ԿարևորՔաղաքական

Սահմանադրական նոր բարեփոխումները Ծառուկյանին հիշեցնում են անցյալը

Աստիճանաբար ուրվագծվում են սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խմբի կազմն ու անելիքները։ Այսօր խորհրդարանական ուժերը հաստատել են այդ խմբում աշխատելու իրենց պատրաստակամությունը։

Փոխարենը փակագծերը չեն բացել այն հարցում, թե  Սահմանադրության հատկապես որ դրույթների փոփոխությունն են կարևորում։ Բոլորը ուժերը սպասում են աշխատանքի մեկնարկին։ Աշխատանքային խումբը, ըստ ամենայնի, կսկսի աշխատել փետրվարի սկզբից։  

Սահմանադրական բարեփոխումների աշխատանքային հանձնաժողովում կաշխատեն խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը։ Իր թեկնածուի անունը առաջինը հրապարակեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ ԼՀԿ–ից պատգամավոր Տարոն Սիմոնյանն է ներգրավվելու սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբում։

Այս ուժի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ սուպերվարչապետական համակարգը իշխանափոխությունից հետո պահպանվել է։ Իշխող ուժը չի ընդունում այս ձևակերպումը։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցնում է, թե ինչ նկատի ունեին, երբ ասում էին սուպերվարչապետական համակարգ եւ ինչ են արել վերջին շրջանում․

 «Օրինակ՝ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կամ ստիպողաբար ձևավորվող ՏԻՄ իշխանություններ։ Մենք այսօր նման բան չունենք։ Մենք ունեինք մի ընդդիմություն, որն իր լիազորություններով, գործառույթներով բավականաչափ սահմանափակ էր, ես չեմ հիշում, որ ընդդիմությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ երբևէ լինի այնքան ուժեղ, որքան այսօր է։ Ամենօրյա մակարդակով փորձում ենք հնարավորինս բալանսավորել իշխանությունը եւ տալ բավականաչափ լիազորություններ ընդդիմությանը, ինչը եւ  արվել է նախորդ տարվա ընթացքում»։

Սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խմբում «Բարգավաճ Հայաստան»–ի դիրքորոշումները կներկայացնի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Ծավալուն քննարկումներ սահմանադրական փոփոխությունների առնչությամբ այս կուսակցությունում դեռ չեն եղել։ Դիրքորոշումները կներկայացնեն, երբ հայեցակարգին ծանոթանան։

Այս աշխատանքները ԲՀԿ ղեկավարին ստիպում են հիշել անցյալը։ Գագիկ Ծառուկյանն իր վարկածն ունի, թե ինչու 2015–ը ծանր ստացվեց իր, թե իր կուսակցական ընկերների համար։

«Դուք բոլորդ գիտեք, թե 2015–ին ինչ կատարվեց Ծառուկյանի եւ ԲՀԿ–ի գլխին։ Հիմնականում հենց այս խնդիրն էր, որ կիսանախագահականը պետք է փոխվեր խորհրդարանականի։ Ասում էի, որ պատերազմող երկրում այդպիսի բան չպետք է լինի։ Դեմ էի միայն ես եւ ոչ մի քաղաքական ուժ ինձ չպաշտպանեց։ Ինչ պատահեց իմ թիմի հետ, բոլորդ գիտեք։ Իմ ակտիվիստներից 630–ին կալանավորեցին մեկ օրվա մեջ։ Այդ ամենը տեսնելով ասացի՝ լավ, կարող եմ քաղաքական էջը փակեմ, միայն թե բոլորին բաց թողեք։ Հիմա հայեցակարգը կներկայացնեն, կծանոթանանք, արդեն մեր առաջարկները եւ դիրքորոշումը կասենք»։

Իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցչի անունն առայժմ հայտնի չէ։ Խմբակցության ղեկավարը ենթադրում է, որ իրենց ուժը աշխատանքային խմբում կներկայացնի պետաիրավական հանձնաժողովի անդամներից մեկը։ Այս փուլում շատ է շրջանառվում այն վարկածը, որ սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է խորհրդարանական համակարգից կրկին անցնել կիսանախագահականի։ Այս տարբերակին հակված է  նաեւ արտախորհրդարանական ուժերի մի հատվածը, օրինակ Հայ ազգային կոնգրեսը։ Իշխող ուժն այս մտադրությունն առայժմ չի հաստատում։

Լիլիթ Մակունց․ «Ես կարող եմ ներկայացնել իմ անձնական կարծիքը, որ այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում։ Պետք է հանձնաժողովը, աշխատանքային խումբը քննարկի եւ ներկայացնի փաստարկներ, հակափաստարկներ, ու միայն դրա արդյունքում կարող ենք հասկանալ, թե  որ կողմն է ավելի ծանրակշիռ։ Ես կարծում եմ, որ սահմանադրական փոփոխությունների փաթեթում մեր շեշտադրումը լինելու է դատաիրավական համակարգի բարեփոխումների վրա»։

Սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբի  ձեւավորման մասին արդարադատության նախարարությունը հայտարարեց հունվարի 13–ին։ Հայտերի ընդունման համար դեռ կա 3 օր։ Մրցութային կարգով խմբում կընդգրկվեն 6 իրավաբան գիտնական և  քաղհասարակության երկու ներկայացուցիչ։ Հատկանշական է, որ սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբի կազմում մեծամասնություն լինելու են մասնագետները, ոչ թե իշխող ուժի ներկայացուցիչները։ Հանձնաժողովում ընդգրկվելու են նաեւ արդարադատության նախարարը, ՄԻՊ–ը, ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցիչը։

Սահմանադրական փոփոխությունների աշխատանքներին ի պաշտոնե ներգրավված չի լինելու ՍԴ նախագահը։ Թեև փոփոխությունների հայեցակարգ այս պահին չկա, կանխատեսվում է, որ այն պատրաստ կլինի 2–3 ամսից, Որպես սահմանադրական փոփոխությունների իրականացման  իրատեսական ժամկետ նշվում է այս տարեվերջը կամ 2021–ի սկիզբը։

Back to top button