ԿարևորՔաղաքական

Հայաստանն ու Արցախը կոչ են անում դատապարտել Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունները

Հայաստանի և Արցախի ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում հայտարարություն է ընդունվել

Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ.

««1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ և թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված և զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, թալանի և բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի ավելի քան քառորդ միլիոն տեղահանված հայությունը` որպես փախստական, բնակություն է հաստատել աշխարհի տարբեր երկրներում:

Հայերի զանգվածային կոտորածը Բաքվում արդյունք է դեռևս 20-րդ դարասկզբին կովկասյան թաթարական ծայրահեղական ուժերի և հետագայում Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված և ցայսօր շարունակվող հայերի նկատմամբ ռասայական խտրականության լայնածավալ քաղաքականության, որը հանգեցրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայ ազգաբնակչության կտրուկ նվազմանը, իսկ 1980-ական թվականների ավարտին նոր թափ առնելով՝ կենսական վտանգի արդյունքում Բաքվի և Ադրբեջանական ԽՍՀ  այլ բնակավայրերի հայ բնակչության վերացմանը:

Արձանագրելով, որ հակառակ միջազգային հանրության և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս ժխտում են իրենց ցեղասպան գործողությունները, նենգափոխում իրողությունները և խուսափում պատասխանատվությունից,

Ընդգծելով, որ Ադրբեջանում մինչ օրս շարունակվող պաշտոնական հայատյաց քաղաքականությունը և դրա համատեքստում իրականացված այս և այլ հանցագործությունները (Սումգայիթի և Կիրովաբադի ջարդեր, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Մարաղայի գյուղի հայ բնակչության կոտորած, 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված ռազմական գործողություններ Արցախի քաղաքացիական բնակչության և գերեվարված զինծառայողների նկատմամբ), հայկական մշակութային ժառանգության հետևողական վերացումը, ինչպես նաև Արցախի՝ ներկայումս Ադրբեջանի օկուպացիայի ներքո գտնվող տարածքների հայաթափումը, վկայում են, որ Ադրբեջանի իշխանությունների մոտ առկա է իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայերին և նրանց գոյության բոլոր հետքերը բնաջնջելու մտադրություն,

Հիմք ընդունելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայում (9 դեկտեմբերի 1948 թ.), Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում (10 դեկտեմբերի, 1948 թ.), Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայում (21 դեկտեմբերի, 1965 թ.), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին  միջազգային դաշնագրում (16 դեկտեմբերի 1966 թ.) և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը վերաբերող միջազգային այլ փաստաթղթերում ամրագրված սկզբունքները, որոնք նաև ամրագրված են բոլոր ժողովրդավարական պետությունների ներպետական օրենսդրություններում,

Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը ս.թ. հունվարի 18-ի համատեղ նիստի արդյունքներով՝

Ոգեկոչում է 30 տարի առաջ Բաքվում զոհված մեր հայրենակիցների հիշատակը և բարձրաձայնում հայ բնակչության կորուստների արդարացի հատուցման իրավաչափությունը և արդիականությունը,

Դատապարտում է Ադրբեջանական Հանրապետությունում շարունակվող պետական հայատյաց քաղաքականությունը,

Անընդունելի է համարում այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսևորում,

Վերահաստատում է, որ մարդկության դեմ հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ և ընդգծում, որ անցյալում կատարված հանցագործությունների դատապարտումը նոր հանցագործությունների կանխարգելման կարեւորագույն գրավականն է,

Կոչ է անում  խորհրդարաններին և խորհրդարանական վեհաժողովներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպան կառույցներին`

-դատապարտել Բաքվի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ոճրագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները, որոնք սպառնալիք են ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության, կայունության և զարգացման համար,

-գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման ուղղությամբ,

Վերահաստատում է, որ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները, հանդիսանալով իր հայրենիքում հայ ժողովրդի խաղաղ կենսագործունեության երաշխավորները, պահանջատեր են հայերի նկատմամբ տեղի ունեցած ոճրագործությունների դատապարտման և դրանց զոհերին և իրավահաջորդներին արդարացի հատուցում տրամադրելու համար»:

Ցուցադրել ավելի
Back to top button
Close