ԿարևորՀասարակություն

Օգնել մարդուն հաղթահարել աղքատությունը

Կառավարությունը կներդնի սոցիալական ապահովության նոր համակարգ, կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա  նշել է, որ սոցիալական աջակցության  գործող համակարգը մարդկանց  տնտեսական ակտիվությունը չի խրախուսում։ 

Նոր հայեցակարգային մոտեցումները նախնական են, սակայն հիմնական շեշտադրումները կառավարության ղեկավարը ներկայացրել է․ օգնել  մարդուն, որպեսզի հաղթահարի  աղքատությունը, ոչ թե մնա աղքատության ճիրաններում։

«Հայաստանում 2018 թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 23.5 տոկոս։ Մեր երկրում  700 000 մարդ աղքատ է, նրանց 30 հազարը` ծայրահեղ։ Երկրի յուրաքանչյուր 10 բնակչից չորրորդն ամսական 42 621 դրամից ավելի քիչ գումար է ծախսում։  Նրանց մեծ մասը ընդգրկված է ընտանեկան նպաստի   համակարգում։  Համակարգում ընդգրկված մնալուն  նախկինում ձևավորված վատ ավանդույթները  վարչապետն է թվարկում։

«Գիտակցորեն, թե ենթագիտակցորեն ուղղված է եղել աղքատության կոնսերվացման կամ պահպանմանը։ Մարդուն, որ նպաստ ենք տալիս, ինչ խնդիր ենք լուծում, աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որպեսզի շարունակի աղքատ մնա։ Ասում ենք, եթե պարզվի, որ դու կով ունես և կաթ ես ստանում, մենք քեզ աղքատության նպաստից կզրկենք։ Տես հա, հանկարծ կով չունենաս, հանկարծ  չաշխատես, թե չէ նպաստից կզրկվես»,–ա սաց Փաշինյանը։

Կառավարությունն առաջարկում է փոխել տրամադրվող աջակցության գաղափարախոսությունը՝ մարդու օգնել, որպեսզի հաղթահարի աղքատությունը, ոչ թե մնալ աղքատության ճիրաններում:

«Սոցիալական լիարժեք աջակցություն պետք է ստանան ՀՀ–ում այն մարդիկ, որոնք աշխատունակ չեն»,– հավելեց վարչապետը։

Առաջարկվող հայեցակարգային մոտեցումը դեռ նախնական է, սակայն հստակ է՝  առանձնահատուկ մոտեցում կստանան երեխաներ ունեցող ընտանիքները։ Շեշտադրումը աղքատության նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքների  կրթական կարիքների  բարձրացումն է  լինելու և ոչ թե գումարի տրամադրումը․

«Շատ դեպքերում պետք է ճշգրտենք, որ այդ  ընտանիքի զարգացման համար անհրաժեշտ է, որ հոգանք, աջակցենք, որ երեխաները կամ մեծահասակները ստանան կրթություն, մասնագիտություն, որ հմտանան»,– նշեց կառավարության ղեկավարը։

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շեշտում է՝ քննարկում են, թե այս կամ այն խմբին տրամադրվող աջակցությունը ինչպիսին է լինելու․ «Աջակցությունը կամ անապահովության պատճառը կարող է լինել առողջապահական, բնակարանային։ Նաև քննարկումներ ենք ունենալու  այն մարդկանց հետո, որոնց համար կատարում ենք այդ փոփոխությունները»,– ասաց Բաթոյանը։

2018թ.-ին  մինչև 18 տարեկան երեխաների 29.2 տոկոսն աղքատ է եղել, իսկ 1.5 տոկոսը` ծայրահեղ աղքատ։ Մանկական աղքատության տվյալները նույնպես նվազել ե։ 2017- ին աղքատ էր  մինչև 18 տարեկան երեխաների 30.8 տոկոսը, իսկ ծայրահեղ աղքատ` 2.1 տոկոսը։ Մինչեւ 9 տարեկան երեխաների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան` տարիքային մյուս խմբերում. աղքատության ամենացածր ցուցանիշը 50- ից բարձր տարեկանների շրջանում է:

Աղքատների ու ծայրահեղ աղքատների մեծ մասը՝  65-66 տոկոսը, քաղաքաբնակ են։ Աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում, որտեղ  բնակչության 42.2 տոկոսն աղքատ է։ Հաջորդը Լոռու մարզն է` 29.4 տոկոս ցուցանիշով, ապա  Տավուշի և Արմավիրի մարզերը` համապատասխանաբար 25.6 և 25.3 տոկոսներով։

Աղքատությունը հաղթահարելու ուղղությամբ  տարբեր ծրագրեր այժմ էլ իրականացվում են։ Հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 13 000 դրամով` ներկայիս 55 000–ի փոխարեն` դառնալով 68 000 դրամ։ Ընդհանրապես սոցիալական տարբեր ծրագրերի իրականացման համար այս տարի բյուջեից տրամադրվել է ավելի քան 5 մլրդ դրամ։

Ցուցադրել ավելի
Back to top button