Խորհրդարանական մեծամասնությունը «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը հնացած է համարում

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ տեսալսողական մեդիածառայությունների ոլորտի օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ գործող օրենքը հնացած է և չի համապատասխանում հետհեղափոխական Հայաստանում ստեղծված նոր իրողություններին և տրամաբանությանը:


«Նախորդ տարի ես հանդես եկա հայտարարությամբ, համաձայն որի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում: Այն, ըստ մեզ, որպես իրավական գործիք հնացած է, և չի համապատասխանում արդեն ետհեղափոխական Հայաստանում ստեղծված նոր իրողություններին և դրանց տրամաբանությանը:
Նախորդ տարվա մեր հայտարարությանը համապատասխան՝ հետևողականորեն շարժվում ենք առաջ: Այսօրվա խորհրդարանական լսումները, որ նախաձեռնվել են Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, նպատակ ունեն այս բարձր ամբիոնից վեր հանել ոլորտում առկա խնդիրները, և մեր կողմից ծաղկաքաղ անել այն առաջարկների, որոնք տեղ կգտնեն արդեն օրենքի նախագծում»,- ասել է Հայրապետյանը:
«Երեք ուղղություններով եմ ես պատկերացնում օրենքի տրամաբանությունն ու բովանդակությունը: Այն լուծելու է եթերի տեխնիկական խնդիրներ, բովանդակություն: Բացի այդ, դրանում հստակ պետք է արձանագրված լինեն, թե ի՛նչ կրթական և մշակութային բաղադրիչ պետք է դրված լինի օրենքի նախագծում»,- նշել է Հայրապետյանը: