Ռադիոլուրի լրագրողը՝ մրցանակակիր


ՀՀ բանկերի միությունն ու տնտեսական լրագրողների ակումբը ֆինանսաբանկային թեմաներով լրագրողական նյութերի մրցույթ էր հայտարարել։
Ստացվել է 50 լրագրողական աշխատանք, ոլորտի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովն ընտրել է չորս լավագույն հրապարակումները Հայաստանի բանկային ու ֆինանսական համակարգի մասին։
«Լավագույն ռադիոռեպորտաժ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Ռադիոլուր»–ի լրագրող Հասմիկ Դիլանյանի՝ «Մենաշնորհը՝ արժեթղթերի շուկային խոչընդոտ» ռեպորտաժը։


Ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված ժյուրին գնահատել է լրագրողների կողմից մրցույթի շրջանակում 2019թ. ներկայացված ֆինանսաբանկային թեմաներով հեռարձակված տեսանյութերը, ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլի հրապարակումները:
Բացի այդ, մրցույթում ընդգրկվել էին նաև գնահատող հանձնախմբի մշտադիտարկմամբ ընտրված այլ աշխատանքներ: Հաղթող ճանաչված աշխատանքները ժյուրիի կողմից գնահատվել են՝ կարևորելով մրցույթի թեմաներին համապատասխանությունը, անկողմնակալ և համակողմանի մասնագիտական վերլուծությունը:


Կարևորելով հանրության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը միտված նախաձեռնությունների անհրաժեշտությունը՝ Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանն առանձնակի կարևորեց լրագրողական համայնքի դերն այս հարցում:
Մրցույթը կայացել է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող «Ֆինանսական գրագիտություն և հմտություններ» խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակում: