ԿարևորՔաղաքական

Հայաստանի և Արցախի խորհրդարանների նիստը՝ նվիրված Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին

Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճում ընթանում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստ:

Նիստը, որը նախագահում են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, նվիրված է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին: Նիստի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բաքվի ջարդերին զոհ գնացածների հիշատակը:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 30 տարի առաջ Բաքվում, Սումգայիթում ու Կիրովաբադում կազմակերպված հայերի ջարդերի և Ադրբեջանի իշխանությունների հակահայ քաղաքականության առկայության պարագայում անհնար է համարում Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի սուվերենության ներքո:

«Որպես ՀՀ ԱԺ նախագահ ևս մեկ անգամ ուզում եմ արձանագրել և վերահաստատել՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, այդ ջարդերի պարբերական բնույթը, կրկնությունը մեկ դարի ընթացքում մի քանի անգամ, դրանց նախորդած և հաջորդած հակահայ քաղաքականության մյուս դրսևորումները անհնար են դարձնում Արցախի հայության ֆիզիկական անվտանգ գոյությունը՝ Ադրբեջանի սուվերենության ներքո: Ըստ այդմ, Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, և Հայաստանի Հանրապետությունը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է»,- ասաց Միրզոյանը:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի կարծիքով՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերը հարևան պետության իշխանությունների կողմից կազմակերպված և իրագործված հանցագործություն է մարդկության դեմ:

«Այն, ինչ տեղի է ունեցել 1990թ. հունվարին Բաքվում՝ հանցագործություն է մարդկության դեմ՝ կազմակերպված և իրագործված հարևան պետության իշխանությունների կողմից: Մեկ շաբաթ շարունակ Բաքվի հայությունն իրենց բնակարաններում, աշխատանքի վայրում, կրթական և այլ հաստատություններում ենթարկվել է նվաստացման, խոշտանգումների և ջարդի, որի արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվել են, իսկ հազարավորները տեղահանվել և արտաքսվել»,- ասաց Ղուլյանը:

Արցախի ԱԺ նախագահի խոսքով՝ այն, որ տեղի ունեցածը կոծկվելու էր հարևան երկրի իշխանությունների կողմից, պարզ էր հենց ամենասկզբից:

«Այդ գործողությունները մաս էին կազմում 1988թ. ազատության համար պայքարի ելած Արցախի հայությանը ճնշելու ամբողջական քաղաքականության, որը դրսևորվել է 1988թ. փետրվարին՝ Սումգայիթում, նոյեմբերին` Գանձակ (Կիրովաբադում), 1990 թվականին՝ Բաքվում: Ցավալի է, որ երեսուն տարի անց էլ Ադրբեջանը շարունակում է իր անցյալի հանդեպ պատասխանատվությունից խուսափելու վարքագիծը՝ հունվարյան դաժան օրերի սլաքներն այլ ուղղությամբ տանելու և իրեն, որպես զոհ ներկայացնելու միջոցով»,- նշեց նա:

Երեսուն տարի առաջ՝ 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում դաժան սպանդի զոհ դարձան և բռնի տեղահանվեցին տասնյակ հազարավոր հայեր: Հայերի նկատմամբ 6 օր դրսևորված վայրագություններից հետո շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը հայաթափվեց: Տեղի ունեցած ջարդերը կազմակերվել էին Ադրբեջանի ժողովրդական ճակատի (ԱԺՃ) կողմից, իսկ իշխանությունները հովանավորում էին դրանք:

Ցուցադրել ավելի
Back to top button