ԿարևորՀասարակություն

Հայկական համայնքը անմասն է Լիբանանի անկարգություններից

Լիբանանում իրավիճակն անցած հանգստյան օրերին կտրուկ սրվել է: Կառավարություն ձևավորելու քաղաքական փորձերին զուգընթաց` երկիրը կրկին ալեկոծել են բողոքի գործողությունները, որոնց հետևանքով կան բախումներ ոստիկանության հետ, նաև տասնյակ վիրավորներ:

Լիբանանի նախագահ Միշել Աունն ու նորանշանակ վարչապետ Հասան Դիաբը երեկվանից քննարկում են նոր կառավարության կազմը։ Երկրի ղեկավարի կողմից հավանության արժանանալու դեպքում նախարարների կաբինետի ձևավորումը կարող է ավարտվել 48 ժամվա ընթացքում։

Քաղաքական քննարկումներին զուգահեռ՝ հանգստյան օրերին բազմաթիվ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Նախօրեին  արտահերթ ընտրությունների անցկացում պահանջող ցուցարարները, ճեղքելով ոստիկանական պատնեշը, փորձել են մոտենալ խորհրդարանի շենքին՝ «Հեղափոխություն» վանկարկելով։  

Բեյրութում ոստիկանությունը արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ է կիրառել խորհրդարանի մոտ հավաքված հարյուրավոր ցուցարարների դեմ։ Վերջիններս արձագանքել են քարեր ու շշեր նետելով։  Տարբեր աղբյուրների հաղորդմամբ, հանգստյան օրերին մարմնական վնասվածքներ է ստացել ավելի քան երեք տասնյակ մարդ։  Ակնկալվում է, որ երկրի նախագահն այսօր ուժայինների հետ հանդիպում կանցկացնի՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Բողոքի ալիքը սկիզբ է առել անցած հոկտեմբերից՝ միավորելով լիբանանյան հասարակության բոլոր ներկայացուցիչներին՝ անկախ կրոնից եւ համայնքային պատկանելությունից։ Պահանջները առավելապես սոցիալական բնույթի են՝ վերացնել համատարած կոռուպցիան, ստեղծել աշխատատեղեր, բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները։

 «Ազդակ»  թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը   «Ռադիոլուրի» հետ զրույցում փաստում է, որ եթե նախկինում ցույցերը քաղաքակիրթ բնույթ էին կրում, ապա այժմ նկատվում է դրանց ոճի կտրուկ փոփոխություն՝ խաղաղից ոչ խաղաղ բնույթի, ինչն իր մեջ վտանգներ է պարունակում։

«Իրավիճակի հանգուցալուծման եզրերն անորոշ են, քանի որ ցուցարարների պահանջները անվերջ փոփոխվում են։ Եթե կառավարության հրաժարականն էր սկզբում, ապա դա  եղավ։ Նոր՝ պրոֆեսիոնալների սեղմ կառավարություն ձևավորելու շուրջ էլ համաձայնություն կար։ Հիմա ասում են,  որ պիտի լինի անկախ, այսինքն` քաղաքական ուժերը և համայնքային կենտրոնները չպետք է միջամտեն կառավարության ձևավորմանը»,- ասում է «Ազդակ» պարբերականի խմբագիրը՝ հավելելով, որ առ այս պահը ցուցարարները  չունեն առաջնորդ,  լիազոր մարմին, որը խոսի իրենց անունից։

«Հայ համայնքը և հատկապես երիտասարդները որոշ առումներով մասնակցում են քաղաքակիրթ ցույցերին, բայց նման խուլիգանական արարքներին, բնականաբար, համայնքից մասնակիցներ չկան։ Հայ  համայնքը նման ոճի գործողություններին համաձայն չէ, ինչը, սակայն, չի նշանակում, որ առաջադրվող պահանջներին համաձայն չեն»,- նշում է

Գանտահարյանը՝ պատասխանելով հարցին՝ որն է հայ համայնքի դիրքորոշումը՝ հաշվի առնելով, որ խաղաղ բնույթ ունեցող ցույցերը վերաճել են անկարգությունների։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ փորձ է արվում արտաքին ուժերի կողմից «ճոճել» իրավիճակը երկրում, բանախոսը պատասխանում  է, որ հնարավոր է՝ արտալիբանանյան ուժեր անպայման շահագրգռված  կլինեն  այս իրավիճակում, որովհետև Լիբանանը քաղաքական և տնտեսական առումով բաց  հարթակ է տարբեր ուժերի, տարածաշրջանում գլխավոր խաղացողների միջև։

Այս ամենը նկատի ունենալով՝ Գանտահարյանը նշում է, որ եթե համաձայնություն լինի գլխավոր ուժերի միջև` լիբանանյան հասարակությունը դրա դրական ազդեցությունը կզգա։ «Տարածաշրջանի գլխավոր խաղացողների մոտ են պահվում դեպի հանգուցալուծում առաջնորդող փակ դռների բանալիները»,- նշում է նա։

Back to top button