ԿարևորՀասարակություն

Բողոքի ցույցեր Շիրակի մարզում

Այսօր կրքերը թեժ էին Շիրակի մարզի գյուղական մի քանի բնակավայրերում: Ախուրյան խոշորացված համայնքի կառնուտ բնակավայրի բնակիչները փակել էին Գյումրի-Ջրառատ միջհամայնքային ավտոճանապարհը` խոշորացված  համայնքի ղեկավարից պահանջելով արդար մոտեցում և փոխհատուցում անցած տարվա կարկտահարությունից տուժած գյուղատնտեսներին։

Անի խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերից Հայկաձորի, Բագրավանի, Ջրափիի բնակիչներն էին վաղ առավոտից փակել Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհը` պահանջելով չեղարկել անասունների մորթը սպանդանոցներում իրականացնելու կառավարության որոշումը:

Շիրակի մարզում այսօր առավոտից բողոքի ցույցեր էին, Կառնուտ գյուղի գյուղատնտեսները իրենց բնութագրմամբ անարդարությունից ու անտեսված լինելուց վրդովվել, միջհամայնքային ճանապարհն էին փակել։ Ասում են կարկտահարության վնասը չի հատուցվել, հատուցում ստացել են ծանոթ բարեկամները։

-Այսինքն՝ իրանց կռուգի մարդկանց են տվել, կողքիս հետ 100 տոկոս են գրել, իմը ոչ մի բան գրած չէ։ Ինչղ կեղնի օր 50 սանտիմետր հեռավորությամբ էդ մարդը, ստանա, ես՝ չէ:

Ախուրյան խոշորացված համայնքում գտնվող Կառնուտ գյուղում այս տարի երիցս տեղած կարկտահարության հետևանքով ավելի քան 500 հեկտար ցանքատարածք է վնասվել: Հատուցում չստացած գյուղաբնակները ցուցակ են կազմել, մարզպետին դիմել, ասում են մարզպետարանում ներողություն են խնդրել ու հարցը դարձյալ լուծում չի գտել։

Կառնուտցիների պնդմամբ՝ ստեղծված վիճակի հիմքում նաև Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանի անբարեհաճ վերաբերմունքն է իրենց գյուղացիների հանդեպ։

 -45 հոգու հարկադիրով դատի է տվել Իգիթյան Արծրունը, մենք վարկ չենք կռնա վերցնե, Հայաստանին բանջարեղենի 5 տոկոսը մեր գյուղն է մատակարարում։ Սեզոնին 500 աշխատող կա, քաղաքից, կողքի գյուղերից, հիմա մենք հեչ բան չենք կռնա էնե:

Բողոքավորների կրքերն ավելի թեժացան, երբ մոտեցան Ախուրյանի համայնքապետարանի աշխատակիցները:

-Ընչի մեզի խաբեցիք:   

Այնուհետև ցուցարարներին միացավ Շիրակի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը:

-Գնահատողը եղել է համայնքային հանձնաժողովը, համայնքային հանձնաժողովը ինչքան շահառուի, ինչքան հեկտարի ցանկ տվել է մեզ, մենք առանց փոփոխության ուղարկել ենք հանրապետական հանձնաժողովին, ու էդ մարդկանց անունները, որոնք կան ցուցակում համապատասխան հատուցում ստացել են, եթե 50 հոգու անուն գար, մենք պարտավոր էինք այդ 50-ը հատուցել, եկել է 20:    Մովսես Մանուկյանը կառնուտցիներին հորդորեց հանդիպել մարզպետի հետ, հարցը ևս մեկ անգամ քննարկել, այնուհետև շտապեց Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի Հայկաձորի հատված:  Այստեղ էլ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերից Հայկաձորի, Բագրավանի, Ջրափիի բնակիչներն էին վաղ առավոտից փակել Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհը` պահանջելով չեղարկել անասունների մորթը սպանդանոցներում իրականացնելու կառավարության որոշումը:

Ցուցադրել ավելի
Back to top button