Բեռլինում Թումո կենտրոնի բացումը՝ հոկտեմբերին


Այսօր` հունվարի 21-ին, Թումո Երևանում և KfW բանկի Բեռլինի ներկայացուցչությունում զուգահեռաբար, տեղի ունեցավ Բեռլինում Թումո կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը: Կենտրոնը գտնվելու է Բեռլինի արևմտյան հատվածում` պատմական Շառլոտենբուրգ թաղամասում: Այն իր դռները կբացի այս տարվա հոկտեմբերից` անվճար սովորելու հնարավորություն տալով 1200 ուսանողի:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց. «Այսօր ներկա ենք գտնվում մի իրադարձության, որն ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում կարևոր չէ երկրի աշխարհագրական դիրքը կամ բնական ռեսուրսների հարստությունը, կարևոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման»:


Թումո Բեռլինի հիմնադրման ծրագիրն իրականացվում է Թումոյի և KfW գերմանական զարգացման բանկի համագործակցությամբ:
Ինչպես իր խոսքում նշեց KfW բանկի գործադիր խորհրդի անդամ Ինգրիդ Հենգսթերը` կրթական ոլորտը իրենց ուշադրության կենտրոնում է. «Աջակցությունը կրթական ոլորտին KfW-ի հիմնական առաջնահերթություններից է: Թումոյի հետ իրականացվող այս նորարարական ծրագրով նպատակ ունենք տարածել թվային կրթությունը այն երկրներում, որտեղ KfW-ն ունի համագործակցություն: Միայն միմյանցից սովորելու դեպքում մենք իսկապես կարող ենք հաջողել այս թվային դարաշրջանում: Ուստի, ես հույս ունեմ, որ Գերմանիայում կգտնենք շատ գործընկերներ այս ծրագիրն իրականացնելու համար»:
Թումո Բեռլինի ուսանողները մասնագիտանալու են ծրագրի
10 ոլորտներում. ծրագրավորում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկական դիզայն, 3D
մոդելավորում, խաղերի ստեղծում, երաժշտություն, նկարչություն, լուսանկարչություն և
ռոբոտաշինություն:
Խոսելով կրթական ծրագրի առանձնահատկությունների մասին Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը
ընդգծեց. «Այն կրթական ծրագիրը, որը KfW-ի ու Թումոյի ջանքերով մեկնարկում է
Բեռլինում, հավակնոտ է: Այն ընդգրկելու է տեխնոլոգիաների և դիզայնի ամենաարագ զարգացող
ոլորտները, ինչպես նաև իրականացնելու է արհեստական բանականության, հաշվողական գրաֆիկայի,
ալգորիթմային երաժշտության նախագծեր. այն տալու է բազմաթիվ հնարավորություններ հայտնաբերելու
ապագայի մասնագիտությունները և պատրաստ լինելու դրանց»:


Բեռլինը Թումոյի հաջորդ միջազգային ուղղությունն է:Ծրագիրն արդեն գործում է Փարիզում և Բեյրութում, նախապատրաստվում է նաև բացել կենտրոններ Մոսկվայում, Տիրանայում, Տոկիոյում և այլ քաղաքներում: