ԿարևորՎերլուծական

Թուրքիան ավելի հանդուգն է դառնում․ քննարկում է Հայոց ցեղասպանության հարցը, զորք մտցնում Լիբիա

Թուրքիան ավելի հանդուգն է դառնում, Անկարան փոխում է իր արտաքին քաղաքականությունը։ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով` ականատես կլինենք նաեւ, թե ինչպես Անկարան Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ հակաքարոզչություն կտանի։

Թուրքական զորքը մտնում է Լիբիա։ Նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտնում է, որ  Անկարան Լիբիա է ուղարկում զինվորականների՝ Ֆաիզ Սարաջի Ազգային համաձայնության կառավարաությանն (ԱՀԿ) աջակցելու համար` գրում է TRT-ն: 

Անկարան միջազգային ասպարեզում սկսում է ավելի համարձակ գործել։ Ավելին` նրա համար, կարծես միջազգային տաբուներ չկան։ Անգամ Հայոց  ցեղասպանության թեման, որը փորձում էր շրջանցել, այսօր դառնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի Բարձրագույն խորհրդատվական խորհրդի քննարկման թեմա։ Անկարան փորձում է փոխել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր պայքարի ռազմավարությունը։

Ըստ «Ենի շաֆաք» –ի` Էրդողանի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը տեղեկացրել է, որ քննարկվել է Հայոց ցեղասպանության իբր «անհիմն պնդումների դեմ իրականացվելիք հետագա գործողությունները»:

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում, վերլուծելով կատարվածը նշում է՝ Թուրքիան ուզում է փոփոխություն մտցնել արտաքին քաղաքականության մեջ, Անկարան դառնում է ավելի ագրեսիվ․

«Ավելի հարձակողական է դառնում Թուրքիան ու դա կարտահայտվի ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ, այլեւ քարոզչության։ Այսօր մենք տեսնում ենք, որ թուրքական ԶՈՒ–ը մտնում են Լիբիա։ Տեսան թե ինչպես են դրսեւորվում Սիրիայում։ Ակտիվ պայքար կտարվի Հայոց ցեղասպանության մասին ճշմարտության դեմ։ Անկարայի քայլերը պայմանավորված են նաեւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձեւերի ընդունմամբ»։

Թուրքիան ագրեսիվ է Սիրիայում, Լիբիայում, սակայն, ըստ Ռուբեն Սաֆրաստյանի, մեր տարածաշրջանում ավելի հանդուգն դառնալ այսօր Անկարան չի կարող, քանի որ ռեսուրսներն են սահմանափակ։

Ցուցադրել ավելի
Back to top button
Close