ԿարևորՀասարակություն

Բնակարանի գնման վկայագրերի հանձնում՝ Գյումրիում

Շիրակի մարզում 9 գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով 148 անօթևան է հաշվառված։ Անօթևան ճանաչված ընտանիքներից 58-ը ցանկություն էին հայտնել բնակարանային շինարարության ծրագրից օգտվելու, 90 ընտանիք էլ բնակարանների գնման վկայագրեր են նախընտրել։ ԲԳՎ ծրագրի շահառուներից 10-ին Շիրակի մարզպետը հանձնեց վկայագրերը։

Շիրակի մարզում մեկնարկել է բնակարանների գնման վկայագրերի երկրորդ ծրագիրը: Բնակարանների գնման վկայագրերի երկրորդ ծրագրով կառավարությունը Շիրակի մարզի գյուղական 9 բնակավայրերի 90 ընտանիքի անօթևանի կարգավիճակից դուրս գալու համար հատկացրել է ընդհանուր հաշվով 535 մլն դրամ: Առաջին 10 շահառուներն իրենց վկայագրերը ստացան Շիրակի մարզպետից։ Հաջորդ շահառուների շուտով վկայագիր կստանան, ասում է Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։

«Մեր մոտ առկա են արդեն իսկ 30 ընտանիքների փաստաթղթեր, քաղաքացիների կողմից անընդհատ ընդունվում են մարզպետի անունով դիմումներ։ Այսօր մենք 10-ին տվեցինք, 20-ի վկայագրերը հիմա պատրաստվելու փուլում են, մի քանի օրից նրանց վկայագրերը կտանք արդեն մեր վարչությունում»,–ասաց Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։

Բնակարանների գինը որոշելիս հաշվի է առնվել Գյումրի և Արթիկ քաղաքների բնակարանային շուկայական միջին արժեքը։

«5 սենյականոց բնակարանի վկայագրի արժեքը 9 մլն 672 000 է, 4 սենյականոցի համար 6 մլն 45 000 է, 3 սենյականոցի համար 5 մլն 239 000 է և 2 սենյականոցի համար 4 մլն 433 000 դրամ  է»,– ասաց Մարգայանը։

Տիկին Աստղիկը Գուսաննա Գյուղից է երկրաշարժին տուն է կորցրել ու Գյումրիի ավտոկայարանի տարածքում տնակում հաստատվել։ Գյուղ չի վերադառնա, քաղաքում 3 սենյականոց բնակարան գնելու համար էլ ասում է 5 մլն 239 000 չի բավարարի։

«Դրանով մենք կարող ենք 1 սենյականոց գնել Գյումրիում, եթե կարիք լինի վրան կավելացնենք ու անպայման կգնենք»,– ասում է Գուսաննա գյուղի բնակիչը։

Թվով ամենաշատ անօթևանները Շիրակ գյուղում են, 30 ընտանիք, 27-տուն ձեռք կբերի գնման վկայագրերով։ 3-ընտանիք արդեն ստացան վկայագրեր, հիմա էլ վաճառվող բնակարան գտնելու հարցն է։ Շիրակի գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն ասում է գյուղում բնակֆոնդի խնդիր կա։

«5 հատ վաճառքի բնակարան կա հիմա գյուղում, այսինքն 22 ընտանիք գյուղից պետք է գնան, տեղափոխվեն Գյումրի կամ այլ համայնքներ, այդ է խնդիրը և ժամանակավոր կացարանների քնդումը, ինչը պարտադիր պայման է, բնակիչների մոտ դժգոհություն է առաջացրել, անասուններ են պահում, հողեր ունեն, տեխնիկա։ Այս դեպքում եթե գյուղում չկան վաճառքի բնակարաններ, ստիպված պետք է տեղափոխվեն համայնքից, և ովքեր որ գյուղատնտեսությամբ են զբաղվում էլ չեն կարողանա զբաղվել, էդ է հիմնական խնդիրը»,– ասաց Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը։

Բնակարանների գնման վկայագրեր ստացող ընտանիքները պետք է բնակարան ձեռք բերեն 6 ամիսների ընթացքում, այլապես վկայագիրն անվավեր կճանաչվի, պետությունն էլ ամեն դեպքում իր պարտքը  կատարած կհամարի։ Անօթևանների խնդիրներով զբաղվող կազմակերպություններն ասում են Շիրակի մարզում և հատկապես Գյումրիում ձևավորվում է բնակֆոնդի սակավության խնդիրը։ Չնայած պետությունը կատարել է իր պարտավորությունը երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքների հարցով, սակայն դեռ 2800 տնակ կա Գյումրիում և  տնակաբնակների թիվը ավելի քան 10 անգամ գերազանցում է վաճառվող բնակարանների թվին։

Ցուցադրել ավելի
Back to top button