ԿարևորՀասարակություն

Արտոնություններ հայրենադարձներին

Հայրենադարձությանը խթանող  օրենքի նախագիծը մի շարք արտոնություններ է սահմանում  հայրենադարձների համար։ Նրանք կկարողանան առանց մաքսատուրքերի  հայաստան տեղափոխել իրենց ապրանքները։

Օրենքի նախագծի վերաբերյալ մինչև ամսվա վերջ կլինի կառավարության դիրքորոշումը, որից հետո այն կհայտնվի Ազգային ժողովում: Նախագծի հեղինակները կարծում են, որ մինչև ապրիլի սկիզբ այդ արտոնություններն ամբողջությամբ կգործեն։

 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության առաջարկած հայրենադարձությանը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է: Օրենքն ընդունվելու դեպքում Հայաստան վերադարձողների  անձնական իրերը կազատվեն մաքսատուրքերից ու հարկերից։ Փոփոխությունը կվերաբերի նրանց, ովքեր  Հայաստանում չեն բնակվել  երեք տարի անընդմեջ։ Այսօրվա դրությամբ մաքսային կարգավորման  մասին օրենքը նախատեսում է որոշակի արտոնություններ 5 տարի Հայաստանում չբնակվածների համար։ Բացի սա, նախկին  կարգավորումներով, այն քաղաքացիները, որոնք ունեն անձնագիր, հաշվառված են Հայաստանում, ունեն իրենց սեփականությունը, համարվում են  այստեղ ապրող և չեն կարող օգտվել մաքսային կարգավորման մասին օրենքով առաջարկվող  արտոնություններից։

Սակայն  նոր փոփոխություններով  անձը, եթե փաստացի երեք տարի անընդմեջ այստեղ  չի բնակվել, կհամարվի հաշվառումից դուրս եկած և կկարողանա օգտվել այս նոր արտոնություններից։ Հայրենադարձությանը խթանող փոփոխությունները ներկայացնելիս` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ առանց մաքսատուրքեր վճարելու քաղաքացիները կարող են տեղափոխել անձնական օգտագործման գույքն ու  մեկ մեքենա մեկ անձի անունով, եթե այն 6 ամիս պատկանել է իրեն։  

«Եթե ընտանիքի անդամները մի քանիսն են,  իրենք ամեն մեկի անունով կկարողանան մեքենա ներկրել  և ամեն մեկի համար կգործի կառավարության կողմից սահմանված սահմանաչափերը։ Բայց կարևորը, որ այդ մեքենաները  պետք է իրենց անունով սեփականություն որպես  գրանցած  լինի Հայաստան վերադառնալուց առաջ առնվազն 6 ամիս։ Սա նաև ԵԱՏՄ պահանջների մեջ է մտնում»։

ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն իր հերթին ավելացնում է, որ  այս արտոնությունից ամեն քաղաքացի ամբողջ կյանքի ընթացքում կարող է օգտվել  մեկ անգամ։ Սակայն սրան զուգահեռ փոփոխություններ են նախատեսված  հաշվառում ունեցող   քաղաքացիների համար։ Այն քաղաքացին, որը  մեկ տարի  բացակայել է  երկրից և ցանկություն ունի վերադառնալու, իրենք կարող են   ապրանքներ մաքսազերծել  մինչև  5000 եվրոյի սահմաններում։ Նրանց դեպքում ավտոմեքենայի տեղափոխությունը կլինի գումարով։

«Իսկ  5000 եվրոյի արտոնությունը կապ չունի ՀՀ քաղաքացի ես, թե` ոչ, ունես գրանցում, թե` ոչ։ Եթե մեկ տարուց ավելի բացակայել ես Հայաստանից , կարող է մինչև  5000 եվրո արժողությամբ ապրանք ներմուծել առանց մաքսատուրքի։ Այս մի արտոնությունից քաղաքացիները կարող են օգտվել երեք տարին մեկ»։

Բացի այս` թիրախային փոփոխություններից բացի այլ փոփոխություններ ևս կան օրինագծում։ Զգալիորեն թեթևացվելու է  վարչարարությունը, ասում է ՊԵԿ նախագահի տեղակալը։

«Եվ փաստաթղթերի ցանկը, որ պահանջվում է քաղաքացիներից  արտոնություն ստանալու համար և  այլն, այդ ամեն ինչը վերանայվել է»։

Հայրենադարձողների համար նախատեսված արտոնությունները չարաշահելու փորձերին մաքսային ծառայությունը խիստ է արձագանքելու։ Նման դեպքեր ունենում են։  

Մնացած բոլոր պարագաներում, երբ միտումը Հայաստան վերադառնալն է և Հայաստանում բնակություն հաստատելը, ապա մաքսային մարմիններն անելու են ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները որևէ դժվարության չբախվեն, ասում է ՊԵԿ ներկայացուցիչը։

Օրենքը նաև նախատեսում է հետադարձ ուժ։ Եթե 2018 թվականի հուլիսի մեկից մինչ այսօր   կլինեն քաղաքացիներ, որոնց հայտը մերժվել է,  և մերժումը ստացել են  այստեղ մշտական բնակություն ունենալու պատճառով, այդ պարագայում մաքսային մարմինները կվերանայեն գործերը։ Եթե ինչ- որ  պատճառով քաղաքացու արտոնությունը մերժվել է և  ապրանքը մաքսային պահեստում է ու  չի մաքսազերծվել  և նոր  օրենքի շրջանակներում քաղաքացուն   կկարողանան տրամադրել արտոնություն, ապա այդ պարագայում ևս ՊԵԿ–ը պատրաստ է վերանայել գործերը և  առանց մաքսատուրքերի տալ քաղաքացիների ապրանքը։

«Մենք կարծում ենք, որ այս օրենքի ընդունումը կդյուրինացնի գործընթացը։  Բազմաթիվ են այն քաղաքացիները, որոնք ցանկանում են վերադառնալ»։   

Օրենքի նախագծի արտոնություններից կարող են օգտվել  նաև այն անձինք, որոնք մեկ կամ երկու տարի Հայաստանում սովորում են կամ աշխատում, ՀՀ քաղաքացի չեն և հիմա որոշել են մշտական բնակություն հաստատել այստեղ: Օրենսդրական փոփոխություններն ԱԺ–ում կքննարկվեն փետրվարին։

Ցուցադրել ավելի
Back to top button