ԿարևորՏնտեսական

Լոլիկի ցեց չի՞ լինի

Լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարը հաջողվել է։ ՀԱԱՀ-ի գիտնական-մասնագետները գործնականում հանգել են եզրակացության, որ հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ հնարավոր է արդյունավետ պայքար տանել՝ կիրառելով ճիշտ ագրոտեխնոլոգիական միջոցառումներ։

Եթե ժամանակին գիտականորեն հիմնավորված միջոցառումները ֆերմերները կիրառեն, ապա կարելի է ասել, որ այսուհետ բերքի կորստի խնդիր հայ ֆերմերները չեն ունենա։

Հայաստանում լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուն անցած 5-6 տարիներին բավականին մեծ անհանգստություն է պատճառել գյուղատնտեսներին՝ վնասելով բերքը։ Ծավալների մասին այս պահին դժվար է խոսելը, բայց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի փոխանցմամբ. «Եթե բուժումը ժամանակին ու ճիշտ  չիրականացվի կարող է բերքին վնասաբերությունը մինչեւ 90 եւ 100 տոկոս էլ հասնել»։

Այդպիսին է եղել անցած տարիների ռիսկը։ Հիմա պատկերն այլ կարող է լինել, քանի որ ՀԱԱՀ-ի մասնագետները՝ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների փորձնական ծրագիր են իրականացրել։ 

ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ոռուտյանի փոխանցմամբ՝ այդ վնասատուի դեմ պայքարի միջոցառումների փորձնական ծրագիրը հաջողությամբ է իրականացվել եւ արձանագրվել են դրական արդյունքներ։

«Այդ ծրագրի բոլոր արդյունքները գրանցված, նկարահանված են եւ մեր գիտնական-մասնագետների աջակցության արդյունքում կարող ենք արձանագրել, որ իրոք հնարավոր է պայքարել լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ, եթե իրականացնում ենք ճիշտ ագրոտեխնոլոգիական միջոցառումներ»։

Համալսարանի գիտնականները ցեցի դեմ պայքարի փորձնական ծրագիրն իրականացրել են Արարատի մարզի Ոսկետափ եւ Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքներում՝ 10 հեկտար ընդհանուր մակերեսի վրա։ Դրանք 5-ական հեկտար ունեցող երկու ֆերմերային տնտեսություններ են:

«Պետք է կարողանալ զանազանել՝ մենք ոչ թե ավելացրեցինք բերքի քանակությունը, այլ՝ պահպանեցինք եւ ապահովեցինք որակյալ բերք։ Մենք չունեցանք բերք, որը անպիտանի է եւ ոչ կիրառական»։ 

Ծրագրի ղեկավար Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ իրենց հաջողվեց ի վերջո կոտրել այն կարծրատիպը, թե ցեցի դեմ պայքարելն անհնար է։

Ամեն ինչի մասին տեղեկատվական գրքույկներով եւ սեմինարների միջոցով փոխանցվել են գյուղատնտեսներին ու եթե այս տարի ժամանակին իրենց կողմից մշակված համապատասխան միջոցառումներ իրականացնեն հողագործները, ապա արդյունքներից բավարարված կլինեն բոլորը՝ հողագործից մինչեւ սպառող։

Back to top button