ԿարևորՀասարակություն

Ծխամորճ. վնասակար սովորությո՞ւն, թե՞ մշակույթ

Առաքել Տոնոյան
«Ռադիոլուրի» համար

Նախորդ դարերից մեր օրեր են հասել մի շարք սովորույթներ։ Ոմանց այսօր անգամ ասում ենք վնասակար սովորույթներ։ Սակայն այս որակումը չի նշանակում, թե չի կարելի խոսել այդ երեւույթների մասին։ Մի սովորություն, որ 500 տարի առաջ Արեւմուտքից եկել է Արեւելք։

Զրույցից առաջ զրուցակիցը հանում է ծխամորճը, լիցքավորում այն, վառում, սկսում ծխել․ «Պետք է ծխել դանդաղ, որպեսզի ջերմաստիճանը շատ չբարձրանա, ծխում ես՝ վայելելով թութունի համային երանգները, իսկ արագ ծխելով, նախ բավականություն չես ստանա, և հետո կա վտանգ, որ կփչացնես ծխամորճը։ Վերջապես սա փայտ է, այլ ոչ թե պողպատ կամ քար»։

Այսօր երևի թե բոլորն էլ ծխամորճ ասելով առաջին հերթին պատկերացնում են տարեց մտավորականի՝ ճոճաթոռին նստած, կոնյակի բաժակը ձեռքին, կամ էլ որևէ դետեկտիվ ժանրի հերոսի։ Այս կարծրատիպը թերևս կոտրելու ժամանակն է։

Մեր հերոսը ոչ Շերլոկ Հոլմս է, ոչ էլ տարեց մտավորական։ Մոտ 35 ամյա կիթառահար Վահագն Ջենթերեջյանը մանկուց համակրանք է ունեցել ծխամորճերի նկատմամբ և արդեն 5 տարի է այն իր համար դարձրել է կարևոր մշակույթ։

«Սա կուլտուրա է, այլ ոչ թե օրգանիզմում նիկոտինի պահանջը բավարարելու միջոց։ Ինչպես են լավ գինու կամ կոնյակի փորձարկողները․ իրենք չեն խմում, իրենք համտեսում են, վայելում այդ խմիչքը։ Նույնը ծխամորճն է։ Ընդ որում տեսականին բազմազան է, խելքից դուրս, տարբեր որակների, համերի ու գների»,– ասում է զրուցակիցս։

Տարբեր ծառատեսակներ ՝ բալենին, տանձենին, հացենին, ձիթենին ծխամորճերի հիմքն են։ Ծառի արմատը կտրելուց հետո փայտը եփում են հատուկ յուղերի մեջ, մշակում, հետո առնվազն մեկ տարի էլ չորացնում։ Այս ամենից հետո նոր սկսում են ծխամորճ պատրաստել։   

Կիթառահարը ծխելիս դադարներ էր վերցնում, պարբերաբար կիրառում մի իր, որի նպատակն անհասկանալի էր թվում։

«Այս գործիքը կոչվում է տամպեռ, ծխելուց ժամանակ առ ժամանակ ես՝ արդեն իսկ այրված թութունը, նստացնում եմ, իջեցնում այրված շերտը և նորից վառում եմ դեռ չայրված թութունը, հակառակ դեպքում մոխրացած մասը թույլ չի տա, որ կրակը հասնի թութունին»,– նշում է կիթառահարը։

Հենց հնդկացիներն էլ առաջինն սկսել են ծխամորճ վառել։ Նրանց մշակույթում ծխամորճ ծխելը դարձել է ծիսակարգ։ Նրանց առաջնորդը, լույսը բացվելուն պես, վառել է այն և ծխել։ Հնդկացիներն այդ տարբերակով կապ են հաստատել իրենց աստվածների հետ կամ ծուխը փչելով հյուսիս–հարավ, արևելք–արևմուտք՝ վանել չար ուժերին։ Նույն ծխի միջոցով բուժել են նաև հիվանդներին։

Այնուամենայնիվ, ծխամորճասերները իրենք էլ ասում են, վնասակար է առողջության համար։

«Ծխամորճը մեղր կամ հոնի մուրաբա ուտել չէ, և ցանկացած գիտակից մարդ հասկանում է, որ այն վնասակար է առողջությանը, բայց համեմատության մեջ սովորական ծխախոտի հետ սա ավելի անվտանգ է։ Ծխամորճը չեն ծխում թոքերով, ծուխը պահում են բերանում և փչում։ Այդքանով իսկ այն ավելի անվտանգ է»,– ասում է Վահագն Ջենթերեջյանը։

Մոտ 5 տարի է Երևանում գործում է «Ծխամորճ» ակումբը։ Գաղափարի հեղինակը երգահան Արմեն Մովսիսյանն է: Ակումբի ամենաերիտասարդ անդամներից մեկը Վահագն Ջենթերեջյանն է։ Նրա խոսքով ամիսը 2 անգամ հավաքվում են, ծխում, զրուցում նոր ծխամորճերի մասին և ոչ միայն։ Պարզվում է, որ ծխամորճը ոչ միայն ծխում են, այլեւ` ծխեցնում։

«Նոր ծխամորճը ճիշտ է ծխեցնել։ Սկզբում ՝ առաջին մի քանի անգամը, լիցքավորում են 1/3-րդով, որպեսզի փայտը կամաց–կամաց սովորի տաքությանը։ Հետո լցնում են 2/3-րդը, մի քանի անգամ ծխում այդպես, այնուհետև լիցքավորում ամբողջությամբ։  Չնայած սա դոգմա չէ, կան մարդիկ, որ նոր ծխամորճը միանգամից լիցքավորում են ամբողջությամբ և ծխում այդպես․ սա ընդամենը ճիշտ ձևն է»,– նշում է զրուցակիցս։

Ծխամորճի մեկ ամբողջական լիցքավորումը ենթադրում է 3-4 գրամ թութուն, որը համարժեք է մոտավորապես 6-8 սովորական գլանակի։ Կիթառահարի հավաստմամբ` օգտագործման հաջորդ կարևոր բաղադրիչներից մեկը ջերմաստիճանն է։

«Ծխելուց փայտի ջերմաստիճանը մարմնիդ ջերմաստիճանից չպետք է շատ  բարձրանա։ Եթե ծխամորճը շատ տաքանա, կարող է պարզապես այրվել և փչանալ։ Գոլ ծխելու պարագայում 3-4 գրամ թութունը կարող ես ծխել շատ երկար, գիտակցաբար, վայելելով, հասկանալով և հանգստանալով»,– բացատրում է Ջենթերեջյանը։

Կիթառահարի կարծիքով` ամենադիմացկուն ծխամորճերը «Բրիառ» ծառատեսակից պատրաստվածներն են։

«Կա ազգային ծառատեսակ, որը կոչվում է բրիառ։ Բրիառը 18-րդ դարի կեսերին հայտնաբերել են Ֆրանսիայում։ Այն բարդու պես բարձր ծառ է, որի արմատից պատրաստում են բրիառից ծխամորճը։ Ընդ որում` 30 տարեկանից ցածր ծառը չեն կտրում և ինչքան ծառի արմատի տարիքը բարձր է, այնքան ավելի որակով ու գնահատելի է ծխամորճը։ Այդ ծառի արմատն է, որ դիմացկուն է, հրակայուն  և հեշտ մշակվող»․–պատմում է Վահագն Ջենթերեջյանը։

Ծխամորճը ծխելուց հետո այն առնվազն 30 րոպե պետք է հանգստանա, սառչի, հետո նոր քանդում են, մաքրում  հատուկ խոզանակների օգնությամբ, եթե կա ֆիլտր հանում են, տեղադրում նորը և թողնում, որ 24 ժամ հանգստանա, որպեսզի նորից կիրառելի լինի։ Բոլոր ծխամորճ ծխողներն ունեն մի քանիսը, մեկ ծխամորճով ծխում են օրական մեկ անգամ։

Հայաստանում ծխամորճերի արժեքը սկսվում է 2 հազար դրամից և հասնում մոտ 7 հազար դոլարի։

Շատերի համար անհասկանալի է ոչ միայն այս գինը, այլեւ ծխամորճ բառի «մորճ» արմատը: Այն նշանակում է «ոստ, ճյուղ»: Ճյուղը միանում է ծխին և հրդեհի փոխարեն վերածվում մշակույթի։

Ցուցադրել ավելի
Back to top button