորման կենտրոնը հանրակրթական դպրոցներում հայոց լեզու եւ հանրահաշիվ առարկաներից գնահատումներ անցկացնում է պարբերաբար: Վերջին գնահատումը եղել է 2019 թվականի հոկտեմբերի 7-ից մինչեւ դեկտեմբերի 6-ը՝ 9-րդ դասարանցիների շրջանում: Կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը մեզ հետ հեռախոսազրույցում ներկայացնելով արդյունքների ամփոփումը տեղեկացրեց, որ  ընթացիկ գնահատում անցկացվել է շուրջ 235 կրթական հաստատությունում։

Ողջ գործընթացն անցկացվել է ԳԹԿ մասնագետների հսկողությամբ։ Արդյունքներն ամփոփվել են ըստ վարչատարածքային միավորների, որոնք ցույց են տալիս, թե որ մարզում ինչպիսի պատկեր է արձանագրվել հայոց լեզու եւ հանրահաշիվ առարկաներից։ Ըստ այդմ, օրինակ, հայոց լեզվից 1-3 գնահատական, այսինքն՝ անբավարար, ամենաքիչը ստացել են Երեւանում՝ 12.04 % եւ ամենաշատը Գեղարքունիքի մարզում՝ 30.7 %։ 9 եւ 10 գնահատականներ չեն արձանագրվել Սյունիքի մարզում, իսկ առավել շատ գրանցվել են Շիրակի մարզում՝ 2.6 %: Հանրահաշվի դեպքում եւս անբավարար գնահատականը՝ 1-3, ամենաքիչն արձանագրվել է Երեւանում՝ 17.5 %, համեմատաբար շատ է եղել Արարատի մարզում՝ 40.2 %։ 9 եւ 10 բալեր չեն արձանագրվել Արագածոտնի, Արարատի, Լոռու եւ Կոտայքի մարզերում, սակայն շատ են եղել Սյունքի մարզում:

Խաչանուշ Գրիգորյանի խոսքով՝ ընթացիկ գնահատումը հնարավորություն է տալիս հասկանալու՝ աշակերտներն ինչքան են տիրապետում առարկաներին, միաժամանակ, այդ կերպ դպրոցականները ծանոթանում են կենտրոնացված ավարտական քննության անցկացման ձեւաչափին՝ ինչպես լրացնել թեստը եւ պատասխանները ճիշտ անցկացնել ձեւաթուղթ: Աշակերտներն այսպես նաեւ վարժվում են՝ առաջադրանքները կատարել սահմանված ժամանակահատվածում: Նշենք, որ քննությունը տեւել է 60 րոպե: Յուրաքանչյուր առարկայի գնահատման համար օգտագործվել է թեստերի 8 տարբերակ:

Մինչ 2019 թվականը ընթացիկ արտաքին գնահատումը ԳԹԿ-ն իրականացնում էր միայն ավագ դպրոցներում եւ միայն անցած տարվանից որոշվեց, որ այն նաեւ 9-րդ դասարանում անցկացվի՝ հաշվի առնելով երեխաներին քննության նախապատրաստելու անհրաժեշտությունը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցում շեշտեց, որ միշտ էլ այն կարծիքին է եղել, որ ընթացիկ ստուգումները լավագույն ձեւն է քիչ թե շատ իրական պատկերն իմանալու համար։

«Անցյալ տարի, երբ որ նախարարությունը ներմուծեց հայոց լեզվի կենտրոնացված քննությունը, ես առաջարկեցի, որ ավելի լավ է, որ մենք որպես հիմք ընդունենք այդ ընթացիկ քննությունները՝ միջանկյալ ստուգումները, քան այդ ավարտական քննությունները։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում, որովհետեւ հայոց լեզվի այդ կենտրոնացված քննությունը, որ ներմուծվեց, մարդիկ սկսեցին մասսայաբար մասնավոր պարապել եւ դու արդեն այդ իրական պատկերը չես կարողանում ունենալ։ Այս դեպքում (ընթացիկ ստուգումների), քանի որ այն անակնկալ ստուգում է համարվում՝ չնախատեսված, ավելի իրական պատկեր է տալիս։ Տեսեք՝ եթե հայոց լեզվի քննությունից կտրվել էր աշակերտների մոտավորապես 5 տոկոսը, այս դեպքում արդեն 21 տոկոս է ստացվել, որը ավելի իրական պատկեր է»,- նշեց Խաչատրյանը։    

Խաչանուշ Գրիգորյանի խոսքով՝ համամատություն անցկացնելու հնարավորություն այս տարի չկա, բայց ԳԹԿ-ն այդ առումով որոշակի առաջարկ-ծրագրեր մշակում է.

«Ծրագրեր կան քննարկվող, օրինակ, որ ընթացիկ գնահատումն ավագ դպրոցում շարունակվի՝ 10, 11, ապա նաեւ 12-րդ դասարաններում, որպեսզի հնարավոր լինի ստուգել նույն երեխաների գիտելիքների փոփոխությունը տարիների ընթացքում: Բայց դրա համար՝ նախ օրենսդրական փոփոխություններ են պետք»։

Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ միջանկյալ գնահատումներին անհրաժեշտ է իրոք ավելի լուրջ վերաբերմունք՝ օգուտներն զգալու համար։ Դրանց պետք է հաջորդեն քննարկումներ եւ հետեւություններ, նաեւ՝ թեսթերի որակը բարձրացնելու առումով, ինչի անհրաժեշտությունը կրթության փորձագետը նույնպես տեսնում է։     

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button