ԿարևորՄշակույթ

Չլիներ քո պոեզիան՝ շատ խավար կլիներ մեր երկիրը․ Իսահակյանը՝ Կապուտիկյանի մասին

Հունվարի 20-ը Ամենայն հայոց բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի  ծննդյան օրն է: Ծննդյան 101-րդ տարեդարձի առիթով Կոմիտասի անվան պանթեոնը, որտեղ ամփոփված է նրա շիրիմը, այսօր մարդաշատ էր։ Միջոցառումը շարունակվել է նաև Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում։

Մտերիմներն ու նրա արվեստի երկրպագուները հիշել են, հուշեր պատմել ու մեկ անգամ ևս մեծարել սիրելի բանաստեղծուհուն ու մտավորականին։

«Նա սիրում էր իր ծննդյան օրը և նախընտրում էր նշել հարազատների ու մտերիմների հետ։ Այդ օրը վաղ առավոտից Կապուտիկյանի տան դռները չէին փակվում, ամբողջ տունը ողողվում էր ծաղիկներով»,– պատմում է Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի աշխատակից Անահիտ Քերոբյանը։

2006 թվականից ի վեր հունվարի 20-ին ծաղիկներով է ողողվում արդեն Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում գտնվող բանաստեղծուհու շիրիմը։ Ծննդյան 101-րդ տարեդարձի առիթով այն այսօր դարձյալ մարդաշատ էր։

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Թաթուլ Մանասերյան․ «Որևէ տարեդարձ, հոբելյան պայմանականություն է։ Ժամանակը անչափելի է, ինչ վերաբերում է Սիլվա Կապուտիկյանին, ապա նրան կարելի է տեսնել հավերժության մեջ։ Այսօր սկսվում է Սիլվա Կապուտիկյանի երկրորդ  100-ամյակը՝ արդեն անչափելի»։

«Իհարկե, մենք հավերժ պարտական  ենք Սիլվա Կապուտիկյանին։ Պարտական ենք այն ահռելի գրական, հոգևոր ու քաղաքացիական ժառանգության համար, որը թողեց մեզ և որն արդեն մի քանի սերունդ է կրթում, դաստիարակում, կապում իր լեզվի, հայրենիքի, նաև կորուսյալ հայրենիքի հետ։ Նաև հավերժ հաշվետու ենք Սիլվա Կապուտիկյանին․ ինչպես ենք պահպանում նրա ժառանգությունը, արժանի ենք այդ ժառանգությանը, թե ոչ»,– ասում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը։

Կապուտիկյանի գրականությունը սահմաններ չճանաչող գրականություն է։ Սա ընդգծելու համար գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանն իր հետ պատահած երկու միջադեպի է անդրադառնում․ «Շատ տարիներ առաջ որպես երիտասարդ քննադատ գործուղվել էի ուկրաինական մի գյուղ դասախոսելու։ Երբ ավարտեցի, երիտասարդ մի ուկրաինուհի հարցրեց՝ իսկ ինչ է հիմա գրում Սիլվա Կապուտիկյանը։ Պատկերացրեք՝ հեռավոր, հեռավոր այդ գյուղում։ Մյուս դեպքը տեղի ունեցավ բոլորովին վերջերս․ Անգլիայում պատահաբար հանդիպեցի նորվեգացի երիտասարադ մի բանաստեղծուհու։  Նորվեգացին ուր, Հայաստանն ուր, բայց այդ երիտասարդ աղջիկը դարձյալ հետաքրքրվեց Սիլվա Կապուտիկյանով։ Իսկապես զարմացած էի»։

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի վարիչ Արմենուհի Դեմիրճյանը բանաստեղծուհուն ճանաչել  է մանկուց, նրա հետ մտերմություն է արել  17 տարեկանից։ Ասում է՝ Կապուտիկյանն ամենուրեք և ամեն ինչում վեհ էր, ինչպես դրսում, այնպես էլ տանը։

«Նրա ներկայությամբ չէր կարելի թույլ լինել, պետք էր ձիգ լինել, ասելիքը՝ կշռադատված։ Իր էներգիայով վարակում էր բոլորին»։

Արմենուհի Դեմիրճյանի  տեղեկացմամբ, 2019-ին բանաստեղծուհու 100-ամյակի առիթով Մայր աթոռի ու անհատ բարերարների աջակցությամբ ամբողջությամբ վերանորգվել է տուն-թանգարանը, որտեղ նրա մասունքներն են ու, ինչպես տիկին Արմինեն է ասում, բանաստեղծուհու մասին թանկ հիշողությունները։

Ամենայն հայոց բանաստեղծուհի տիտղոսն ամբողջությամբ դեռ չի բնորոշում Սիլվա Կապուտիկյանին։ Նա ուներ իր կարծիքը մեր իրականության մեջ տեղի ունեցող և մեր ժողովրդի ճակատագրին ուղղակիորեն առնչվող ամեն մի դրսևորման վերաբերյալ և այդ կարծիքն արտահայտում էր իսկական մտավորականին վայել համարձակությամբ։

Նրա հետ կարելի էր չհամաձայնել, բայց չընդունել նրա մեծությունն ու ակտիվ ներկայությունը, անհնարին էր։87 տարեկան բանաստեղծուհին կյանքի վերջին օրերին էլ պահպանում ու փայփայում էր իր ժողովրդին միասնական տեսնելու երազանքը։

 «Սիլվա Կապուտիկյանը սոսկ բանաստեղծ չէր, այլ ազգ պահող մտավորական»,-այսպես է նրան բնորոշել արձակագիր Պերճ Զեյթունցյանը։ Իսկ Ավետիք Իսահակյանը Կապուտիկյանի մասին գրել է․ «Չլիներ ծովը, երկնքի պատկերը երկրի վրա չէր լինի, չլիներ քո պոեզիան՝ շատ խավար կլիներ մեր երկիրը»։

Ցուցադրել ավելի
Back to top button