ԿարևորՀասարակություն

Ապամոնտաժումը մեկ օրվա բան չէ, գործընթացը երկար կտևի․ Հայկ Մարության

Երևան քաղաքում շարունակելու  են ապամոնտաժվել անօրինական  կրպակներն ու սրճարանները, տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Իսկ ահա  հասարակական գործիչներն այս ուղղությամբ էական տեղաշարժ չեն տեսնում։

Դեռևս նախորդ տարվանից  Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց  այգիների, այդ թվում ՝Օպերայի տարածքի հարակից սրճարանների ապամոնտաժման գործընթացը։ Մեկ–երկու սրճարան ապամոնտաժելուց և մեծ աղմուկ առաջացնելու հետո  գործընթացը կարծեք թե կանգ է առել և մայրաքաղաքի երբեմնի կանաչ տարածքների գոնե մի մասի վերադարձման հարցը մնացել է օդից  առկախված։ Հանրային խորհրդի անդամ, «Հանուն կայուն մարդկային զարգացման»  ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում  կարծիք հայտնեց, որ քաղաքապետարանի   նախաձեռնած ծրագիրը դեռևս հաջողություն չի գրանցել․

«Սկսեցին օպերայի հրապարակից, բայց դե ակնհայտ է, որ դա այդքան հեշտ պրոցես չէ, որովհետև ձևակերպված են , մարդիկ փող են ծախսել։  Ժամանակին բոլորը  փաստաթղթերով ձևակերպել են, հիմա եթե պետությունը հետ է կանչում, պետք է կոմպենսացիա տա։ Այդքան հեշտ գործ չէ։ Ուղղակի գոնե  հիմա չշարունակեն  այդ գործընթացը։ Պետք է նայել պայմանագրերը և  լրանալուն պես դադարեցնել, այլ ոչ թե երկարաձգել։ Հա,  որոշումը շատ լավն է, բայց իրականացվող չէ։ Պետք է ասեմ, որ այժմ  Օղակաձև այգում հակառակ պրոցեսը գնաց։ Միգուցե որոշումը եղել է վաղուց, բայց հիմա կառուցապատում է ընթանում և չեմ կարող ասել, որ հաջողվել է»։

Մինչդեռ քաղաքամայր Երևանը կանաչ զանգվածի խիստ կարիք ունի, հատկապես Կենտրոն համայնքը։ Մասնագետի դիտարկմամբ՝  այնտեղ ապրելն ուղղակի վտանգավոր է դառնում կյանքի համար․

«Ակնհայտ զբաղեցնում են  կանաչ տարածքների տեղը, ծառ չկա,  բույս չկա։ Բացի դրանից, Կենտրոնի կառուցապատումը հասել է անհանդուրժելի մակարդակի։ Տեսեք թե ամեն մի օբյեկտ քանի մեքենա է բերում հետը։  Նույն մեքենաների խցանումները դրա արդյունքն են ։ Կենտրոնն ուղղակի վտանգավոր է դարձել ապրելու և աշխատելու համար»։

Կարինե Դանիելյանը նաև համաձայնեց, որ խնդիրը հնարավոր չէ կարճ ժամանակում լուծել, սակայն մինչ լուծումը գոնե նոր թույլտվություններ կամ կառուցապատում չպետք է թույլ տալ։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ տեղեկացրեց, որ գործընթացը կանգնած  չէ և ապամոնտաժման աշխատանքներ են արվում, այգիների  տարածքներ են վերադարձվում ․

«Ամբողջ քաղաքում պրոցեսը շարունակվում է։ Եթե հետևեք մեր ֆեյսբուքյան էջին, ապա կտեսնեք, որ գույքագրվում են կրպակները, սրճարանները, որոնք ընդհանրապես թղթեր չունեն հանվում են,  վերադարձվում են այգիների հատվածներ, որոնք նույնպես զավթած են եղել ապօրինի ճանապարհով։ Պրոցեսը լինելու է երկար, որովհետև քանակությունը շատ մեծ է և մենք մեկ օրում դա չենք կարող անել»։

Քաղաքապետը նկատեց, որ  այս աշխատանքներին զուգահեռ նաև մեկ այլ գործընթաց է տեղի ունենում։ Երևանցիներն ակտիվ դիմում են շին․թույլտվություն ստանալու համար ․ 

«Այսօր աննախադեպ քանակի դիմումներ ունենք։ Բոլորը որոշել են, որ ուզում են կառուցապատումով զբաղվել,  մենք էլ մեծ հաճույքով որոշումը ողջունում են, բայց միևնույն ժամանակ  դիմումների մշակումը ժամանակ է պահանջելու։ Մենք  ունենք կոնկրետ քաղաքականություն՝ այլևս ուղղակի շինթույլտվություն չեն տրվելու։ Դրանք պետք է համապատասխանեն  բոլոր նորմերին և ընդհանուր միջավայրին։ Այս ամեն ինչը ճիշտ մշակելու համար բնականաբար ժամանակ է պետք»։

Թե որքանով կհաջողվի  պահպանել  շինարարական նորմերն ու ընդհանուր միջավայրի պահանջները ՝ պահպանելով կանաչ տարածքները, ցույց կտա ժամանակը։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close