ԿարևորՀասարակություն

Ճարտարապետները պատրաստ չեն պետությանը զիջել արտոնագրման իրավունքը

Քաղաքաշինության կոմիտեն եւ ճարտարապետների պալատը չեն կարողանում կիսել մասնագետներին լիցենզիա եւ արտոնագիր տալու լիազորությունը։ Այսօր երկու կառույցի ներկայացուցիչները հանդիպել են խորհրդարանում, բայց քննարկում, ըստ էության, այդպես էլ չի ծավալվել։  

Հանդիպման մասնակիցներն ավելի շատ վիճել են, քան քննարկել։  Բանավեճի առարկան  «Լիցենզավորման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն են։ Դրանցում ճարտարապետները վտանգներ եւ լուրջ խնդիրներ են տեսնում։  

Ճարտարապետները պատրաստ չեն պետական կառույցին զիջել այն լիազորությունը, որը նրանց տրվել է երկու տարի առաջ։ Խոսքը մասնագետների արտոնագրման մասին է։ Կադաստրի պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնից վերջերս հրաժարական ներկայացրած Սարհատ Պետրոսյանը այսօր խորհրդարանում սաստում էր Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչներին․

 «Այն ազդակները, որ մենք ստանում ենք, ես գոնե եզրակացնում եմ, որ սա դիտմամբ է արվում։ Ինչ-որ մեկն ուզում է «յորղանն» իր կողմը քաշել։ Ծոծրակը կտեսնի այն մարդը, ով կուզենա այն գործառույթը, որը մենք Քաղաքաշինության կոմիտեից վերցրել ենք, տալ քաղաքաշինության կոմիտեին։ Չի լինելու դա»։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում տեղադրված է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ առաջարկող  նախագիծը։  Նախատեսվում է ներդնել առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի լիցենզիաների ձեւեր՝ դրանց տրամադրման իրավունքը ՀԿ հանդիսացող Ճարտարապետների պալատից փոխանցելով Քաղաքաշինության կոմիտեին։ Ինչո՞ւ է պետությունը մտափոխվել եւ  որոշել  արդեն երկու տարի ազատականացված դաշտի վերահսկողությունը մասնավորից փոխանցել պետական կառույցին։

«Լիցենզիան նույնն է լինելու, տարբեր է լինելու դրա ռիսկայնության աստիճանը։ Մի մարդ, որ ամբողջ կյանքում բնակելի տուն է գծել, չի կարող օդանավակայան գծել։ Սրա մասին է խոսքը։ Տնտեսությունը ոչ թե տնտեսվարողին, ոչ թե անհատին լիցենզավորի եւ կազմակերպության հետ կարողանա հարաբերվել։ Անընդհատ ճարտարապետ ենք ասում, լիքը կազմակերպություններ կան, որ մասնագիտացված են միայն օդափոխության համակարգերի նախագծման վրա, բայց  ունի լիցենզիա։ Մենք ասում ենք՝ բոլորը պետք է որակավորվեն եւ դրա արդյունքում ստանան ուղղակի լիցենզիա, ոչ թե մասնագետները, այլ այն կազմակերպությունը, որը պետք է որպես տնտեսվարող սուբյեկտ հանդես գա»,- ասաց Քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը։

Ըստ ճարտարապետների՝ կա ընդհանուր պատասխանատվության խնդիր։

 «Ռիսկերի կառավարման համար լավագույն լուծումը անձնական պատասխանատվությունն է։ Ավելի լավ ուրիշ լուծում աշխարհում հորինված չէ։ Իրավաբանական անձի հետևում  թաքնված՝ դու չգիտես, թե ով է նախագծել։ Անանուն նախագծումից անցնել անվանական պատասխանատվության նախագծման․ սա է մոտեցումը»,– ասաց Ճարտարապետների պալատի քարտուղար Բորիս Քոչարյանը։

255 ճարտարապետ եւ 110 կոնստրուկտոր․ Ճարտարապետների պալատը այսքան մասնագետի արդեն տվել է արտոնագիր, ստացել է հայտեր  եւս 40–ից։ Բայց փաստացի, սպասվող կարգավորումների պատճառով Պալատն այլեւս չի կարող շարունակել լիցենզիաների տրամադրումը։

«Դրանից անհեթեթ բան չէր կարելի մտածել։ Լավ,  շրջանառության մեջ ենք դնում, որ օրենքը փոխվի եւ այլն, բայց ինչի՞ ենք կանգնեցնում մարդկանց աշխատանքը»,– նշեց Կառույցի ղեկավար Մկրտիչ Մինասյանը։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Ավետիսյանը ընդդիմախոսներից նախ պահանջեց չխոսել վերջնագրերով եւ սպառնալիքներով

Ճարտարապետները պնդում են, որ նախորդ  տարվա սեպտեմբերի 25-ից լիցենզավորման նոր  կարգը քաղաքաշինության կոմիտեում է, որտեղից մինչև այժմ պատասխան չի ստացվել: Հետեւաբար՝ լիցենզիաների տրամադրումն այս պահին արդեն անհնար է։ Թեեւ քննարկումը ծավալվել էր ԱԺ–ում, բայց խնդիրը դրանով լուծում չի ստանա, քանի որ խմբակցություններից ընդամենը մեկը՝ «Լուսավոր Հայաստան»–ը,  պարզապես կազմակերպել էր աշխատանքային հանդիպում՝ կողմերի մասնակցությամբ իրավիճակը  հասկանալու համար։

Back to top button