ԿարևորՀասարակություն

Ո՞ր ծառայությունները պոլիկլինիկաներում կդառնան վճարովի

Պոլիկլինիկաներում որոշ ծառայություններ կդառնան վճարովի։ «Այլ կաբինետներ» հասկացություն չի լինելու։ Դրանցով խախտվում է  բոլորի համար հավասար  անվճար ծառայությունների մատուցում սկզբունքը` «Ռադիոլուրին» հայտնել են արդարադատության նախարարությունից։

«Այլ կաբինետների» համար տրամադրվող պետական ֆինանսավորումը դադարեցվում է։ Ի՞նչ ծառայություններ են մտնում  «այլ կաբինետների» մեջ։

Երևանի քաղաքապետարանը   նախորդ տարվա դեկտեմբերին  երևանյան պոլիկլինիկաների  տնօրեններին  տեղեկացրել է, որ առողջապահության նախարարությունն այս տարվանից նախատեսում է վերանայել  առաջնային օղակներում պետպատվերի շրջանակներում  մատուցվող ծառայությունների կազմակերպման մոտեցումները և տրամադրման ծավալները։ 

Տեղեկանքում նշված է, որ  պոլիկլինիկաները դադարեցնեն պետպատվերի շրջանակներում բժշկական   օգնություն և սպասարկում իրականացնող  «այլ կաբինետ» որակվող ծառայությունների  ֆինանսավորումը։ Երևանի քաղաքապետարանից «Ռադիոլուրին» ասացին, որ  առողջապահության նախարարությունն է  տվյալներին տիրապետում։

Առողջապահության նախարարության պետական  առողջապահական  գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը մեզ հետ զրույցում  ասաց, որ պոլիկլինիկաներում գործող  նեղ մասնագիտական,  դիսպանսեր հսկողություն  իրականացնող  կաբինետները և առողջության առաջնային պահպանման   բժիշկների, թերապևտների, մանկաբույժների կողմից  ընդհանուր ծառայությունների մատուցումը շարունակում է մնալ անվճար։

«Անգամ եթե պոլիկլինիկան  տվյալ պահին չունի  մասնագետ, կամ ինչ- որ այլ խնդիրներ վերանորոգման, լիցենզիայի կասեցման փուլում է։ Այս դեպքում նա պարտավոր է այս ծառայությունները  պայմանգրային սկզբունքով ուղեգրել  մեկ այլ  պոլիկլինիկա»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը։

Սակայն այս ամենին զուգահեռ եղել է նաև «այլ կաբինետներ» հասկացությունը,  որի շրջանակներում  մատուցվող անվճար ծառայությունները տարբեր պոլիկլինիկաներում  տարբեր են եղել։ Օրինակ`  մի պոլիկլինիկայում դա  եղել է ստոմատոլոգիական  ծառայությունը, ուրիշներում ստամոքսաղիքաբանականը, ուրոլոգիականը։

«Խնդիրը հետևյալն է։ Նման մոտեցումը, այսինքն ծառայությունների տարբերությունը մեկ պոլիկլինիկայում  մի ծառայությունն անվճար է, մեկ այլում նույն ծառայությունը վճարովի։ Այն գաղափարը, որ  առողջության առաջնային պահպանումը  համընդհանուր,  մատչելի, բոլորի համար  նույն  ծառայությունների ծավալով պետք է ապահովի, այստեղ խախտված է» ,– ասաց Առողջապահության նախարարության պետական  առողջապահական  գործակալության պետը։

Առաջին փուլում ԱՆ բոլոր այս կաբինետների պետական ֆինանսավորումը դադարեցրել է, սակայն հետագայում ինչ  որոշում կկայացվի,  ինչպիսի ծրագրեր կլինեն,  անհայտ է, ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։

Այս տարի սրան զուգահեռ պոլիկլինիկաներում ներդրվում է երկու ծրագիր` մեկը ապագա ամուսնական զույգերի համար, մյուսը`կոլոռեկտալ սքրինինգը։

Քաղաքացիները  պետպատվերի շրջանակներում մատուցվող ծառայություններին կարող են  ծանոթանալ պոլիկլինիկաներում փակցված պաստառներից։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close