ԿարևորՀասարակություն

Քաղցր վտանգը կամ նիկոտինի կոնֆետների հետքերով

Ծխելը թողնել ցանկացողների համար կա անծխախոտ սառնաշաքար և ծամելու թութուն, որն անվանում են սնյուս: Խանութներում ազատ վաճառվում են կոնֆետի տեսք ունեցող  այս արտադրանքները։ Եվ սրանք  գրեթե նույն ազդեցությունն ունեն, ինչ սովորական ծխախոտը։  Վտանգավոր կոնֆետները արագ տարածվում են դպրոցականների շրջանում: Նրանց համար արտադրանքը շատ հրապուրիչ է. փաթեթները նման են սառնաշաքարի կամ մարմելադի, սակայն մեկ-երկու անգամ փորձելուց հետո երեխան հայտնվում է կախվածության մեջ։

Մտնում եմ երևանյան հանրախանութներից մեկը։ Կոնֆետի բաժնում հարցնում եմ  նիկոտին պարունակող  կոնֆետներ ունեն, թե` ոչ։ Վաճառողը զարմանում է և այնուհետև ուղղորդում ծխախոտի բաժին։ Մտնում եմ մեկ այլ խանութ։

Վերջին  շրջանում, ինչպես  Կրավ–մագայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանն է ասում,  մեծ տարածում են գտել ծծովի թութունները և ծծովի կոնֆետները, որոնք  պարունակում են  մեծ քանակությամբ  նիկոտին։ Արտադրանքի անունները տարբեր են։ Հայկական  շուկայում հայտնի են Սնյուս  կոնֆետները և Օդենս  թութունները։  Վերջին արտադրանքը ստեղծվել է նրա համար, որպեսզի մարդիկ  նիկոտինի չափաբաժինը ստանան ոչ թե ծխելու, այլ ծամելու կամ բերանում պահելու միջոցով։ Ավելին, տարիների ընթացքում արտադրանքը խեղաթյուրվել է  և  շատ կասկածելի կազմակերպություններ փորձում են նմանակել  ու նույն անունով արտադրել, ասում է զրուցակիցս։

«Նույն ծծովի կոնֆետները պետք է պարունակեն, օրինակ, մեկ սիգարետի գլանակի չափ  նիկոտին, բայց պարունակում են  մինչև 50-55 մգ նիկոտին, իսկ սա, եթե համեմատենք սիգարետի տուփի հետ, ապա երկու– երեք միջին  վիճակագրական տուփի քանակության  նիկոտին է պարունակում»։

Թեև  կոնֆետները վաճառվող ստենդի վրա գրված էր, որ  վաճառքն արգելված է անչափահասներին, սակայն  Կրավ–մագայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ  Սարգիս Բազինյանը «Ռադիոլուրի»  հետ զրույցում հայտնում է իր մտահոգությունը. կան անբարեխիղճ վաճառողներ, որոնք  անչափահասներին վաճառում են։ Վաճառքն ազատ է։  Հաջորդ մտահոգությունն այն է, որ դրանք հասել են նաև դպրոցներ։  Կրթօջախներ բազմաթիվ այցեր են ունեցել և նույնիսկ տնօրեններից ենլսել  պատանիների՝ կոնֆետների հանդեպ հետաքրքրվածության մասին։  Սարգիս Բազինյանը հորդորում է մինչև  18 տարեկան անձանց  հեռու պահել  այդ արատավոր  երևույթից։ Նրա խոսքով` փորձը ցույց է տվել, որ մոտ  80 տոկոս դեպքերում անչափահասները դա ձեռք են բերում   գիտակցաբար։

«Սպառողը  ցանկանում է այդ ձևաչափով կտրվել իրականությունից։ Եթե նման քանակության  նիկոտինը մարդն ընդունում է, ապա  դա հավասարազոր է թմրամիջոց օգտագործելու էֆեկտին։ Եվ նրանք, ովքեր դա կիրառում են, այդ էֆեկտը ստանալու համար են օգտագործում»։

Զրուցակիցս բերում է ՌԴ–ի օրինակը, երբ պատանիներն օգտագործելով այս սիգարետները, ընկել են փողոցում` չհասկանալով` ինչ է կատարվում  իրենց հետ,  եղել են նաև մահվան դեպքեր։ Առաջին հայացքից քաղցրահամ կոնֆետները  քաղցր ու վտանգավոր գերության մեջ են գցում սպառողին։  Գնորդը արտաքին տեսքից այնքան էլ կարող է չկռահել, թե ինչ է գնում, ասում է զրուցակիցս, կարող  է գուշակել միայն, երբ ինքնազգացողությունը վատանա։

«Պարտադիր զգուշացնում ենք, որ  չի կարելի ուրիշներից ընդունել  կոնֆետներ կամ կասկածելի արտադրանքի որևէ քաղցրավենիք, սնունդ, որը որ նրանք երբևէ չեն կերել, որովհետև հաճախ լինում է, որ այդ նույն կոնֆետն  ավելի հայտնի տեղական արտադրողների կոնֆետների փաթեթավորմամբ  ուտում են, սակայն դա ուրիշ բան է լինում»։

Կրավ–մագայի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ  Սարգիս Բազինյանը կարծում է, որ  չկարգավորված օրենսդրական խնդիր կա։ Պետք է աշխատել այն ուղղությամբ, որ դրանց ազատ վաճառքն արգելվի։ ԱՆ նախարարն էլ իր ֆեյսբուքյան էջում է զգուշացրել հարասակությանը սնյուսների վտանգի մասին։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close