ԿարևորՏնտեսական

Նվազեցնել արտաքին պարտքն ու ավելացնել ներքին պարտքը

Պետական ֆինանսների կառավարման համակարգի «2019-2023 թթ–ի բարեփոխումների ռազմավարության» մեջ  նախանշված կետերից է արտաքին  պարտքի նվազեցումն ու ներքին պարտքի ավելացումը։

Բացի այդ,  ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում   կմեծանա  ներքին ռեսուրսների ներգրավման ծավալը։ Ռազմավարությունը նախատեսում է նաև մինչև 2023թ.- ը տնտեսության մեջ առկա ստվերը կրճատել 20-25 տոկոսով։

Բավականին թափանցիկ, սակայն բարելավվելու հնարավորությամբ. մեր երկրի ֆինանսների  ոլորտի պատասխանատուն այսպես է բնութագրում հանրային ֆինանսների կառավարման գործընթացը Հայաստանում։

Ատոմ Ջանջուղազյանը վստահ է՝ բարելավելու տեղ միշտ կա․ «Այն կարծիքին չենք, որ մենք հասել ենք կատարելության։ Մենք շատ անելիքներ ունենք, սակայն շատ առաջընթաց ունենք նաև արձանագրած»։

Երաշխավորել հանրային բարիքի արդար բաշխումը․ ֆինանսների նախարարությունն այս տեսլականն է դրել այսօր հաստատված փաստաթղթում։

Վիճակագրական կոմիտեի գնահատականի համաձայն` չդիտարկվող, կամ ինչպես ընդունված է ասել, ստվերային տնտե­սու­թյունը կազմում է ՀՆԱ-ի մոտավորապես 20–25 %-ը: Ստվերի դեմ պայքարը կառավարության կարեւորագույն խնդիրն  է։

Ստվերային տնտեսության կրճատման ու մրցունակ բիզնեսին ուղղված հարկային քաղաքականության արդիականացումը հայտարարված առաջնահերթություն է։

Սա միայն պետական ֆինանսների տիրույթին վերաբերելի խնդիր չէ, բայց այստեղ շեշտադրումը հենց  հարկային քաղաքականությանն է ուղղված։

Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023թթ–ի բարեփոխումների ռազմավարության» մեջ  նախանշված կետերից է նաև արտաքին  պարտքի նվազեցումն ու ներքին պարտքի ավելացումը։  

Բացի այդ, ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներում կմեծանա ներքին ռեսուրսների ներգրավման ծավալը։   Կառավարությունը կփորձի  հնարավորինս ձեռնպահ մնալ լողացող փոխարժեքով և լողացող տոկոսադրույքով պարտքերի ներգրավումից, ինչը նույնպես մեր ռազմավարական ռիսկերից է։

Ֆինանսների նախարարությունում տեսել ու փաստաթղթում արձանագրել են՝ գործող հարկային օրենսդրությամբ սահմանված են բազմաթիվ հարկային արտոնություններ։ Անհրաժեշտ է գնահատել դրանց արդյունավետությունն ու հասցեականությունը։

Գնահատման արդյունքներով` ցածր արդյունավետություն ունեցող և հասցեականություն չունեցող հարկային արտոնությունները պետք է վերացվեն։ Բացի այդ, որպես խնդիր առանձնացվում է ֆիզիկական անձանց կողմից ստացվող եկա­մուտ­ների ամբողջական հարկումը:

«14 ուղղություններ են նախանշված ռազմավարության մեջ։ Բազմաթիվ թիրախային ցուցանիշեր են, որոնց մի մասը կոնկրետ քանակական , որակական արձանագրումներ են ենթադրում ՝ինչ որ մի ժամանակահատվածում»։

Նախկինում նմանատիպ մի փաստաթուղթ նույնպես դրված էր սեղանին։  Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն առանձնացնում է փաստաթղթերի տարբերությունը․

«Մակրոտնտեսական կանխատեսումների որակի բարձրացման խնդիր է։ Նախորդը եղել է գործիքակազմի ավելացում։ Հիմա փաստացիների ու կանխատեսումների շեղումները բավականին մեծ են, հետևաբար   խնդիրն ավելի շատ դրված է որակական փոփոխության վրա»։

Օրակարգում  նաև  պետական գնումների արդար և թափանցիկ համակարգի ներդրումն է։ Թեպետ ներդրման օրվանից սկսած կառավարությունում համոզված են եղել, որ նախկին վիճակի հետ համեմատած այն արդեն արդար ու թափանցիկ է, բայց նաեւ դրա մշտապես բարելավման անհրաժեշտությունն են տեսնում։ Վերջին ժամանակներում գնումների համակարգին անընդհատ անդրադարձը թույլ է տալիս ենթադրելու, որ այստեղ անելիքներ դեռ կան` ասում է  Ջանջուղազյանը։ Հուսով է, որ կհաջողվի որոշակի բարելավում արձանագրել նաև պետական գնումների համակարգում։

Հանրային  ֆինանսների ոլորտի փորձագետ Վահե Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ընդգծում է՝ չափելի գործակիցներ դնելիս արդյունավետությունը բարձրանում է` արձանագրում է Հովհաննիսյանը․

«Մարդիկ, ովքեր իրականացնում են ծրագրեր, իրենց համար ավելի հասկանալի է, թե ինչ ուղղությամբ պետք է ծախսեն իրենց  գումարները, ինչ արդյունքներ պետք է ստանան։ Սա և  բարձրացնում է  արդյունավետությունը, և հանրային շահի տեսանկյունից դրանց օգտագործման դիմաց ստացված արդյունքն ավելի շոշափելի է դառնում»։

Ռազմավարությունը նպատակ ունի  նախկինում կատարված բարեփոխումների հիման վրա համակարգն ավելի զարգացնել` ասում է հանրային ֆինանսների  փորձագետ Վահան Սիրունյանը։

«Ծրագրային բյուջետավորման ոլորտում կառավարությունը լուրջ աշխատանքներ տարել է։ Համակարգը ներդրվել է, ունենք ծրագրային ֆորմատով բյուջեում տեղեկատվություն։  Հետագա բարեփոխումները ուղղված են ավելի խորացնելու դրանք։ Որպեսզի մենք կարողանանք ավելի մոտենալ զարգացած երկրներին, հիմնականում ներդնելու ենք այնպիսի ուղղություններ, ինչպիսին են օրինակ մասնակցային բյուջետավորման պրոցեսների խորացումը»։ 

Կառավարության ծախսած հանրային միջոցների նկատմամբ հանրության վստահությունը շահելու համար  ՀՀ փոխվարչապետը կարևորում է նաև սոցիալական ծախսերի ավելացման անհրաժեշտությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button