ԿարևորՀասարակություն

«Բոլոր դիրքապահները թագավոր տղաներ են». Ադրբեջանի ծածուկ հարձակումը կանխած զինվորը

Արցախի հյուսիս–արեւելյան հատվածը գտնվում է հակառակորդի  հարձակումների մշտական թիրախում։ Ապրիլյան պատարեզմը սկսվեց հենց այս հատվածից, դիվերսիոն փորձերը կատարվում են հաճախ։

Ինչո՞ւ է արդրբեջանցիների համար կարեւոր այս հատվածը։  Ըստ ռազմական փորձագետների, այստեղ փակվում է դեպի Արցախ հակառակորդի մուտքը, Արցախի ՊԲ–ն է բարձրադիր  ճակատային հատվածով դիտարկում  իրականացնում հակառակորդի մի քանի քաղաքների վրա, ինչպես նաեւ Բաքու տանող ճանապարհատվածն է գտնվում մեր ուժերի հսկողության ներքո, որը կարելի է ասել սեպի նման խրված է Ադրբեջանի մեջ, եւ անառիկ  է մնում հայ զինվորների անձնուրաց եւ նվիրական պայքարի շնորհիվ։ 

Այսօր կանդրադառնանք Ջրաբերդի ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն հարձակումը կանխած, «Հայրենիքին մատուցած ծառայության համար» առաջին աստիճանի մեդալի եւ «Արիության համար» մեդալի շքնաշանակիր Արմեն Հովհաննիսյանին։

2014 թվականի հունվարի 19–ի լույս 20–ի գիշերը՝ ժամը 23-50–ի սահմաններում  ադրբեջանական 30 հոգանոց խումբը՝ գերժամանակից զենքերով զինված, հարձակվում է  Մատաղիսի՝ Ջրաբերդ  դիրքի վրա՝ խրամատներով փորձ անում շարժվել առաջ, սակայն հանդիպում է արգելապատնեշի։ Ադրբեջանցիները խլացուցիչ զենքով  սպանում են սահմանը հսկող  շանը՝ մտածելով, որ գործողությունը աննկատ կմնա, սակայն խրամատում հերթապահության կանգնած կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար Արմեն Հովհաննիսյանը զգում է գլխավերեւով անցող խլացուցիչից արձակված փամփուշտի շարժը։ Դեռ 20 տարին չբոլորած երիտասարդ զինվորն արագ կողմնորոշվում է, եւ դիվերսիոն փորձի մասին տեղյակ պահում հրամանատարությանը։ Տիկին Մարինեն՝ Արմենի մայրը, փաստերի, ժամերի, վայրկյանների ճշգրտությամբ պատմում է կեսգիշերին մոտ սկսված եւ ժամեր շարունակված փոխհրաձգության մանրամասները։

«Ոչ մի ձայն չի եղել, պատկերացրեք առանց աստղերի գիշեր։ Նկարի վրա երեւում է Արմենի խրամատաբջիջը, այստեղից է նա վարել անհավասար մարտը։ Թշնամին կատաղի կրակել է, սկսվել է փոխհրաձգություն։ Արմենը մինչեւ վերջին փափմփուշտը կրակել է, մի քանի ադրբեջանցի սպասնել, վիրավորել։ Երբ վերջացել են փամփուշտները, փորձել է վազել դեպի գնդացիրը եւ մեծ զենքով շարունակել մարտը։ Մինչ այդ արդեն բեկորային վիրավորում է ստացել, եւ ծանր վիրավորված շարունակել է դիմադրությունը։ Թշնամին գիշերային հեռահար տեսանելիության հեռադիտակով տեսել է բաց տարածությունում վազող զինվորին ու այդպես լռեցրել՝ խոցելով»,- պատմում է Տիկին Մարինեն։ 

Փոխհրաձգությունը շարունակվել է մինչեւ լուսաբաց։ Մինչեւ հարակից դիրքերից հասել են օգնության՝ Արմենի կյանքը փրկել չի հաջողվել։ Մարտի ժամանակ ՊԲ զինվորներից զոհվել է միայն Արմենը, բարեբախտաբար ուրիշ զոհեր չենք ունեցել՝ ասում է միայնակ Ջրաբերդի դիրքը պահած հերոսի մայրը, եւ արցունքները զսպելով  շարունակում` որդին կռվել է հակառակորդից 25 մետր հեռավորության վրա։ «Նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կկատարվեր դիվերսիան չկանխելու դեպքում։ Արմենն ուներ երկու ճանապարհ՝ մահերից մեկնումեկը, եւ Արմենն ընտրել է պայքարը, ես պետք է հարգեմ իր որոշումը, որքան էլ դժվար լինի»,–նշում է տիկին Մարինեն։

«Կորստյան մասին լուրի առաջին րոպեներից, անգամ այս մասին չեմ ցանկանում խոսել կամ բարձրաձայնել, վազեցի Արմենի ննջարան, վերցրեցի սենյակում դրված փոքրիկ սրբապատկերը, ու այնքան ամուր սեղմեցի, որ ինձ վնասեցի։ Լուրը լսել էի, բայց չէի գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, չէի հասկանում շատ բան։ Ավելի ճիշտ սիրտս չէր ուզում հավատալ, ընդունել։ Մինչեւ վերջ Աստծուն աղերսում էի, որ սուտ լինի։ Ցավոք, այդպես չեղավ, բայց ես Աստծուն չեմ մեղադրում»։

2014 թվականի հունվարի 19- ի լույս 20- ի գիշերը տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցման փորձը, ինչպես Հայաստանի եւ Արցախի ՊՆ բարձրաստիճան հրամանատարներն են փաստել, հնարավոր է եղել կանխել Արմենի զգոնության եւ անձնազոհության շնորհիվ։ «Արմենը» գրքում մարտական ընկերներն են պատմում տեղի ունեցածը. անասելի ծանր պայքար է եղել։ Լինելով ջոկի հրամանատար` նա առաջինն է նետվել մարտի, չի թողել, որ զինվորներն իրենից առաջ անցնեն։ Նա միշտ հոգատար է եղել բանակային ընկերների նկատմամբ։

Եթե դիվերսիոն գործողությունը չկանխվեր եւ միայն Ջրաբերդի մարտական մեկ դիրքում հակառակորդը հաջողություն ունենար, ապա կսկսեր մարտական գործողություններ վարել սահմանի աջ եւ ձախ կողմերում։ Տիկին Մարինեն, համադրելով ռազմական փորձագետների զրույցները, հավելում է, որ Բաքվի ջարդերից հետո ադրբեջանցիները հունվարի 20–ին միշտ փորձում  են գործողություններ իրականացնել հայերի դեմ։ Այս ձախողված հարձակումից հետո թշնամին նահանջում է 7 զոհ, 25 վիրավոր տալով։ Սա՝ ըստ պաշտոնական լրահոսի։  

«Զինվորի  երդումը ես պարբերաբար լսում եմ, ամեն անգամ մեծ ուշադրությամբ եմ լսում․ «Ժողովրդի կողմից ինձ վստահված մարտական դիրքը երդվում եմ պահել  անձնվիրաբար, կրել Հայրենիքի զինվորի հավերժական կոչումը»։ Սրանք օդում ասված խոսքեր չեն։ Դրանցից զինվորները  ոգեւորվում են, հասկանում, որ շատ կարեւոր գործ են անում։ Երբեմն ասում են զինվորի գործը եւ հայրենիքը նույնանում են։ Այո, Արմենը հավատարիմ մնաց զինվորի իր երդմանը»,- հպարտությամբ ասում է հերոսի մայրը։

Տիկին Մարինեն եւ իր ընտանիքի անդամները Մարտակերտի զորամասում սպասված հյուր են, հաճախ են այնտեղ լինում, բայց մարտական դիրքեր տիկին Մարինեն երբեք չի բարձրացել, ավելի ճիշտ՝ ամուսինը թույլ չի տվել, մտածելով, որ դիրքում կինը  հոգեբանական ծանր վիճակում կհայտնվի։ Դեպքից 6 տարի անց որոշել ու վճռել է անպայման գնալ։ «Արմենն ինձ է սպասում, որդուս հետ հանդիպումը, ինձ թվում է այնտեղ կլինի»,–ասում է հերոսի մայրը։

«Ամուսինս արդեն չեմ հիշում քանի անգամ է բարձրացել դիրքեր, եւ սանտիմետր, սանտիմետր նայել, զննել, ու տեղյակ է ամեն ինչից։ Ես ոչ՝ չեմ բարձրացել։ Ցավը ժամանակի հետ չի մեղմվել, բայց այսօր ուզում եմ բարձրանալ։ Ներքին զգացողություն ունեմ, որ մարտական դիրք բարձրանալուց հետո կսփոփվեմ, կմխիթարվեմ կզգամ Արմենի ներկայությունը։ Ինքը մշտապես այնտեղ է, չի վերադարձել այնտեղից։ Հուսով եմ, հանդիպումը տեղի կունենա շուտով։ Եվ Արմենի դիրքում մարտական հերթապահություն անող տղաներին տեսնելով կտեսնեմ եւ իմ որդուն, նրանց մեջ կփնտրեմ Արմենին»։

Արմենի ննջասենյակը այսօր վերածվել է փառքի անկյունի, որտեղ այցելում են հարյուրավոր դպրոցականներ, հասարակ քաղաքացիներ եւ ծանոթանում նրա եւ իր  նման հերոսների մարտական անցած ուղուն։ Նախախնամությո՞ւն,  ըստ տիկին Մարինեի, հարձակումից ժամեր առաջ Արմենը եւ իր ընկերները միասին լուսանկարվել են, այդ օպը նա նաեւ առանձին՝  դիրքապահի համազգեստով նկար ունի։ Ու դա Արմենի վերջին նկարն է։ Դրանով է բացվում նրա փառքի անկյան դուռը եւ ուղղորդում հերոսի սենյակ, որտեղ պետք է կոկիկ եւ ճաշակով դասավորված լինեին Արմենի քաղաքացիական հագուստները, օգտագործման իրերը, բայց ով կմտածեր, որ ննջարանը կդառնա՝ թանգարան։

Պատմելով որդու մասին, ինձ գրավեց եւ այսպես ասած ուժ տվեց հետեւյալը, տիկին Մարինեն, աշխատում էր մեջքով չկանգնել Արմենի մեծ նկարին, խոսում էր նայելով ժպտադեմ Արմենին, ներկայացնում մարտական հերոսության դրվագները, առանց որդուն հերոսացնող ձեւակերպումների, ու  զգացմունքները խեղդում ՝ պարբերաբար ուղղելով պարանոցից կախված Հայաստանի պետական զինանշանը պատկերող մանյակը։ «Անկորուստ վերադարձ եմ մաղթում բանակ ճանապարհող բոլոր ծնողներին»,–ասում է տիկին Մարինեն` ձեռքով ցույց տալով թանգարանում հպարտ կողք–կողքի դրված Հայաստանի եւ Արցախի դրոշները։

Նշեմ, որ Ջրաբերդի այդ դիրքն այսօր կոչվում է Արմենի անունով։ Երբ զինվորները բարձրանում են մարտական հերթապահության, հրամանատարները ներկայացնելով հնարավոր ռսկերը որպես օրինակ պատմում են Արմենի սխրանքը։  Կրկին պատահականություն է, թե` ոչ, բայց մահից երկու օր առաջ Արմենը ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է անում․ «Բոլոր դիրքապահները թագավոր տղաներ են»։ Այսօր այդ խոսքերը գրված են Արմենի դիրքում  տեղադրված  հուշատախտակին…

Ցուցադրել ավելի
Back to top button