ԿարևորՀասարակություն

13 տարի առաջ այս օրը սպանվեց Հրանտ Դինքը

2007 թ.-ի հունվարի 19-ին ժամը 15.00 ին, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրատան դռան առջև թուրք ազգայնականների կողմից սպանվեց պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը:

Կասկածյալին գտնելու հարցում օգնել է նրա հայրը, որը մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարն ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Որոշ քաղաքագետներ կարծում են, որ սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։

Այսօր Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագրի սպանության 13-րդ տարելիցն է:

Հոգեհանգստի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն Բալըքլըի հայկական գերեզմանատանը և Բաքըրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Ստամբուլի տարբեր վայրերում կկազմակերպվեն նաև Հրանտի հիշատակին նվիրված հանդիպում-քննարկումներ: «Ոմանք» հայկական երաժշտական խումբը Բեյօղլուում հանդես կգա Դինքի հիշատակին նվիրված համերգով։

Հիշատակի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն նաև Անկարայում, Իզմիրում, Բոդրումում։ Թուրքիայից բացի հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև Անգլիայում (Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի), ԱՄՆ-ում (Հարվարդ, Լոս Անջելես), Գերմանիայում (Բեռլին, Ուլմ, Աուգսբուրգ), Կանադայում (Օտտավա, Մոնռեալ), Նիդերլանդներում (Ամստերդամ) և Ավստրայում (Վիեննայի Սուրբ Հռիփսիմե հայական եկեղեցի)։

Ցուցադրել ավելի
Back to top button