ԿարևորՀասարակություն

Զբոսաշրջային հոսքերը Սևանում. ինչ է փաստում վիճակագրությունը

Զբոսաշրջային հերթական տարին էլ այլևս պատմություն է, որն ամփոփվում է վիճակագրությամբ, վերլուծություններով, դիտարկումներով:
Վիճակագրությունն էլ փաստում է, որ 2019թ-ի հունիս-նոյեմբեր ամիսներին Սևանի թերակղզու ավտոկայանատեղիի տարածք է այցելած զբոսաշրջիկների թիվը եղել է 158.612:

Սևանի զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը, ով արդեն 5-րդ տարին է, ինչ ամռան և աշնան ամիսներին Սևանի թերակղզու տարածքում` «Bari Galust» վերտառությամբ գրասենյակի միջոցով կազմակերպում է տեղեկատվական աշխատանքները, նշում է. «Քաղաքում գտնվող տեղեկատվական գրասենյակին զուգահեռ գործող շարժական գրասենյակը առավել մոտ և հասանելի է զբոսաշրջիկներին, ովքեր, ժամանելով այս տարածաշրջան, հաճախ շրջանցում են Սևան քաղաքը: Այսպես առավել դյուրին է կառավարել զբոսաշրջային հոսքերը, միաժամանակ ունենալ վիճակագրություն, կատարել դիտարկումներ, պլանավորել հետագա քայլերը»:

Ինչպես Սևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջն է գրում, ամռան և աշնան ամիսներին տեղեկատվական շարժական գրասենյակի ծառայություններից օգտվել 5082 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա համեմատ ավել է մոտ 2000-ով: Զբոսաշրջիկներից 4110-ն ստացել է զբոսաշրջային ինֆորմացիա, 912-ը` ընդհանուր:

Ի դեպ, զբոսաշրջիկների առավել մեծ թիվ է գրանցվել օգոստոս ամսին` 1246, որից 979-ին տրվել է զբոսաշրջային, իսկ 267-ին` ընդհանուր ինֆորմացիա:
Նախորդ տարվա համեմատ, ըստ ծագման երկրների, գրանցվել են էական տեղաշարժեր: Այսպես` եթե 2018թ.-ին զբոսաշրջիկների հնգյակը գլխավորել են Լեհաստանից ժամանածները /416/, ապա 2019թ.-ին առաջին հորիզոնականում են Ֆրանսիայից ժամանածները` 548:

2018թ.-ին երկրորդից հինգերորդ հորիզոնական զբաղեցրած երկրների` Ֆրանսիա` 373, Գերմանիա` 298, Ռուսաստանի Դաշնություն` 190, Իրան` 188, փոխարեն 2019թ.-ին արձանագրվել է հետևյալը` Իտալիա` 459, Լեհաստան` 405, Բելգիա` 397, Իսպանիա` 316:
Զբոսաշրջիկների հոսքը տեսանելի է եղել Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Չեխիայից և այլն:

Գրասենյակի պատասխանատուն ներկայացնում է նաև ծառայությունից օգտվածների սեռային պատկերը. կենտրոնի ծառայություններին է դիմել 2783 տղամարդ, 2299 կին: Ըստ տարիքային շեմերի էլ ամենաակտիվը եղել են 61 և բարձր տարիք ունեցողները` 1972 զբոսաշրջիկ կամ օգտվողների 38.8%-ը, որը 2018թ.-ի համեմատ աճել է 8%-ով:

Այս տարիքային խմբին հետևել են 46-60 տարեկանները: Նրանց թիվը եղել է 1134՝ 22.31%: Եռյակը եզրափակում են տնտեսապես ակտիվ խումբը` 26-45 տարեկան: Այս տարիքային խմբում 1025 զբոսաշրջիկ է՝ 20.16%: Երեխաները ևս ներառված են զբոսաշրջային հոսքերում, մասնավորապես` կենտրոնի ծառայություններից օգտվել է մինչև 14 տարեկան 87 զբոսաշրջիկ:

Գրասենյակի պատասխանատուն վիճակագրությունը ներկայացնելիս անդրադառնում է մի կարևոր խնդրի` Իրանից զբոսաշրջիկների ժամանմանը: «Ինչպես ցույց է տալիս հինգ տարվա վիճակագրությունը, Իրանից ժամանողների դեպքում արձանագրվել է կտրուկ անկում: Եթե 2015թ.-ին արձանագրվել է 5803 իրանցու այց, 2016թ.-ին` 7081, 2017թ.-ին` 16156, ապա 2018թ.-ին այդ թիվը եղել է 1823, 2019թ.-ին` 3759,- նշում է Դավիթ Թորոսյանը և հավելում:- Մեր դիտարկմամբ այն ունի երեք պատճառ` առաջին` Իրանում լրջորեն աշխատում են Վրաստանի և Ադրբեջանի տուրօպերատորները, ովքեր համեմատաբար ավելի մատչելի գներ են առաջարկում, երկրորդ` խորությամբ շրջանառվում է Հայաստանի հակագովազդը, երրորդ` Իրանից որպես զբոսաշրջիկ դուրս գալու նպատակով պետությունը թույլատրում է փոխանակել առավելագույնը 500 դոլարին համարժեք դրամ, ինչն ուղղակիորեն անհնար է դարձնում դեպի Հայաստան շրջագայությունը»:

Դավիթ Թորոսյանի դիտարկման արդյունքում պարզվել է, որ գրասենյակի ծառայություններից օգտվողների գերակշիռ մասը անգլիախոսներ են` 3072 մարդ (60.44%), որոնց հետևում են ֆրանկոֆոնները. նրանց թիվը 1598 (31.44%), եռյակը եզրափակում են ռուսախոսները, որոնց թիվը 412 է, կամ 8.10%: Այս եռյակը գերակշռել է նաև 2018թ.-ին:

Իհարկե, քիչ չեն այն զբոսաշրջիկները կամ այցելուները, ովքեր թեպետ չեն օգտվել գրասենյակի ծառայությունից, սակայն այցելել են թերակղզու տարածք ինքնուրույն կազմակերպել ժամանցային ծրագիրը:
Հուլիս-նոյեմբեր ամիսներին այդ թիվը եղել է 158.612, որոնց գերակշիռ մասը եղել են Եվրոպայից ժամանածները` 16.55%, կամ 26.256 զբոսաշրջիկ: Ցուցակը եզրափակում են Իրաքից (372), Ուկրաինայից (296) և Անգլիայից (260) ժամանածները:

Ամփոփելով զբոսաշրջային հիմնական ժամանակահատվածը` Դավիթ Թորոսյանը հավելում է, որ այս տարի հոսքը եղել է բավականին մեծ: Եթե 2015թ-ին տեղեկատվական շարժական գրասենյակի ծառայություններից օգտվել են 21.527 զբոսաշրջիկ, 2016թ-ին` 32.878, 2017թ-ին` 83.044, 2018թ.-ին` 131.229, ապա 2019թ.-ին տեղեկատվական գրասենյակը սպասարկել է 158.612 զբոսաշրջիկի:

Ինչպես նշում է Դավիթ Թորոսյանը, տեղեկատվական գրասենյակի կողմից մատուցվել են հետևյալ ծառայությունները` ինֆորմացիայի տրամադրում գլոբալ առումով, ինչպես նաև Սևան քաղաքի և հարակից համայնքների վերաբերյալ, տուօպերատորների ծառայություններից չօգտված անձանց համար տուրիստական ուղղություններն ընդգրկող քարտեզի կազմում, զբոսաշրջիկներին անվճար քարտեզների, բուկլետների, ուղեցույցների տրամադրում տարբեր լեզուներով, զբոսաշրջիկների ցանկությամբ հյուրանոցներում, քոթեջներում, ռեստորաններում ամրագրումներ, տաքսիների և ջրային տրանսպորտի միջոցների ամրագրում, ինչպես նաև գիդի գործառույթ` անվճար հիմունքներով:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button