ԿարևորՄշակույթ

Կամերային նվագախումբը հանդես կգա դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի հետ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2020 թվականի անդրանիկ համերգին հանդես կգա բացառիկ դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի հետ: Հունվարի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգային երեկոյի շրջանակում նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝Վահան Մարտիրոսյան) հետ հանդես կգա Եվրոպայում ճանաչում վայելող դիրիժոր Գևորգ Ղարաբեկյանը: Վերջինս, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է բազում հեղինակավոր բեմեր նվաճել: Ծրագրում ընդգրկված են Մոցարտի, Արենսկու, Շոստակովիչի ստեղծագործությունները:

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը համերգային ծրագրերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում, մասնակցել Փարիզի, Գրանադայի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Վենետիկի միջազգային փառատոներին, եղել միջազգային մրցույթների ժյուրիի անդամ: Նվագացանկն ընդգրկում է Յ.Բախի, Լ.Բեթհովենի, Ռ.Շումանի, Պ.Հինդեմիթի, Դ.Շոստակովիչի, Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Գ.Հովունցի, Տ.Մանսուրյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Նրա կատարումներն աչքի են ընկնում ուրույն մեկնաբանությամբ, մասշտաբայնությամբ, դրամատիկ հագեցվածությամբ: Դարձել է Անդրկովկասյան 2-րդ (1965թ., Թբիլիսի), Շումանի անվան միջազգային (Ցվիկաու, 1966թ., 2-րդ մրցանակ), Բախի անվան (Լայպցիգ, 1968թ., 3-րդ մրցանակ), Բելգիայի Եղիսաբեթ թագուհու անվան (Բրյուսել, 1972թ., 5-րդ մրցանակ), Սիդնեյի (1977թ., 2-րդ մրցանակ) և այլ մրցույթների դափնեկիր: 1977թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 1984թ.` ժողովրդական արտիստի կոչման, 1988թ.` ՀՀ Պետական մրցանակի: 2003թ. պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի», 2010թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց», 2016թ.՝ ՀՀ Պատվո շքանշաններով:

Back to top button