ԿարևորՀասարակություն

Կոմիտասը՝ ԹմբաԹա-ի մեկնաբանությամբ

Կոմիտաս 150-ի շրջանակում Հանրային ռադիոյի նոր նախաձեռնությունը հունվարի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կհամախմբի  կոմիտասյան ստեղծագործությունների տարբեր մեկնաբանություններով հանդես եկող  կոլեկտիվներին, անհատ կատարողներին։

«Համերգ-ռադիոհաղորդում Կոմիտաս 150․ հետգրություն» խորագրով երեկոյին  հանդես կգա նաև «ԹմբաԹա» խումբը՝ կոմիտասյան ստեղծագործության ժամանակակից լուծումներով։ «Այս մոտեցումը նոր սերնդին օգնում է մոտենալ Կոմիտասին, ճանաչել իր ակունքները»,-կարծում են խմբի անդամները։  

ԹմբաԹա խմբի մեներգչուհի Քրիստինե Եղիազարյան, խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արիկ Գրիգորյան․ վերջինի նախաձեռնությամբ ԹմբաԹա ֆոլկ–ռոք խումբը ստեղծվեց 2013 թվականին,  Երևանի ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ՝ ընդգրկելով  12-19 տարեկան պատանի երաժիշտների։ Երիտասարդ երաժիշտները ժողովրդական երգերը համադրում են ռոք և փորձառական երաժշտության հետ ու  յուրօրինակ ստեղծագործություններ ստանում։ Նրանց  ներշնչանքի աղբյուրն է հատկապես Կոմիտասը։ Նրա՝ «Ամպել ա կամար-կամար»  ստեղծագործությամբ ԹմբաԹա-ն կներկայանա հունվարի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք Հանրային ռադիոյի նախաձեռնած յուրօրինակ նախագծում։  «Համերգ-ռադիոհաղորդում Կոմիտաս 150․ հետգրություն» միջոցառման ձևաչափը երիտասարդների սրտով է։ Արիկ Գրիգորյան․

«Ինտերակտիվ համերգ է լինելու, որը հանդիսատեսի համար էլ, կարծում եմ, ավելի հետաքրքիր կլինի»։

ԹմբաԹա-ի «Ամպել ա կամար-կամար»  ստեղծագործությունն ընդգրկված է նաև Հանրային ռադիոյի նախաձեռնությամբ 2019-ին լույս տեսած «Կոմիտաս 150 տարի/րոպե» եռասկավառակում։  Կոմիտաս 150՝ հոբելյանական տարի․ Արիկ Գրիգորյանի համոզմամբ, իրականում, հոբելյաններ պետք չեն, որպեսզի հիշենք ու վերադառնանք Կոմիտասին։ Նա երևույթ է, որը մեր էության ակունքներում է։ Կոմիտասի երաժշտությունը սկիզբն է, որից, ինչպես երաժիշտն է կարծում, պետք է սկսվի հայ մարդու կրթության ճանապարհը։

Կոմիտասյան ստեղծագործությունների ժամանակակից մշակումների շուրջ վեճերը հարատև են։ ԹմբաԹա-ն իր գործունեությամբ դրանց գոյության իրավունքի կողմնակիցն է։ Խմբի կոմիտասյան մշակումների շնորհիվ  բազմաթիվ երիտասարդներ այսօր ճանաչում, սիրում ու նաև կատարում են Կոմիտասի  ստեղծագործությունները։ «Կարևորը ոճը չէ, այլ մատուցման որակը։ Ժամանակին, ժողովրդից վերցնելով, Կոմիտասն ինքն էլ մշակել  է այդ երգերը»,-ասում է Արիկ Գրիգորյանը։

«Արվեստում սահմանափակումներ պետք չեն։ Արվեստը հենց ինքը ավանգարդն է, որը ճաշակ է թելադրում»։

Կոմիտասն իր երգերը հավաքում էր գյուղերից՝ քաղելով դրանք գեղջուկի շուրթերից։ Ինչ են լսում այսօր հայ գեղջուկները, թերևս՝ լռենք․․․Արիկ Գրիգորյանի խոսքով՝ հայկական գյուղերում  մշակութային կյանքն այսօր ընդհանրապես անտեսված  է։ «Մինչ Կոմիտասին ու, ընդհանրապես, արվեստին հասնելը գյուղացին հազար ու մի խնդիր  ունի լուծելու։  Խնդիրներն այստեղ շատ խորքային են»,-ասում է։

 «Կոմիտաս լսելու, երգելու համար գյուղացին պիտի հող ունենա, մշակի այդ հողը, մշակելուց էլ քթի տակ երգի Կոմիտաս։ Բայց մեր գյուղերում այսօր շատերը հող չեն մշակում, Ռուսաստանում եմ՝ խոպանում։ Երբ մարդը չի կարողանում հոգալ իր տարրական կարիքները,  ընդունում է այն, ինչ մատուցվում  է»։

Սոցցանցերում խմբի երիտասարդ հետևորդների թիվը, սակայն, հուսադրող է․ նոր սերնդի ազգային գենն ավելի ակտիվ  է, ինչպես Արիկն է ասում՝ արյունը  խոսում է։ Նոր տեխնոլոգիաներն իրենց գործն անում են․  երիտասարդները լսում, սիրում են Կոմիտաս՝ անգամ առանց հող մշակելու։

Ցուցադրել ավելի
Back to top button