ԿարևորՀասարակություն

«Դալալները» կարող են փորձել մոլորեցնել նաև ֆերմերներին. Գեորգի Ավետիսյան

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը սպանդանոցային մորթի անցման գործընթացում հիմնական ռիսկը կանխատեսել է մսի տեղափոխման օղակում, որտեղ «դալալները» կարող են փորձել մոլորեցնել նաև ֆերմերներին։

«Ընդամենը օրեր առաջ կանխագուշակել էի, որ սպանդանոցային մորթի անցման գործընթացում հիմնական ռիսկ տեսնում եմ այնտեղ, որ «դալալները»՝ ում հիմնական գործը մսի տեղափոխումն է, կարող են փորձել մոլորեցնել նաև ֆերմերներին։
Մեկ կամ երկու գլուխ կենդանի պահող գյուղացին երբեք իր միսը ինքնուրույն Երևան չի բերել, փոքր խանութների տերերը երբեք չեն ընկել գյուղերով՝ մեկ կամ երկու գլուխ կենդանի գնելու և տեղափոխելու, հենց այս օղակն ապահովել են այլ մարդիկ: Հույս ունեմ, որ բոլորդ գիտակցել եք, որ միակ ձևափոխությունը, որ կարող է լինել դա դաշտում քաղաքակիրթ տեղափոխումն ապահովողների ավելացումն է։
Գյուղացին չի տուժում»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

Մի քանի հարյուր անասնատերեր, գյուղացիներ երեկ տարբեր մարզերից կառավարության շենքի դիմաց բողոքում էին սպանդանոցային պարտադիր մորթի պահանջի դեմ: Նրանք նույն խնդրով բողոքի ակցիա էին իրականացրել նաև հունվարի 17-ին: Գյուղացիների պահանջն է, որ ամեն համայնքում լինի մեկ սպանդանոց, բողոքում են, որ սպանդանոցները հեռու են, ամեն անգամ չեն կարող իրենց անասուններին այդքան ճանապարհ տեղափոխել, գումար վճարել մորթ իրականացնելու համար:

Այս պահին հանրապետության տարածքում գործող 22 սպանդանոց կա. 1-ը՝ Արագածոտնում, 10-ը՝ Կոտայքում, 2-ը՝ Լոռիում, 2-ը՝ Սյունիքում, 2-ը՝ Արարատում, 1-ը՝ Տավուշում, 1-ը՝ Վայոց Ձորում, 2-ը՝ Երևանում: Եվս 20 սպանդանոց այս պահին կառուցման փուլում են, տեսչական մարմնից վստահեցնում են՝ շատերն  այս ամսվա վերջ շահագործման կհանձնվեն: Եվս 26-ը նախագծման ու թույլտվությունների ստացման փուլում են:

Ցուցադրել ավելի
Back to top button