ԿարևորՀասարակություն

«Կոռուպցիա գրուպ» ՀԸ․ իշխանությունը փոխում է ԶԼՄ խաղի կանոնները

Իշխանությունը որոշել է կանոնակարգել ԶԼՄ դաշտը։ Որպես առաջին քայլ դիտարկվում է երկուհազարականներին ընդունված եւ շուրջ 30 անգամ փոփոխված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի հիմնովին փոփոխությունը։

Այս մտադրությունները, ինչպես նաեւ վարչապետի կոշտ հայտարարությունը մտավախությունների պատճառ է դարձել, թե առաջիկայում հեռուստաընկերություններ են փակվելու։  

Ի դեպ, ՀՀ տարածքում այսօր կա 128 լիցենզավորված հեռուստաընկերություն։

Լրատվության միջոցների համար խաղի կանոնները Հայաստանում կփոխվեն 2021 թվականին կամ ավելի վաղ` ըստ որոշ հաշվարկների։ Փոփոխությունների անհրաժեշտության մասին «Իմ քայլը» դաշինքի անդամները խոսել են դեռ անցյալ տարի։

Կտրուկ քայլերի գնալու պատրաստակամության մասին վկայում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը առնվազն 2 հեռուստաալիքի լոգոյի տեղը «կոռուպցիա» կամ «Կոռուպցիա գրուպ» գրելու մասին։ Վարչապետը կոնկրետ անուններ չի տվել։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտարարությունն ընկալել է իբրեւ հեռուստաընկերություններին լռեցնելու եւ խոսքի ազատությանը դեմ գնալու փորձ։ Սա զարգացումների մի ուղղությունն է։

Զարգացումների մյուս ուղղությունը Աժ–ում է։ Այնտեղ պատրաստ են հիմնովին փոխել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը։ «Իմ քայլը» խմբակցության դիրքորոշումը եւ օրենքի փոփոխության գաղափարախոսությունը ներկայացնում են Մխիթար Հայրապետյանն ու Վահագն Թեւոսյանը։

Մխիթար Հայրապետյան․«Օրենքը, ըստ մեզ, որպես իրավական գործիք հնացած է եւ չի համապատասխանում հետհեղափոխական Հայաստանում ստեղծված նոր իրողություններին եւ դրանց տրամաբանությանը»։   

Վահագն Թեւոսյան․ «Նախորդ տարի մեդիաոլորտում աշխատող հեղինակավոր 3 ՀԿ ներկայացրեցին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքի նախագիծ։ Առաջարկվում էր որոշ արմատական փոփոխություններ իրականացնել։ Սա կարող էր հանգեցնել նրան, որ որոշ հեռուստաընկերություններ պարզապես դադարեցնեին իրենց գործունեությունը կամ ուղղակի տեղափոխվեին մալուխային հեռարձակման տիրույթ։ Ազնիվ չէր լինի հեռուստաընկերություններին առաջարկել այսպիսի կարգավորում անմիջապես լիցենզիաների մրցույթի նախաշեմին։ Գոնե այս պահին նպատակ ունենք ձեռնպահ մնալ այս արմատական փոփոխությունը կատարելուց՝ հետագայում ավելի մանրամասն եւ հանգամանալից քննարկելու համար»։  

Սա, թերեւս, իշխող ուժի պատասխանն է այն հայտարարություններին եւ մտավախություններին, թե օրենքի փոփոխությունն արվում է հստակ նպատակով՝ ապագայում Հայաստանում թողնել 3–4 հեռուստաընկերություն։ Հեռուստատեսային հանրույթն այսօր անտարբեր էր խորհրդարանում կազմակերպված լսումների նկատմամբ։ Այդ դաշտից մասնագիտական խնդիրների մասին, թերեւս, միայն խոսեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը։ Քաղաքական խնդիրներին նա չանդրադարձավ։  

 «Իրոք, կյանքի զարգացումը, նոր տեխնոլոգիաների մուտքը, նոր պայմանները արդեն բերել հասցրել են մի վիճակի, որ պետք է փոփոխությունները լինեն։ Բայց մի կարեւոր հանգամանք․ փոփոխություններն այնքան բազմաշերտ են՝ տարբեր հարցերի հետ կապված, որ պետք է համալիր լուծում ստանա»,– ասաց Մանուկյանը։

Ինչի՞ց են վախենում հեռուստաընկերությունները՝ կհարցնեք։ Հեռուստաընկերությունների ներկայացուցիչների փոխարեն խնդրի քաղաքական ենթատեքստին անդրադարձան պատգամավորները։

Արման Բաբաջանյան․«Շուրջ 2 տասնամյակ Հայաստանում հեռուստատեսային ոլորտը սեփականաշնորհված է եղել գործող իշխանությունների կողմից։ Հեռուստատեսությունները կատարել են ոչ թե տեղեկատվություն հաղորդելու, այլ՝ քարոզչություն իրականացնելու առաքելություն։ Հայաստանում գործող հեռուստաընկերությունների մեծ մասը պատկանում է նախկին իշխանության ներկայացուցիչներին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց»։

Նազելի Բաղդասարյան․ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով այսօր էլ նշվում է, որ կուսակցությունները չեն կարող ունենալ եւ հանդիսանալ հեռուստաընկերության սեփականատերեր։ Բայց մենք բոլոր գիտենք, թե ինչպես է ճարպկորեն խախտվում այս դրույթը եւ համապետական հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունները  քաղաքական ուժի շահերն է սպասարկում»։

Կարեւորագույնը, որ պետք է ապահովի նոր օրենքը՝ հեռուստաընկերությունների թափանցիկությունն է։ Այս դեպքում խոսքը ֆինանսական թափանցիկության ու իրական սեփականատերերի բացահայտման մասին է։

«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքում արդեն շատ կարճ ժամանակ առաջ իրականացվել է մի էական փոփոխություն, որով արտակարգ պահանջներ են սահմանվել՝ պետռեգիստրում գրանցվելիս բացահայտելու իրական, նույնիսկ քաղաքական սեփականատերերին։ Պատասխանատվություն է սահմանվել սխալ ինֆորմացիա տրամադրելու համար։ Մի խոսքով, այնտեղ շատ ուժեղ ֆիլտր է դրված։ Բայց, իհարկե, ավելի լավ է, որ ոլորտը կարգավորող հատուկ օրենքով այդ պահանջը դրվի եւ լեզվաոճը։ Ասենք՝ «քաղաքական ազդեցություն ունեցող անձ» հասկացությունը ներմուծվի նաեւ ռադիո եւ հեռուստատեսության ոլորտը կարգավորող օրենք, էլ չեմ ասում «իրական սեփականատեր» հասկացությունը եւ այլն, եւ այլն»,–ասաց Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը։

Ապագայում նոր լծակներ է ցանկանում ունենալ նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը՝ բովանդակության իրական վերահսկողություն եւ կանոնակարգումներ  անելու համար։

«Եթե մենք հանում ենք քաղաքական բաղադրիչը, ամեն մի հեռուստաընկերություն՝ շատերի կողմից նույնիսկ անընդունելի իր հակաիշխանական պոզիցիայի համար փայլուն կոնտենտ ունեն։ Մենք պետք է ամեն ինչ անենք, քաջալերենք հենց այդ կոնտենտի բարձրացմանը։ Դա ամենակարեւոր խնդիրն է։ Նայում ես քաղաքական թոք–շոուները, այո, ուղղորդված են, այո, անընդունելի են քաղաքական էթիկայի տեսանկյունից, բայց փայլուն վավերագրական ֆիլմեր են նկարում, փայլուն մշակութային հաղորդումներ են տալիս, փայլուն ազգային հաղորդումներ են տալիս մեր պատմության մասին։ Այդ բոլորը ինչ- որ ձեւ պետք է կարգավորի պետությունը, այլ ձեւ չկա»,– նշեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

ՀՌՀ նախագահը այն կարծիքին է, որ օրենքի փոփոխությունն ուշացած է, այն պետք է փոխվեր շատ ավելի վաղ՝ 5, 10 եւ անգամ 15 տարի առաջ։

«Ինչքան մրցույթի ժամկետը մոտենա, հանձնաժողովը եւ հանձնաժողովի նախագահը այդքան շատ կհայտնվեն քարկոծումների տակ։ Բայց խոսքը խոսքի ազատության  սահմանափակման մասին չէ։ Այդպիսի օրինակ ոչ մեկ չի կարող բերել, այդպիսի շփումներ չկան եւ չեն կարող լինել։ Պետք է բալանսը հաստատել՝ հեռուստաընկերությունների շահերի, խոսքի ազատության սկզբունքների  եւ մեր ժողովրդին իսկապես ինֆորմացիա, այլ ոչ թե ապատեղեկատվություն ստանալու բալանսը։ Մենք հուլիսին արդեն պետք է հայտարարենք այդ մրցույթը հանրային մուլտիպլեքսում հեռարձակելու համար, եւ եթե չկարողանանք մինչ այդ ընդունել այդ օրենքը կամ ավելի շուտ։ Եթե նախապես մի քանի ամիս շուտ բոլոր հեռարձակողները չիմանան խաղի օրենքները, չմասնակցեն այս օրենքի մշակմանը, մենք կունենանք խնդիր»,- ասաց Տիգրան Հակոբյանը։

Տիգրան Հակոբյանի խոսքից, թերեւս, պարզ է դառնում փոփոխությունների մոտավոր ժամկետը։

Ցուցադրել ավելի
Back to top button